Աննա Վարդապետյանի և Արգիշտի Քյարամյանի «արդյունավետ համագործակցությունը» նոր հորիզոններ է նվաճում
Դատախազության և Քննչական կոմիտեի (ՔԿ) միջև թշնամանքը, փաստորեն, շարունակվում է։ 168.am-ը բազմիցս է գրել այն մասին, որ տևական ժամանակ է՝ բավականին լարված են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հարաբերությունները:
Դրա վկայություններից մեկն այն էր, որ Արգիշտի Քյարամյանը, Աննա Վարդապետյանի կամքին հակառակ, դատախազների համար սահմանեց նոր լիազորություն՝ նրանց օժտելով ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձին գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավունքով։
Հատկանշական է, որ քննիչներն էլ անլուրջ վերաբերմունք ունեն դատախազների նկատմամբ։ Երևի վստահ են, որ Արգիշտի Քյարամյանն իրենց տեր է կանգնելու։ Քննիչներն անգամ անհարգալից են խոսում դատախազների հետ, չեն կատարում նրանց հանձնարարությունները։
Այսպես, օրինակ, 168.am-ին հասած տեղեկությունների համաձայն, անգամ դեպք է արձանագրվել, երբ քննիչը «արա՛»-ով է դիմել և խոսել դատախազի հետ, իսկ դատախազն էլ հարվածել է քննիչին։
Այս դեպքը քննարկել են անձամբ Գլխավոր դատախազը և Քննչական կոմիտեի նախագահը։ Քյարամյանը պահանջել է քննիչին հարվածած դատախազին ազատել պաշտոնից, սակայն Աննա Վարդապետյանը դա չի արել․ դատախազը մինչ օրս պաշտոնավարում է։
Առկա են Դատախազության և Քննչական կոմիտեի «արդյունավետ» համագործակցության այլ օրինակներ ևս։
Մասնավորապես, Աննա Վարդապետյանը հանձնարարել է դատախազներին՝ քրեական հետպնդում հարուցելու մասին միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժելու որոշման դեմ քննիչի ներկայացրած առարկությունը չքննարկել և վերադարձնել քննչական մարմին։
Արգիշտի Քյարամյանն էլ իր հերթին հանձնարարել է քննիչներին անտեսել դատախազի ներկայացրած՝ քննիչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունները։
Աննա Վարդապետյանը իրավական առումով չի կարողանում սանձել Արգիշտի Քյարամյանին։ Քննիչներն անտեսում են դատախազների հանձնարարությունները։ Քյարամյանը հարկ չի համարում քրեական վարույթին վերաբերող օրենսդրական հարցերը քննարկել Վարդապետյանի հետ։
Այս ամենը վկայում է այն մասին, որ Քյարամյանը շարունակում է Վարդապետյանին ընկալել՝ որպես Նիկոլ Փաշինյանի օգնական և ոչ ավելին։
Ահա այսպիսի «արդյունավետությամբ ու եռանդով» են այս երկու կառույցները պայքարում հանցավորության դեմ։
Ի դեպ, պետք է նշել, որ Քյարամյանն անթաքույց կերպով ատում է նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ Վարդապետյանի մոտ ընկերուհին լինելու հանգամանքով պայմանավորված։ Քյարամյանը որևէ կերպ չի կարողանում զսպել իր ատելությունն այս կանանց նկատմամբ և շատ հաճախ շատերի ներկայությամբ է վատ արտահայտվում նրանց հասցեին։