«Այսօր արդեն գիտենք, որ մեր խոստումների զգալի մասը չենք անում, ինչ էլ պլանավորվում է, դրա կեսն էլ չի արվում». Ինչո՞ւ հանկարծ անկեղծացավ Վահան Քերոբյանը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսերի նախնական քննարկումների ժամանակ օրերս էկոնոմիկայի նախարարը, իր կամքից անկախ, սկանդալային արձանագրում կատարեց. բացահայտեց, թե ինչ է կատարվում կառավարությունում՝ վարագույրներից այն կողմ, կարծելով, որ քննարկումները փակ են։

Վահան Քերոբյանը, որը ոչ պակաս էնտուզիազմով մշտապես խոսում է կառավարության ձեռքբերումների ու հաջողությունների, արձանագրվող բարձր տնտեսական աճերի ու տնտեսության զարգացումների մասին, իրեն թվացած փակ քննարկման ռեժիմում բացեց կառավարության ավգյան ախոռները, դժգոհեց, որ կառավարության ծրագրերով, հաստատված ռազմավարական փաստաթղթերով ու ընդունված օրենքներով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար փող չկա, կամ կա, բայց իրենց չեն տալիս։

Հաջորդ տարվա բյուջետային հայտով էկոնոմիկայի նախարարությունը 138,7 մլրդ դրամ է խնդրել՝ նախատեսված ծրագրերը կատարելու համար, բայց հաստատվել է ընդամենը 84,8 միլիարդը։ Շուրջ 54 միլիարդի հայտը մերժվել է։

Դա նշանակում է, որ խոստացված ծրագրերը չեն կատարվելու. «Այսօր արդեն գիտենք, որ մեր խոստումների զգալի մասը չենք անում, որովհետև ՄԺԾԾ-ով փողը դրած չէ»։

Բյուջեով հաստատված միջոցներն անգամ ամբողջությամբ չեն տրամադրվում։

Վերաբաշխումների արդյունքում նախատեսված ծախսերի զգալի մասը չի կատարվում։

«Ընդ որում, այն, ինչ էլ պլանավորվում է, դրա կեսն էլ չի արվում։ Եթե վերցնենք անցած տարվա իրականությունն ու կանխատեսումը, ապա այնքան շատ վերաբաշխումներ են եղել, որ մեր սկզբնական ծրագրի երևի մի 60 տոկոսն է իրականացվել։

Այսինքն՝ այն, ինչ պլանավորում ենք, դրա մի մասն էլ հաստատ չի լինելու»,- թվացյալ փակ քննարկումների ժամանակ խոստովանում էր էկոնոմիկայի նախարարը։

Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե փողի խնդիր չունեն։ Խնդիրը ծրագրերի մեջ է։ Հիմա էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե ծրագրերը կան, իսկ կառավարությունը փողը չի տալիս։

Փող տվողն առաջին հայացքից ֆինանսների նախարարությունն է, որն ընդունում ու հաստատում է նախարարությունների և գերատեսչությունների բյուջետային հայտերը։ Բայց հասկանալի է, որ, ի վերջո, որոշողը Նիկոլ Փաշինյանն է։ Ու եթե էկոնոմիկայի նախարարությանը նախատեսված ծրագրերն իրականացնելու համար փողը չեն տալիս, նշանակում է, չտվողը Նիկոլ Փաշինյանն է։

Ինչպես Վահան Քերոբյանն է ասում, այդպիսով «սուզում կամ խորտակում են» իրենց ծրագրերը, խոստումները մնում են չկատարված։

Այն, որ կառավարությունը չի կատարում իր խոստումները, նորություն չէ։ Մարդիկ դրանում վաղուց համոզվել են, ու դա միայն էկոնոմիկայի նախարարությանը չի վերաբերում։ Գրեթե բոլոր ոլորտներում էլ այդպես է։

Մեկ բան հիշեցնենք. ժամանակին խոստանում էին երջանիկ ապագա ու բարեկեցիկ կյանք, տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Իրենց կյանքը բարելավել են, իսկ հասարակության գրեթե կեսն աղքատության մեջ է։

Այս ամենը, իհարկե, նորություն չէ։ Նորությունն այն է, որ կառավարության խոստումները չկատարելու մասին հայտարարում է մեկը, ով բաց ելույթներում գովերգում է կառավարությանը, խոսում խոստումները ժամանակից շուտ կատարելուց ու գերակատարելուց։ Իսկ ահա հասարակության աչքից հեռու այլ իրականություն է ներկայացնում։ Իրականություն, որը կառավարությունը մշտապես փորձում է խնամքով թաքցնել։

Կհանդուրժի՞ էկոնոմիկայի նախարարի այս հանդգնությունը Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ, առաջիկայում կտեսնենք։

Զարմանալի չի լինի, եթե մոտ ժամանակներս Վահան Քերոբյանը, հանգամանքների բերումով, հարկադրված լինի հրաժեշտ տալ իր պաշտոնին։

Թեև, եթե էկոնոմիկայի նախարարն այդքան սկզբունքային է, պարտավոր է ինքնակամ հեռանալ։

Բայց նման սցենարի հավանականությունը գրեթե բացառվում է։ Անգամ նախկինում ունեցած բազմաթիվ զավեշտալի հայտարարություններից հետո Վահան Քերոբյանը շարունակեց պաշտոնավարել։

Չնայած էկոնոմիկայի ոլորտում տեսնում ենք նրա արձանագրած «հաջողությունները»։

Երկնիշ տնտեսական ակտիվության պայմաններում առաջին կիսամյակում արդյունաբերության մեջ գրանցվել է ընդամենը 1 տոկոս աճ։

Գյուղատնտեսության ոլորտի աճն էլ հազիվ 2 տոկոս է՝ հինգ տարվա անընդմեջ անկումից հետո։

Այս ցուցանիշները վկայում են, թե մինչև հիմա էկոնոմիկայի նախարարության իրականացրած ծրագրերն ու կատարված աշխատանքներն ինչ արդյունք են տվել։

Նույն գյուղատնտեսության ոլորտում միլիարդներ են ծախսվել, տարբեր ծրագրեր սուբսիդավորվել, հսկայական գումարներ հատկացվել գյուղատնտեսական վարկերի տոկոսների փոխհատուցման համար, իսկ արդյունքներն այսպիսին են. առաջին եռամսյակի անկումից հետո, կիսամյակի արդյունքում 2 տոկոս աճ է գրանցվել, բայց տարեվերջին դեռ բավական ժամանակ կա, ու մեծ հարց է, թե ինչ կունենանք տարեկան կտրվածքով։

Թեև սա բոլորովին էլ չի արդարացնում Նիկոլ Փաշինյանին ու իր ղեկավարած կառավարությանը։ Ինչո՞ւ են ընդունվում ծրագրերն ու օրենքները, եթե դրանցից բխող աշխատանքները կատարելու համար միջոցներ չեն հատկացվում։

Ենթադրությունը մեկն է՝ ինչպես միշտ, աչքակապությամբ են զբաղված։

Արտաքուստ ցույց են տալիս, թե իբր գործ են անում, ծրագրեր են գրում ու ընդունում, օրենքներ են փոխում ու վերափոխում, տպավորություն են ստեղծում, որ տնտեսություն են զարգացնում, մարդկանց կյանքն են բարելավում, մեծ փողեր են ծախսում տնտեսական ծրագրերի իրականացման համար, իսկ իրավիճակը շատ տխուր է։ Գումարներն էլ, որ հատկացվում են, հաճախ չեն ծառայում իրենց նպատակին, գնում են բոլորովին այլ ուղղությամբ, այլ նպատակների համար։ Արդյունքներն էլ, բնականաբար, այսպիսին պիտի լինեն։

Ու որքան էլ հասարակության աչքից հեռու Քերոբյանը դժգոհի, թե տված խոստումները չեն կատարում, որովհետև կառավարությունը կամ ֆինանսների նախարարությունը պահանջված փողը չի տալիս, խնդիրը ամենևին էլ փողի մեջ չէ։ Խնդիրը կառավարության աշխատանքի որակի մեջ է, որը չի փայլում իր արդյունավետությամբ։ Հինգ տարում երկիրը հասցրել են այն վիճակին, երբ բացահայտ խոսում են պետության լինել-չլինելու մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս