Ընկել են փոքր բիզնեսի հետևից

Խոշորներին թողած՝ կառավարությունն ընկել է փոքր բիզնեսի հետևից։ Այս ամսվանից միկրոձեռնարկատերերը ստիպված կլինեն գործել շատ ավելի ծանր հարկային դաշտում։ Այլևս չեն օգտվելու եկամտային հարկի արտոնությունից։ Նախկին 5 հազար դրամի փոխարեն՝ կվճարեն աշխատավարձի 20 տոկոսը, ինչը հարկային բեռի առնվազն 4 անգամ ավելացում է նշանակում։

Բայց փոքր բիզնեսին ճնշելու կառավարության քայլերը դրանով չեն սահմանափակվի։

Պատրաստվում են վերանայել և չեղարկել շրջանառության հարկը, որտեղ գործող փոքր բիզնեսը համեմատաբար թեթև հարկային դաշտում է աշխատում։

Ժամանակին դա արվել էր՝ փոքր բիզնեսի համար գործելու նպաստավոր պայմաններ ապահովելու համար։ Շրջանառության հարկի դաշտում գործող բիզնեսը, տեսակից կախված, վճարում է մինչև 5 տոկոս հարկ։ Հիմա կառավարությունը պատրաստվում է փոքրերին տեղափոխել ընդհանուր հարկային դաշտ և հարկել՝ ինչպես ԱԱՀ-ով, այնպես էլ՝ շահութահարկով։

Կարդացեք նաև

Սա փոքր բիզնեսի համար կարող է մահացու հետևանքներ ունենալ։ Բայց կառավարությանը դա քիչ է հետաքրքրում։ Միայն բյուջե փող բերելու մասին են մտածում։ Դա էլ անում են ոչ թե ստվերի կրճատման, այլ հարկային բեռն ամենուրեք ավելացնելու ճանապարհով։

Երբ նոր էին եկել իշխանության՝ փոքր բիզնեսին ոսկե սարեր էին խոստանում։ Ոչ միայն շրջանառության հարկի շեմը բարձրացրին ու հնարավորություն տվեցին, որպեսզի այդ դաշտում շատ ավելի մեծ քանակությամբ տնտեսվարողներ գործեն, այլև միկրոձեռնարկատիրության ինստիտուտը ներմուծեցին։ Հայտարարեցին, թե այս հատվածում ձևավորվող հարկերն իրենց քիչ են հետաքրքրում։ Պետք է միայն գրանցվել հարկային մարմիններում, այն էլ՝ հաշվառման նպատակով։

Հաշվառեցին պրծան՝ անցան հարկային բեռի ավելացման։ Հուլիսի 1-ից միկրոբիզնեսը զրկվեց եկամտային հարկի արտոնությունից։ Մինչ այդ՝ գրանցված յուրաքանչյուր աշխատողի համար, անկախ աշխատավարձի չափից, վճարում էին 5 հազար դրամ եկամտային հարկ, այսուհետ կվճարեն աշխատավարձի 20 տոկոսի չափով։ Այնպես, ինչպես մյուս բոլորը։

Եկամտային հարկի 20 տոկոսը միկրոբիզնեսի յուրաքանչյուր աշխատողի վրա կնստի առնվազն 20 հազար դրամ։

Եթե միկրոբիզնեսն ունի այդպիսի, ասենք՝ հինգ աշխատող, ստիպված կլինի վճարել ամսական ամենապակասը 100 հազար դրամ։ Նախկինում հինգ աշխատողի համար վճարում էին ընդամենը 25 հազար դրամ։

Չհաշված, որ խնդիրներ է ունենալու նաև իրացման առումով։ Միկրոբիզնեսի տված հաշիվ-ապրանքագիրն այլևս ծախսերը նվազեցնելու հիմք չէ այլ տնտեսվարողների համար։

Նրանք հակված չեն լինելու վերցնել և իրացնել այն ապրանքները, որոնք արտադրում է միկրոբիզնեսը։ Դա իրացնողին ձեռնտու չէ, որովհետև ինքն է ստիպված լինելու վճարել մյուս հարկերը՝ առանց ծախսերը նվազեցնելու հնարավորության։

Այդ փաստաթղթերով այլևս ծախսագրում չի կարող անել, որովհետև կառավարությունը որոշել է, որ դա միջոց է խոշոր բիզնեսի համար՝ շրջանցելու իր հարկային պարտավորությունները։

Սա այն հարկման համակարգն է, որը ներդնելուց իշխանության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով հայտարարում էին, թե  չտեսնված-չլսված առավելություն է միկրոբիզնեսի համար։ Այդպիսով միկրոբիզնեսին խաբեցին՝ բերեցին հարկային դաշտ, հիմա գլխներին են տալիս, պարտադրում են շատ ավելին վճարել, քան վճարում էին նախկինում։

Ընդ որում՝ խոսքը հսկայական գումարների մասին է։ Ոչ թե միլիոնների, այլ միլիարդների, որոնք դուրս են գալու միկրոբիզնեսի գրպանից։

Միկրոբիզնեսի դաշտում գործում է շուրջ 40 հազար սուբյեկտ։ Եթե համարենք, որ դրանցից յուրաքանչյուրում զբաղված է միջին հաշվով 2-ական աշխատող, ապա կստացվի 80 հազար աշխատող։ Նույնիսկ նվազագույն աշխատավարձով այդ մարդկանց աշխատավարձ վճարելու պարագայում միկրոբիզնեսից կառավարությունը լրացուցիչ 1,2 միլիարդ դրամ կտանի՝ ամեն ամիս։ Տարվա կտրվածքով կստացվի 14,4 միլիարդ դրամ։

Այդքան հավելյալ գումար ստիպված կլինի միկրոբիզնեսը վճարել, որպեսզի իշխանություններն իրենց ավելի շատ կարողանան պարգևատրել, ավելի շատ ճոխություններ թույլ տան՝ պետական բյուջեի միջոցների հաշվին, գործուղումների անվան տակ՝ արտասահմաններում անիմաստ ու անօգուտ շրջագայությունների մեկնեն, թանկարժեք ծառայողական մեքենաներ գնեն ու ճոխ ընդունելություններ կազմակերպեն։

Անունը դրել են ստվերի դեմ պայքար ու որոշել են քամել փոքր բիզնեսին։

Խոշորներում ստվերի դեմ չեն կարողանում պայքարել, մուռը փոքրերից են հանում։

Փոքր բիզնեսի հարկային բեռն են ավելացնում՝ խոշորների հետ նույն հարկային համակարգ են ուզում խցկել։

Ոչ միայն միկրոբիզնեսի հարկային բեռն են ավելացրել, այլև, ինչպես օրերս հայտարարեց ֆինանսների նախարարը, շրջանառության հարկն են պատրաստվում փոխել։ Փոփոխությունից հետո այս հարկի դաշտում գործողները ստիպված կլինեն շատ ավելին վճարել ու նույն դաշտում գործել՝ խոշորների հետ։

Պատկերացրեք՝ փոքր բիզնեսը, որը հիմա գործում է շրջանառության հարկի դաշտում ու անգամ այդ դաշտում մի կերպ է կարողանում դիմանալ խոշոր առևտրային ցանցերի հետ մրցակցությանը, եթե նույնիսկ դիմանում է, շրջանառության հարկի վերացումից հետո, հավասարը հավասարի պիտի մրցակցի Սիթիների կամ մյուս խոշոր առևտրային ցանցերի հետ։

Թե սա ինչ է նշանակում փոքր բիզնեսի համար, տարիներ շարունակ տեսնում ենք։ Նույնիսկ շրջանառության հարկի արտոնյալ համակարգում՝ փոքր բիզնեսի շրջանակը գնալով նեղանում է, նվազում են նաև շրջանառությունները՝ ի հաշիվ խոշորների։

Այն, ինչ առաջիկայում ուզում են անել, էլ ավելի կնեղացնի փոքր բիզնեսի մասնակիցների շրջանակը։

Այլ բան, եթե նպատակը բիզնեսը խոշորների ձեռքում կենտրոնացնելն է։ Այդ դեպքում միկրոբիզնեսի, նաև շրջանառության հարկի դաշտում գտնվողների հարկային բեռի ավելացումը կարող է իդեալական տարբերակ լինել։ Իշխանափոխությունից հետո, ինչպես տեսնում ենք, Հայաստանում տեղի է ունենում բիզնեսի ու կապիտալի աստիճանական վերաբաշխում, գնալով ավելանում են նորօրյա հարուստները, իշխանության լծակներն օգտագործելով՝ նոր հնարավորություններ են ձեռք բերում, իշխանության հետ սերտաճածներն էլ ավելի են հարստանում ու ընդլայնում իրենց բիզնեսը։ Հարկային բեռը փոքր բիզնեսի վրա մեծացնելով՝ կապիտալի ու ռեսուրսների կենտրոնացումն ավելի կարագանա։

Իշխանությունների այս քաղաքականությունը բերելու է նրան, որ փոքրերը դուրս կթռնեն, խոշորներն ավելի կխոշորանան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս