Ռազմական գաղտնիքների հրապարակումն ո՞ւմ դեմ է՝ բանակի՞, թե՞ ռազմական ղեկավարության. Պապիկյանի վստահության քննությունը
Վերջին շաբաթվա ընթացքում հայաստանյան և ոչ հայաստանյան շրջանակները դարձյալ ակտիվացրել են Հայաստանի՝ հնդկական զենք ձեռք բերելու մասին տեղեկություններն ու հրապարակումները:
Մասնավորապես, naked-science.ru-ն՝ հղում տալով հնդկական լրատվամիջոցներին, գրել էր, որ Հնդկաստանը սկսել է արդեն սպառազինության մատակարարումն «անանուն» պատվիրատուին, և, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «անանուն» պատվիրատուն Հայաստանն է:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ գրում էին, թե հնդկական զենքը Հայաստան է մտել Իրանի տարածքով, միաժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին շրջանառում Հայաստան՝ ֆրանսիական զրահափոխադրիչների մատակարարման մասին:
Այս խոսակցությունների ֆոնին անցած շաբաթ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել էր Հնդկաստանի դեսպանի հետ և հորդորել Նյու Դելիին՝ վերանայել Հայաստանին զենք մատակարարելու որոշումը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Հաջիևը Շրիդհարան Մադհուսուդհանանին ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը և ԶԼՄ-ներում Իրանի տարածքով հնդկական արտադրության սպառազինության համակարգերի Հայաստան տեղափոխելու մասին «լուսանկարների ու տեսանյութերի» տարածումը վերջին օրերին առաջացրել է Ադրբեջանի անհանգստությունը։
Ի դեպ, այս տարվա մայիսին էլ Իլհամ Ալիևն էր Ադրբեջանում Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպմանը նույն պահանջը դրել:
«Խոսելով այն մասին, որ Հայաստանի սրընթաց սպառազինվելը նոր սպառնալիքներ է ստեղծում, պետության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ է հարյուր-միլիոնավոր դոլարների զենք գնում: Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ այդ քաղաքականությունը տարածաշրջանի համար նոր սպառնալիքների է հանգեցնելու»,- նշված էր Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը 2023 թվականի հունվարին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ասել էր, թե գիտեն այն երկրները, որոնք պատրաստվում են Հայաստանին զենք մատակարարել:
«Նման փորձեր կան։ Մենք տեսնում ենք, թե որ երկրներն են պատրաստվում զենք մատակարարել Հայաստանին։ Ցավոք, նրանց թվում է Հնդկաստանը, և մենք դա գնահատում ենք՝ որպես ոչ բարեկամական քայլ, քանի որ այդ հարձակողական զինատեսակների թիրախը միայն Ադրբեջանն է։ Ուստի մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ և չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը վտանգ ներկայացնի մեզ համար»,- շեշտել էր Իլհամ Ալիևը:
Հավելենք, որ ժամանակին Ադրբեջանի նախագահը կտրուկ էր անդրադարձել նաև Հայաստանին զինելու մասին ՌԴ-ից հնչած պաշտոնական հայտարարությանը:
Նա «անտրամաբանական» էր որակել ՌԴ-ի` Հայաստանին զենք մատակարարելու հայտարարությունները՝ հայտնելով որոշակի անհանգստություն:
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին: Մենք այդ հարցը հասցրել ենք ռուսական կողմին: Դա մեզ անհանգստացնում է»,- 2021 թվականի օգոստոսին ասել էր Ադրբեջանի ղեկավարը CNN Turk-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ պատերազմն ավարտվել է:
Հիշեցնենք, որ 2021-ի օգոստոսի 10-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մեկնել էր Ռուսաստան՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով, այցի ավարտին Շոյգուն Կարապետյանին դաշույն էր նվիրել և խորհրդանշական նվերը հանձնելիս՝ ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը մեկնարկած է»:
Վերջին շրջանում իշխանամերձ և արևմտամետ հայաստանյան տարբեր քաղաքական գործիչներ ևս սկսել են խոսել հնդկական և ֆրանսիական զենքի մատակարարումների մասին Հայաստանին, ընդ որում, շատ հաճախ գաղտնիություն պարունակող տվյալներ են հրապարակվում, երբեմն էլ՝ արկածախնդիր:
Օրինակ, Արամ Զավենի Սարգսյանը յութուբյան ալիքներից մեկին տված իր հարցազրույցում հայտարարել էր, թե 6-րդ սերնդի ՀՕՊ միջոցներ են տալու ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Արդյո՞ք նա տեղյակ է զենքի մատակարարման գործընթացի բոլոր նրբություններին, և, որ նման բաները ոչ մեկ օրում, ոչ էլ մեկ տարում են տեղի ունենում:
Նույն հարթակում լրագրողներից մեկին տված հարցազրույցում էլ ռազմարդյունաբերության ոլորտի փորձագետ ներկայացող Գոռ Ամատունին նշել է, որ Հայաստան է եկել ֆրանսիական և հնդկական զենք, ավելին, նա հայտարարել էր, թե այսօր Ադրբեջանին կարող ենք ատամներ ցույց տալ, ավելին, նա պնդել է, որ «հակառակորդին կարող ենք այնպիսի կորուստներ տալ, որ պատերազմը նրա համար իմաստը կորցնի»: Հասկանալի է, որ խոսքն Ադրբեջանի մասին է: Արդյո՞ք այսօր նման հայտարարություններն արկածախնդրություն չեն, որքանո՞վ են դրանք բխում զինված ուժերի, սպայի և զինվորի շահերից, երբ դեռ շատ անելիքներ կան դիրքերում և առաջնագծում: Եվ, ի վերջո, միայն զինտեխնիկան բավարար չէ հաղթանակի համար:
Ինչո՞ւ են իշխանությունները լռում և թույլ տալիս նման հայտարարություններ, երբ ընդդիմադիր դաշտի տարբեր քայլեր համարում են պատերազմ հրահրող, այդ թվում՝ «Հայաքվե» նախաձեռնությունը: Արդյո՞ք սպառազինության մատակարարումների, և, առհասարակ, անվտանգային հարցերին պետք չէ զգույշ և չվնասելու սկզբունքից ելնելով մոտենալ, ինչը նախկին իմքայլական և ներկա ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները պարբերաբար անտեսում են:
Մայիսի 2-ին 168.am-ն անդրադարձել էր ապրիլի 30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Գայանե Աբրահամյանի հնչեցրած «հույժ գաղտնի» ռազմական տեղեկությանը, նախկին իմքայլական պատգամավորն ասել էր. «ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի»:
Մայիսի 16-ին «Ֆակտորի» հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հաստատել էր նախկին իմքայլականի պնդումը:
Իսկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր հարցազրույցներում մշտապես ակնարկել է և լրագրողներին հատուկ զգուշացրել, որ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ հարցերը պետք չէ հրապարակային քննարկման առարկա դարձնել:
Հետաքրքիր է՝ ԱԺ պատգամավորի սկզբունքն ու մոտեցումը չի՞ փոխվել:
Հիմա թեմայից մի փոքր շեղվելով՝ նշենք, որ յութուբյան տարբեր ալիքներով լրագրողական և նաև փորձագիտական շրջանակներ թիրախավորում են բանակը՝ զինվորին և սպային հեղինակազրկող և հրապարակման ոչ ենթակա չճշտված տեղեկություններ տարածում:
Հետաքրքիր է՝ սուր հարցերի համար լրագրողներին հետապնդող Նիկոլ Փաշինյանն ինչի՞ չի կանխում կամ գոնե փորձում կանխել պետությանը և, մասնավորապես, բանակին վնասող հրապարակումները: Խոսքը բնավ գրաքննության մասին չէ, հատկապես, երբ այսօր բանակը, մեղմ ասած, բաց չէ լրատվամիջոցների համար, այլ գաղտնիք պարունակող և բանակի հեղինակությանը վնասող տեղեկությունների տարածումը կանխելու: Գուցե պատճառն այն է, որ հենց իշխանության ներկայացուցիչները և պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարը հաճախ, գիտակցաբար կամ ոչ, տեղեկություններ են հրապարակել և հրապարակում, որոնք ոչ միայն պետական և ռազմական գաղտնիք են պարունակել, այլ նաև թշնամուն մեծ նվեր են եղել: Արդյո՞ք նման հարցերը քննարկվել են ԱԺ քննիչ հանձնաժողովում: Հետաքրիքր է՝ սա զուտ բանակի դեմ գործող իշխանական համակարգի քաղաքական տրամաբանության մե՞ջ է, թե՞ պաշտպանության նախարարի դեմ ուղղված ներկուսակցական կամ ներքաղաքական քայլեր են: Հարցեր, որոնց պատասխանները, հուսանք, երբևէ կստանանք:
Այդուամենայնիվ, ցանկացած պարագայում ռազմական ղեկավարությունը պարտավոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: Կրկնում եմ, խոսքը գրաքննության մասին չէ, ընդհակառակը փակ հանդիպումների միջոցով ռազմական ոլորտի մասնագետներին և այդ թեմայով գրող ռազմական լրագրողներին պետք է ներկայացնել երկրի անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ սպառազինության մատակարարումների հետ կապված:
Թերևս, հանրության համար հասկանալի չէ մեկ այլ հանգամանք ևս՝ հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ՝ նոր մոդուլային զորանոցների կառուցման շինհրապարակներ, ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին:
Սուրեն Պապիկյանի այցից մոտ 10 օր հետո՝ հուլիսի 28-ին, Նիկոլ Փաշինյանը գնացել էր նույն վայրը՝ 2-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող ՊՆ մոդուլային զորանոցների կառուցման և հարդարման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Ազատի զորանոցի հրդեհից հետո մամուլում հրապարակումներ եղան Պապիկյան-Փաշինյան ինչ-ինչ տարաձայնությունների մասին, որոնք, ըստ տարբեր տեղեկությունների, հետո հարթվեցին:
Զորանոցի հրդեհից անմիջապես հետո ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում բաց տեքստով հայտարարել էր՝ «եթե ընդդիմադիր լինեի, կպահանջեի պաշտպանության նախարարի հրաժարականը»:
Վիլեն Գաբրիելյանն այդ հարցազրույցում անգամ ակնարկել էր, թե իր համար պարզ չէ՝ ինչ տեսակ բանակ է ուզում, այսպես ասած, ստանալ Սուրեն Պապիկյանը:
«Ինձ համար անձնապես դա պարզ չի էս 2 տարվա ընթացքում, առավելապես, որ Պապիկյանը դառել է պաշտպանության նախարար: Մի քանի անգամ ունեցել ենք քննարկումներ, ինձ համար խնդիր է, որ երբ ասում ենք՝ պրոֆեսիոնալ բանակ, բայց դա ի՞նչ է իրենից ենթադրում, երկրորդ՝ մենք այդ պրոֆեսիոնալ բանակին ինչպիսի՞ քայլերով ենք հասնում: Մոդուլային կացարանները, որի մասին խոսում են, լավ է, բայց դա հատվածական փոփոխություն է: Պաշտպանության նախարարը եկել է հանձնաժողով, այնտեղ էլ ենք դիմել իրեն, որ մեզ համար փաստացի պարզ չի բանակի մոդելը, որն ուզում ենք ունենալ, և, որ պարզ չի, թե ինչ քայլերով ենք ուզում հասնել պրոֆեսիոնալ բանակին: Ամբողջ հանձնաժողովի համար դա պարզ չի: Իմ ունեցած տեղեկություններով՝ այս ընթացքում պաշտպանության նախարարությունն ունեցել է մի տեսլական, որը նախարարը հավանության չի արժանացրել: Ես տեսնում եմ, որ համակարգի ներսում կան խնդիրներ և հակասություններ, և, ըստ երևույթին, հակասությունները մեզ խանգարում են և թույլ չեն տալիս, որ մենք շարժվենք առաջ: Մեկ տարի առաջ նախարարը հայտարարել է, որ պետք է ունենանք այդ հայեցակարգը, մինչև էս պահը չկա»,- ասել էր իշխանական պատգամավորը:
Հիշեցնենք, որ 2022թ. փետրվարին ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ արդեն 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով իր համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել:
«Պետք է հստակություն, հակիրճ բովանդակություն: Աշխատանքը բավականին լավն է, բայց ես՝ որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ և հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքներն առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, մեր գերատեսչությունը բաց է»,- նշել էր Պապիկյանը:
Չմոռանանք, որ Սուրեն Պապիկյանի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում՝ որպես վստահելի թիմակից, առաջարկել է Փաշինյանը: Եվ քանի որ Փաշինյանը շատ արագ կարծիքը փոխելու, վստահելի մարդկանց, ինչ-որ անհասկանալի հանգամանքներով պայմանավորված՝ չվստահելու սովորություն ունի, ինչպես եղավ Օնիկ Գասպարյանի դեպքում, բանակի, պաշտպանության նախկին նախարարներ Դավիթ Տոնոյանի, Արշակ Կարապետյանի դեպքում, ի դեպ, Սուրեն Պապիկյանին նշանակումը հիմնավորելիս ասել էր՝ պաշտպանական և արտաքին քաղաքական պաշտոնները պետք է սեփական քաղաքական թիմի անդամներին վստահել: Այնպես որ, գուցե՞ մի օր էլ վստահելի թիմակից Պապիկյանի հանդեպ էլ վստահությունը կորցնի, եթե, իհարկե, նա որոշի չշարժվել Փաշինյանի քաղաքական օրակարգով կամ «սուբյեկտայնության» հարց բարձրացնի: Առջևում մի փոքր ստուգարք կա. Երևանի քաղաքապետի ընտրությունները: Իսկ գլոբալ առումով ճակատագրական քննություններ՝ Երասխից զորքի հետքաշումից՝ մինչև սահմանազատում, Տավուշի գյուղերի և դիրքերի հանձնում: Սպասենք իրադարձությունների զարգացմանը: