Շուշիի, Հադրութի, Բերձորի, Աղավնոյի հայերի էթնիկ զտումից հետո Ադրբեջանն անցնում է ամբողջ Արցախի էթնիկ զտմանը․ Կարեն Վրթանեսյան

Երևանի ավագանու ընտրությունները մի հերթական, ստանդարտ օրակարգ չէ՝ որևէ հիմար լուսանկարի, Մարիամ Փաշինյանի քթի կամ զգեստի պես։ Երբ ասում ենք, որ սրանք օրակարգերը լցնում են իրենցով, խոսքն առաջին հերթին նման էմոցիոնալ թեմաների մասին է, բայց ավագանու ընտրությունները քաղաքական գործընթաց են, չենք կարող այն դիտարկել՝ որպես օրակարգից շեղում։ Այն, որ դրա շուրջ մեծ աղմուկ է լինելու, ենթաօրակարգեր են ձևավորվելու, իհարկե, փաստ է, և քանի որ սա քաղաքական գործընթաց է, արդեն բավական լուրջ քննադատություն կա, թե ինչո՞ւ ընդդիմությունը «ծանր հրետանիով» չի մասնակցում դրանց։ Եթե ընդդիմությունն իր ենթակառուցվածքներով, ասելիքով, խոսույթով պատրաստ լիներ այս ընտրությանը, սա կարևոր մարտադաշտ կդառնար, որում ընդդիմությունը կարող էր ինչ-որ ձեռքբերումներ ունենալ՝ եթե ոչ բուն ընտրություններում, գոնե իր ասելիքն ու խոսույթը տարածելու առումով, ու երևի դեռևս ուշ չէ, գուցե բավական խոսելու բան լինի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«Օրինակ՝ նորահայտ մեծահարուստ Տիգրան Ավինյանի մեքենայությունների մասին աղմուկ հանած տեսանյութը շատ կարևոր տարր է այդ խոսույթում՝ ցույց տալու, թե ինչ է կատարվում, ապացուցելու, որ այս իշխանությունները, որոնք եկան ինչ-որ թալանի դեմ պայքարի դրոշներ ծածանելով, իրականում եկել են իրենց ֆինանսական խնդիրները լուծելու։ Դա ի սկզբանե էլ հասկանալի էր, բայց շատերը հավատացին իրենց, ու սա շատ լավ առիթ է՝ բազմաթիվ օրինակներով մատնացույց անելու, թե ինչ է կատարվել Երևանում այս հինգ տարում։ Եթե ընդդիմությունը կարողանա այդ առիթից օգտվել, շատ լավ կլինի»,- ասաց հասարակական գործիչը։

«Արցախում կատարվողը դեռևս չարժե ցեղասպանություն բառով որակել։ Շրջափակման առաջին իսկ օրվանից այդ բառը կիրառվում է, բայց սկզբում վիճակն այդքան էլ ծանր չէր, հիմա շատ ավելի ծանր է, ու ցավոք՝ կարող է էլ ավելի ծանր լինել։ Բայց այն, որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտում իրականացնել, և 44-օրյա պատերազմի արդյունքներով, ըստ էության, արդեն իրականացրել է էթնիկ զտում Հադրութում, Շուշիում, դրանից հետո՝ արդեն Աղավնոյում, Բերձորում, դա փաստ է։ Երևանի ավագանու ընտրությունները, այո՛, չպետք է շեղեն Արցախի օրակարգից, գոնե ընդդիմությանը չպետք է շեղեն։ Եթե խոսում ենք շեղող օրակարգերից կամ օրակարգ պարտադրելուց, ամենալուրջ խնդիրն այն է, որ ընդդիմությունը սեփական օրակարգ գրեթե չի կարողանում գեներացնել։ Շատ քիչ դեպքերում է, որ այս օկուպացիոն վարչակարգի դեմ պայքարող ուժերը կարողանում են օրակարգերի դաշտ գրավել, ամենաթարմ օրինակը «Հայաքվեն է»,- նշեց Կարեն Վրթանեսյանը։

Կարդացեք նաև

Ռազմական փորձագետի կարծիքով՝ իշխանությունները շատ լուրջ սխալ թույլ տվեցին՝ սկզբում փորձելով «Հայաքվեին» տարբեր ձևերով խանգարել, դա ավելի մեծ աղմուկ ու վրդովմունք առաջացրեց և աշխատեց իրենց դեմ․

«Այն միֆը, որը հենց ինքը՝ ռեժիմն է իր դեմ ստեղծում, իբր՝ իրենց դեմ խաղ չկա, փշրվեց, և շատ լավ երևաց, որ լավ էլ խաղ կա, կան ինչ-որ գծեր, որոնք եթե հատվում են, իսկ հակառակ կողմը կարողանում է դա ճիշտ ներկայացնել, այդ գծերը հատելն իրենց դեմ է աշխատում։ Ակտիվ քաղաքացիները, լրագրողները, այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ մասնակցելու են թեկնածուների հետ ինչ-որ հանդիպումների, պետք է հստակ հարց ուղղեն, թե ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքն Արցախի Հանրապետությանը, Արցախի հայերի ինքնորոշման իրավունքին, Արցախի ապագային։ Եթե ասեն՝ դա Երևան քաղաքի հետ կապ չունի, կստեն, շատ ուղիղ կապ ունի, ի վերջո՝ Երևանը Հայաստանի բնակչության ավելի քան մեկ երրորդն է, և կարևորագույն հարցն անվտանգությունն է։ Ի վերջո, Երևանն ինչ-որ անմարդաբնակ կղզու վրա չէ՝ իր բոլոր թշնամիներից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Երևանը բավական մոտ է Նախիջևանին և Թուրքիայի հետ սահմանին, մենք ունենք շատ լուրջ անվտանգային խնդիրներ»:

«Այս բոլոր խնդիրների մասին պետք է հարցնել բոլոր թեկնածուներին, և դա պետք է անել ոչ թե մեկ անգամ, այլ հետևողական ձևով պատասխաններ ստանալ գոյաբանական հարցերի վերաբերյալ։ Օրինակ՝ եթե որևէ թեկնածու Արցախը շատ կարևոր հանգամանք է համարում, օրակարգի կարևոր թեմա, ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Այդ դեպքում խուսափելու, խուսանավելու տեղ չի մնա, ու հստակ կերևա, թե որ թեկնածուներն ինչի համար են այդտեղ առաջադրված»,- ամփոփեց Կարեն Վրթանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս