Մեծ հետաքրքրություն ունեցող ռազմական գործերի հրապարակային դատաքննությունը երաշխիք է և՛ մեղադրյալների իրավունքների ապահովման, և՛ հասարակության անուղղակի վերահսկողության առումով. Մարտիկ Մարտիրոսյան

Օրերս Դատալեքսից տեղեկացանք, որ դատարանում քննվող գործով 18 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի զինծառայող, ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից՝ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի համապատասխան հրամանով Արցախի Հանրապետություն մեկնելուց և Պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայության անցնելուց, որը զուգորդվել է դրա փաստացի չկատարմամբ»:

Այլ մանրամասներ հայտնի չեն՝ զորամասո՞ւմ են եղել, թե՞ դիրքերից չեն իջել, բայց ունենք դեպք, երբ ռազմական դրության ժամանակ զինծառայողները չեն ենթարկվել կորպուսի հրամանատարի հրամանին:

Ի՞նչ գործողություններ պիտի անմիջապես հաջորդեն ռազմական դրության ժամանակ տեղի ունեցած նման դեպքերին, երբ կորպուսի հրամանատարը հրաման է արձակել, և չեն ենթարկվել, ի՞նչ պիտի անի նա, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և գերագույն գլխավոր հրամանատարը:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է զինվորական և քրեական գործերով փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի հետ:

Կարդացեք նաև

Նկարագրված դեպքն առերևույթ հանցագործության մասին է։ Ընդ որում, ռազմական դրության ժամանակ տեղի ունեցած հանցագործության մասին է խոսքը, որի պարագայում կատարված հանցագործության հանրային վտանգավորությունն էլ ավելի է մեծանում, և փաստացի գործ ունենք առերևույթ ծանր հանցագործության դեպքի հետ։

Եթե հարցին մոտենում ենք քրեաիրավական տեսանկյունից, ապա անհրաժեշտ էր անհապաղ առերևույթ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին, որոնք իրենց հերթին՝ սեղմ ժամկետներում պետք է նախաձեռնեին քրեադատավարական վարույթ և ապահովեին գործի պատշաճ քննություն։

Քանի որ այդ արարքի պատճառով վտանգվել է մարտական խնդրի կատարումը, ապա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պետք է անհրաժեշտ հրամաններ արձակեր մարտական խնդրի կատարումն ապահովելու համար, թե կոնկրետ ինչ բովանդակությամբ հրաման, անկեղծ ասած, իմ մասնագիտական շրջանակներից դուրս է։

Ինչ վերաբերում է գերագույն հրամանատարին, ապա հարկ եմ համարում նշել, որ ՀՀ վարչապետը պատերազմ հայտարարելու դեպքում համարվում է ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարը, և չնայած պատերազմ հայտարարված չի եղել ՀՀ-ում, եղել է ընդամենը ռազմական դրություն, սակայն փաստացի վարչապետը հանդես է եկել որպես գերագույն հրամանատար, իսկ Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է և պատերազմի ժամանակ ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար՝ վարչապետն ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ։ Ուստի, քննարկվող իրավիճակում, կարծում եմ, անհրաժեշտ որոշումներ պետք է ընդունվեր, իրավիճակից դուրս գալու և հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։

Խնդիրն առավել մանրամասն մասնագետների կողմից ենթակա է ուսումնասիրության հատկապես այն առումով, թե ինչ գործոններ են ազդել զինծառայողների վրա իրենց առջև դրված մարտական խնդիրը չկատարելու համար։ Արդյո՞ք եղել է վախի ազդեցությունը, թե՞ այլ գործոններ ևս առկա են եղել։ Կարծում եմ, տեղի ունեցած քննությունն այդ հարցերին նույնպես պետք է պատասխաներ։

Ի դեպ, 44-օրյա պատերազմի օրերին եղել են նաև դեպքեր, երբ հարազատները փակել են պայմանագրայինների ճանապարհը, որպեսզի նրանք չգնան Արցախ՝ մասնակցելու մարտական գործողություններին: 2022 թվականի հոկտեմբերին մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել էին, որ 2020թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, և, որ նախաքննությունը շարունակվում է: Մենք օրերս լրացուցիչ հարցում ենք ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու՝ այս պահի դրությամբ ինչ փուլում է գործը: Իսկ մինչ այդ կխնդրեի, որ նմանօրինակ դեպքերի հետ կապված ընթացակարգը ներկայացնեիք և ըստ աստիճանակարգի համապատասխան անձանց պատասխանատվության չափը:

Նախ խնդրահարույց է, որ գործի նախաքննությունը շարունակվում է մինչև օրս։ Սա նշանակում է, որ տևական ժամանակ անձանց մեղադրանքներ չեն առաջադրվել կամ առաջադրվել են և խիստ դանդաղ են քննում։ Պետք է նկատի ունենալ նաև, որ նկարագրվածը եղել է հրապարակային և մի քանի անձանց մասնակցությամբ, ուստի գործի քննությունը ևս պետք է արագ իրականացվեր՝ հաշվի առնելով, որ այն բարդություն չի ներկայացնում բացահայտման տեսանկյունից։ Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն գործող քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանվել են քրեական հետապնդման ժամկետներ, որոնք ուժի մեջ են 2023 թվականի հունվարի 1-ից։

Մասնավորապես, մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդումն այն հարուցելու պահից չի կարող տևել ավելի, քան`

1) երեք ամիս` ոչ մեծ ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով,

2) հինգ ամիս` միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով,

3) ութ ամիս` ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով,

4) տասն ամիս` առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով:

2. Բացառիկ դեպքերում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, վերադաս դատախազը հսկող դատախազի միջնորդությամբ իրավասու է երկարաձգելու ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ մեղադրանքով հանրային քրեական հետապնդման ժամկետները՝ առավելագույնը մեկ ամսով, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ մեղադրանքով քրեական հետապնդման ժամկետները՝ առավելագույնը երկու ամսով:

Այս իրավակարգավորումը նորույթ է և վարույթն իրականացնող մարմինները ստիպված են արագ գործել հանրային քրեական հետապնդում հարուցելու (որը հավասար է մեղադրյալ ներգրավելուն) դեպքում, սակայն առկա են իրավիճակներ, որ առկա են բավարար տվյալներ մեղադրյալ ներգրավվելու համար, անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվում հենց այդ ժամկետների պատճառով։

Ինչ վերաբերում է կոնկրետ ընթացակարգերին, ապա ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի կարգավորումների համաձայն՝ զորամասի հրամանատարն առերևույթ հանցագործության մասին պարտավոր է անմիջապես զեկուցել վերադաս հրամանատարներին, ինչպես նաև հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին։ Նույնաբովանդակ կարգավորում սահմանված է նաև ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքով։ Տվյալ ժամանակ գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անհրաժեշտ էր նյութերը նախապատրաստել և լուծել քրեական գործ հարուցելու հարցը։ Իրականացնել գործի քննություն՝ արագ և մանրակրկիտ։ Հատկապես ընթացող պատերազմի ընթացքում գործի քննության արագությունը կարևոր նշանակություն ունի, իհարկե, դա չպետք է լինի ի հաշիվ գործի մանրակրկիտ քննության։

Այս տարվա փետրվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում հայտարարել էր. «Չնայած գործի բարդությանը, շատ մեծ քանակով ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը, պետք է որոշակի ժամկետային սահմանափակումներ դնենք այս գործերի (44-օրյա պատերազմին առնչվող.- Մ.Պ.) քննության հանգամանքում, պետք է հասկանանք, որ անսահման չի ժամանակը: Այն ակնկալիքները, որ ունի Քննչական կոմիտեն և հանրությունն այս գործի քննության ընթացքի վերաբերյալ, պետք է կարճ ժամանակում բավարարվեն»: 

Արդյո՞ք սա չի խոսում պատերազմական դրվագներով հարուցված քրեական գործերն արհեստականորեն արագացնելու մասին: Առհասարակ, Ձեզ բավարարո՞ւմ են պատերազմական գործերի քննությունները, որքան որ տեղյակ եք: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 11-12-ին, ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացվել է նոր մասերով՝ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսելով նաև առաջին անգամ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար: Այս փոփոխությունը չարաշահումների մեծ ռիսկ չի՞ պարունակում, հատկապես զինվորական գործերով քննությունների ընթացքում օրենքի այս դրույթը կիրառելով՝ ի՞նչ հետևանքներ կլինեն:

– Նախ՝ գործերի քննության ժամկետների մասին։ Իրականում դրանք արդեն իսկ պետք է ավարտված լինեին։ Պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության ընթացքում պետք է առավել շատ տեղեկություններ ներկայացվեն հասարակությանը։

Կրկին գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ «Նախաքննության տվյալների հրապարակումն արգելվում է, եթե դա կարող է`

1) խոչընդոտել մինչդատական վարույթի բնականոն ընթացքին,

2) դառնալ հանցանքի կատարման պատճառ,

3) վտանգել վարույթի մասնակիցների կամ այլ անձանց իրավունքները կամ իրավաչափ շահերը,

4) հանգեցնել օրենքով պահպանվող գաղտնիքի հրապարակման»։

Մինչդեռ, շատ դեպքերում գրեթե տեղեկություններ չեն ներկայացվում, երբեմն պետական հեռուստատեսությամբ հայտարարում են, որ որևէ բարձրաստիճան սպայի մեղադրանք են առաջադրել, և վերջ։ Ավելին, անգամ շատ մեծ հետաքրքրություն ունեցող գործերի քննությունն ամբողջությամբ անցկացվում է դռնփակ, որը նույնպես խնդրահարույց է, քանի որ հրապարակային դատաքննությունը կարևոր երաշխիք է մի կողմից՝ մեղադրյալների իրավունքների ապահովման, մյուս կողմից՝ հասարակության անուղղակի վերահսկողության համար։

Ինչ վերաբերում է պատերազմի վերաբերյալ առկա քրեական գործերի քննությանը, ապա պետք է նշեմ, որ իրականում բավականին բարդ է իրավական գնահատական տալ պատերազմի ժամանակ սպաների գործողություններին՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է անփութությամբ կատարվող հանցագործություններին, նման մեղադրանքները խնդրահարույց են։ Քանի որ ընթացող մարտական գործողությունների ընթացքում միշտ առկա է որոշակի ռիսկ։ Օրինակ՝ զորքերի տեղակայակումը որոշակի հատվածներում ամբողջությամբ կամ մասամբ կարող է ճիշտ չլինել, սակայն մարտական գործողությունների ընթացքում իրավասու զինծառայողը պարտավոր է որոշում կայացնել։

Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությանը, որով հնարավորություն է ստեղծվում պատժի կրումից ազատել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց, ապա այն, իրոք, չարաշահումների մեծ ռիսկ է պարունակում, իսկ զինվորականների նկատմամբ կիրառելու դեպքում առաջ է բերելու մեծ թվով անձանց դժգոհություններ։ Հատկապես պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների քննությունների գործերով շատ դեպքերում տուժողները կամ տուժողների իրավահաջորդները պահանջում են ամենախիստ պատիժը։ Այս պարագայում ես կարևորում եմ, որ գործերն արդար քննվեն, և մարդիկ հստակ իմանան՝ նրանց, ում այսօր մեղադրում են, իրականում հանցագործնե՞ր են, թե՞ պրոֆեսիոնալ զինվորականներ։

– Մի փոքր շեղվենք բուն թեմայից: Բանակում, ՀՀ զինված ուժերում բարեփոխումներ են կատարվում, տարբեր ծրագրեր են ներդրվում, ըստ Ձեզ՝ դրանք հաշվարկա՞ծ քայլեր են, արդյո՞ք դրանց հետ կապված ռիսկերը հաշվի առնվում են:

– Կարծում եմ՝ ցանկացած փոփոխություն պետք է գնահատվի արդյունքի տեսանկյունից։ Ինչ վերաբերում է տարբեր ծրագրերին, ապա դրանք բավարար չեն պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացելու համար։ Բացի այդ, հարցը պետք է ուսումնասիրել համեմատության մեջ՝ հասկանալու համար, թե ինչ առաջնահերթություններ են սահմանված պետության կողմից։

Եթե պարեկային կամ այլ ծառայողների աշխատավարձն ավելի բարձր է, քան զինծառայողներինը, ապա պարեկային ծառայությունն ավելի գրավիչ է, քան զինվորական ծառայությունը։

– Ի դեպ, օրենքի սահմաններում ո՞րը պիտի լինի զինվորականի կարմիր գիծը պատերազմող երկրում, այսինքն, ո՞ր դեպքում իրականում կարող է համարվել չեզոքության խախտում, ո՞ր դեպքում՝ ոչ: Այս թեմայի շուրջ տարբեր են կարծիքները, երբ դեռ ԳՇ-ն 2021 թվականի փետրվարի 25-ին պահանջեց Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Երկրի ղեկավարությունը դա համարեց ռազմական հեղաշրջում, այն դեպքում, երբ 2018-ին Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները միացել էին քաղաքական ակցիայի, և, մեծ հաշվով, պատասխանատվություն չկրեցին, ընդամենը եղել են ինչ-որ ձևական տույժեր, իսկ հրամանատարը կարճ ժամանակ անց բարձր պաշտոն ստացավ:

– Խոսքը ՀՀ սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի՝ քաղաքական չեզոքություն պահպանելու մասին է։ Ինչ վերաբերում է հեղաշրջում, առավել ևս՝ զինված հեղաշրջում անելուն, ապա նման դեպք անգամ չի եղել։ Ավելին, որևէ իրավական վարույթ (այդ թվում՝ քրեական, կարգապահական, վարչական և այլն) չի նախաձեռնվել այդ հայտարարության կապակցությամբ։ Ես ինքս նույնպես ուսումնասիրել եմ այդ հարցը և եկել այն եզրահանգման, որ անգամ կարգապահական վարույթ չի կարող նախաձեռնվել այդ հայտարարության կապակցությամբ։ Երբևէ հրաման չի արձակվել այն մասին, որ որևէ զինվորական զինված ուժերից արձակվել է քաղաքական չեզոքությունը խախտելու համար։ Այլ հարց, որ որոշ բարձրաստիճան զինվորականների ծառայությունից արձակելը կարող է կապված լինել հենց այդ հայտարարության հետ, սակայն իրավական փաստաթղթերում նման ձևակերպում առկա չէ։

Ինչ վերաբերում է 2018 թվականի իրադարձություններին, ապա, կարծում եմ, նրանց նկատմամբ կարգապահական վարույթ է իրականացվել «Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելու» կամ այլ զանցանքի հիմքով, բայց ոչ քաղաքական զսպվածությունը խախտելու համար, քանի որ չկա պատասխանատվություն քաղաքական զսպվածությունը խախտելու համար։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2023 թվականի ապրիլի 13-ին կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտել մայիսի 6-ին։ Նշված փոփոխություններով սահմանվել է նաև, որ զինծառայողներն իրավունք չունեն զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով մասնակցելու հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման։ Նույնաբովանդակ կարգավորում սահմանված է նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով։

Փոփոխություններով սահմանել է նաև, որ զինծառայողներն իրավունք չունեն անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով հրապարակային հնչեցնելու ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչեր կամ հայտարարություններ։ Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենքի համաձայն՝ զինծառայողն իրավունք չունի ստեղծելու կամ անդամագրվելու նաև արհեստակցական միության, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը։

Մասնավորապես, ՀՀ սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ՝ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք: Հետևաբար, Սահմանադրության համաձայն՝ զինծառայողները ևս կարող են ստեղծել արհեստակցական միություններ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար։

Ինչ վերաբերում է կուսակցություններին անդամագրվելու բացարձակ արգելքին, ապա, իմ կարծիքով, դա նույնպես չի համապատասխանում Սահմանադրությանը։ Մասնավարապես՝ ՀՀ սահմանադրության 46-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության: Դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ: Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ:

Ինչպես երևում է՝ սահմանադրությամբ բացարձակ արգելք նախատեսված է դատավորների, դատախազների և քննիչների համար, մինչդեռ զինծառայողների հարցում առկա են ընդամենը սահմանափակումները։ Այս պայմաններում բացարձակ արգելքը չի կարող համապատասխանել Սահմանադրությանը։

Փոփոխություններով սահմանված կարգավորումները և մինչ այդ առկա կարգավորումները որոշ դեպքերում խնդրահարույց են։ Օրինակ՝ եթե զինծառայողները կոլեկտիվ կերպով ծառայության հարցերով որևէ հարց (օրինակ՝ նշեն, որ զորանոցային պայմանները բավարար չեն) բարձրացնեն Պաշտպանության նախարարի կամ վարչապետի մոտ, կամ դիմեն Մարդու իրավունքների պաշտպանին, արդյո՞ք խախտած կլինեն նշված սահմանափակումը։

Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին, ապա խիստ դժվար է որոշել՝ ո՞ր դեպքում է առկա քաղաքական հայտարարություն, ո՞ր դեպքում՝ ոչ։ Իրավական ակտերով այդպիսի կարգավորում առկա չէ։ Եթե զինծառայողն իր համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում թեկնածուների առջև բարձրացնի համայնքում ջրամատակարարման կամ աղբահանության հարցը, արդյո՞ք խախտած կլինի այդ սահմանափակումը։ Ես կարծում եմ, որ այդտեղ խախտում չի լինի, ավելին, զինծառայողի կարգավիճակով պայմանավորված՝ անձը չի կարող զրկվել իր համայնքի հարցերին մասնակցելու հնարավորությունից։

Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ մինչև օրս ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքում պատասխանատվություն նախատեսված չէ զինծառայողի կողմից քաղաքական չեզոքությունը խախտելու համար։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է հարցը կարգավորել օրենսդրական մակարդակով, որի արդյունքում բոլոր այն դեպքերում, երբ զինծառայողն առերևույթ կխախտի քաղաքական զսպվածության սկզբունքը, կիրականացվի կարգապահական վարույթ, որի արդյունքները հնարավոր կլինի բողոքարկել։ Հակառակ պարագայում՝ զինծառայողին պաշտոնից ազատելու մտադրությունը կարող է առաջանալ այն պատճառով, որ նա քաղաքական կամ զինվորական ղեկավարության կարծիքով խախտում է քաղաքական չեզոքությունը, սակայն նրան կարող են ազատել այլ հիմքերով։

Տեսանյութեր

Լրահոս