Գայանե Աբրահամյանի «հույժ գաղտնի» ռազմական տեղեկությունը և Ալիևի՝ ՀՀ-ին զինել թույլ չտալու զգուշացումները
Ապրիլի 30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ադրբեջանը Լաչինի միջանցքում է ՌԴ թուլությա՞մբ, թե՞ համաձայնությամբ» թեմայով քննարկման ժամանակ նախկին «իմքայլական» պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը հայտարարել էր.
«Վստահաբար, ունեմ այդպիսի տեղեկատվություն, ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի։ ՌԴ-ն չպետք է խոչընդոտի, մեզ իր աջակցությունը հարկավոր չէ, բայց գոնե չխոչընդոտի, որ այն զենքը, որը գնել ենք, բերենք, չենք կարողանում բերել»:
Նախկին թիմակցի այս հայտարարությանը՝ հոդվածի տեսքով, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը պատվավոր տեղ էր հատկացրել:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Գայանե Աբրահամյանի միջոցով խոսել է Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինչ-ինչ խնդիրներ են առաջացել Հնդկաստանից զենք բերելու գործընթացում, և պետք է ինչ-որ կերպ այն արդարացնել, ուստի հիմա թեմա են դաշտ նետում:
Իսկ հնդկական զենքի՝ Հայաստան հասնելու հետ կապված խնդիրները և դրանց պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ, ըստ որոշ մասնագետների, զենքի շուկայում Հնդկաստանի համբավը միանշանակ չէ՝ ոչ որպես վաճառող, ոչ էլ որպես գնորդ: Հնարավոր է լինեն նաև այլ պատճառներ, այդ թվում՝ որևէ երկրից հարուցվող որոշակի խոչընդոտները, ընդ որում, ոչ բացառապես Ռուսաստանից, բայց քանի դեռ չկա պաշտոնական տեղեկություն, պարզաբանում կամ Հնդկաստանից, կամ Հայաստանից, որևէ հստակ պնդում չենք կարող անել:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահը 2023 թվականի հունվարին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ասել էր, թե գիտեն այն երկրները, որոնք պատրաստվում են Հայաստանին զենք մատակարարել:
«Նման փորձեր կան։ Մենք տեսնում ենք, թե որ երկրներն են պատրաստվում զենք մատակարարել Հայաստանին։ Ցավոք, նրանց թվում է Հնդկաստանը, և մենք դա գնահատում ենք որպես ոչ բարեկամական քայլ, քանի որ այդ հարձակողական զինատեսակների թիրախը միայն Ադրբեջանն է։ Ուստի մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, և չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը վտանգ ներկայացնի մեզ համար»,- շեշտել էր Իլհամ Ալիևը:
Հավելենք, որ Ալիևը կտրուկ էր արձագանքել նաև ժամանակին Հայաստանին զինելու մասին ՌԴ-ից հնչած պաշտոնական հայտարարությանը: Նա «անտրամաբանական» էր որակել ՌԴ-ի` Հայաստանին զենք մատակարարելու հայտարարությունները՝ հայտնելով որոշակի անհանգստություն:
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին: Մենք այդ հարցը հասցրել ենք ռուսական կողմին: Դա մեզ անհանգստացնում է»,- ասել էր Ադրբեջանի ղեկավարը CNN Turk-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ պատերազմն ավարտվել է:
Հիշեցնենք, որ 2021-ի օգոստոսի 10-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մեկնել էր Ռուսաստան՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով, այցի ավարտին Շոյգուն Կարապետյանին դաշույն էր նվիրել և խորհրդանշական նվերը հանձնելիս՝ ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը մեկնարկած է»:
Իր հերթին՝ լրագրողների հետ ճեպազրույցում Կարապետյանը նշել էր. «Ունենք լիովին աջակցություն, և կարող եմ ասել` չէ՛ բառ չեմ լսել։ Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ: Մենք պլանավորում ենք ունենալ որակով և նոր սպառազինություն: Մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է՝ մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այս սպառազինությունը գործելու է»:
Ի դեպ, ավելի ուշ՝ 2022 թվականի սեպտեմբերին, Նիկոլ Փաշինյանը հաստատել էր այս առումով Ադրբեջանի կողմից խոչընդոտների փաստը:
«Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունենա իրականացնել Զինված ուժերի բարեփոխումները: Նաև տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ, հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր-միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը: Բայց ամեն դեպքում ուզում եմ ընդգծել նաև, որ մենք պիտի խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան՝ այս ամենը տեղի է ունենում հեռահար կամ գուցե ոչ հեռահար մեկ նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, մենք հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մենք մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք»,- 2022 թվականի սեպտեմբերի 29-ի Կառավարության նիստի ընթացքում ասել էր Փաշինյանը:
Իսկ 2023 թվականի հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին հնդկական զենքի մատակարարման մասին հրապարակումներին անդրադառնալով՝ Փաշինյանը շեշտել էր.
«Ես չեմ կարծում, թե այդ հրապարակումների առնվազն մեծ մասը բարի նպատակներով են արվում, չեմ կարծում, որ այդ հրապարակումները մեր գործին որևէ օգուտ են տալիս․․․ Այն, որ մենք անվտանգային ոլորտում ունենք շատ լուրջ պրոբլեմներ, դա փաստ է, որը հնարավոր չէ ժխտել, բայց այն, որ մենք անում ենք ամեն ինչ այդ պրոբլեմները լուծելու համար, դա էլ, կարծում եմ՝ ակնհայտ է դառնում գոնե այն թվերից, որը դուք կարող եք հրապարակային տեսնել ՀՀ պետական բյուջեում և 2022 թվականի կատարողականում և 2023 թվականի պլանավորվածում»:
ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշվում է, որ սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացների իրագործման համար ընդլայնվել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը և կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր:
2023 թվականի ապրիլի 13-ին էլ «Առավոտի» հետ զրույցում ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ Հնդկաստանից զենք գնելու որոշումը ճիշտ է, սակայն այդ երկիրը «սուպերմարկետ չունի, որ փողը տաս և վերցնես, ժամանակ է պետք»:
Նմանատիպ պնդում 2022 թվականի սեպտեմբերի վերջին արել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Զենքի ձեռքբերումը բարդ մեխանիզմներ է ենթադրում, ու այնպես չի, որ պայմանագիրը կնքեցինք, և զենքը վաղը բարձվեց ու եկավ պաշտպանության նախարարություն: Բարդ լոգիստիկ խնդիրներ են, անհանգիստ աշխարհ է: Մի երկիր թույլ է տալիս, որպեսզի զենքն անցնի, մեկը թույլ չի տալիս»:
Կլինեն մարդիկ, որ գուցե ասեն՝ Անդրանիկ Քոչարյանը նախկին իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանի ասածն է ակնարկով հայտարարել: Գուցե՝ այո, գուցե՝ ոչ:
Բայց այս տարվա մարտին Indian Defence Research Wing մասնագիտացված կայքից հայտնի էր դարձել, որ Հայաստանը հնդկական ընկերություններից մեկից ինքնագնաց MArG հաուբիցներ է պատվիրել, ավելին, դրանք փորձարկվել են:
«Ինքնագնացի վրա տեղադրված MArG 155/39 հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ, և գործարքը կնքվել է պաշտպանական ցուցահանդեսին այն բանից հետո, երբ այն համապատասխանել է հայկական բանակի կողմից սահմանված կրակային բոլոր չափանիշներին»,– գրել էր Indian Defence Research Wing-ը։
Կրկնում ենք՝ քանի դեռ չկա պաշտոնական տեղեկություն, պարզաբանում Հնդկաստանից կամ Հայաստանից, որևէ հստակ բան չի կարելի ասել՝ հաշվի առնելով, որ դրանով կարող ենք վնասել անվտանգային խնդիրների լուծմանը:
Իսկ Գայանե Աբրահամյանը, որ վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, չունենալով համապատասխան պետական կարգավիճակ, իրեն թույլ է տվել պնդում անել մի թեմայի շուրջ, որին այսօր ավելի քան զգույշ պետք է մոտենալ, ի վերջո, նա ռազմական ոլորտի փորձագետ չէ: Եվ եթե անգամ ենթադրենք՝ նրա տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, ապա սա ևս անթույլատրելի է, որովհետև գործ ունենք գաղտնիության տարրեր պարունակող տեղեկության հետ:
Սրանից հետո, եթե պաշտպանական գերատեսչությանն արդեն «գաղտնազերծված» տեղեկության առնչությամբ գրավոր հարցում ուղարկեն լրատվամիջոցները, պատասխանը կլինի՝ պետական գաղտնիք է, այնպես, ինչպես պատասխանել էին մեզ, երբ փորձել էինք պարզել՝ «արդյո՞ք հորդանանյան ընկերությունը պատասխանել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի նամակին, եթե այո՝ ի՞նչ բովանդակությամբ է այն եղել, այսինքն, ընդունե՞լ է պայմանագիրը լուծարելու և փոխհատուցում վճարելու հայկական կողմի առաջարկ-պահանջը»: Մինչ օրս ոչ մի բան հայտնի չէ սրա հետ կապված:
2022թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշում էր կայացրել միակողմանի ամբողջությամբ լուծարել հորդանանական «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության հետ պայմանագիրը, որը կնքվել էր 2021թ. օգոստոսի 6-ին:
Տնտեսական և գնումների հարցերով Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակում՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, նշվում էր, որ վերջինս չի մատակարարել պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդանանյան ընկերությունից պահանջում էր ծանուցումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում Հայաստանին վճարել մոտ 23 մլն դրամի (շուրջ 57,5 հազար դոլար) տուգանք:
Նշենք, որ «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությունը հայտնի է, մասնավորապես, ռուսական ՁՀՆ-32 (РПГ-32) ձեռքի հակատանկային նռնականետերի արտադրությամբ, որոնք Հորդանանում ստացել են «Նաշշաբ» անվանումը։
Իսկ մեր տեղեկություններով, դրանցից ժամանակին Հորդանանից Հայաստան որոշակի քանակությամբ ներմուծվել է:
2020թ. հուլիսին դրա հետ կապված ադրբեջանական կողմը նույնիսկ լուրջ աղմուկ էր բարձրացրել, և Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Հորդանանի դեսպան Սամի Աբդուլա Ղոշեհին։
Վերադառնանք Գայանե Աբրահամյանի՝ հնդկական զենքի մատակարարման մասին հրապարակած տեղեկությանը. հետաքրքիր է՝ ընդդիմախոսներին 5-րդ շարասյուն լինելու մեջ մեղադրող Անդրանիկ Քոչարյանը տեսե՞լ է սա, ինչպե՞ս է այն գնահատում: Հետաքրքիր է նաև՝ Գայանե Աբրահամյանը տեղյա՞կ է՝ որևէ երկրից Հայաստանին զենքի մատակարարումները թույլ չտալու մասին պաշտոնական Բաքվի հրապարակային հայտարարություններին: Իհարկե, հետաքրքիր է նաև՝ իր ունեցած տեղեկությունն Աբրահամյանը ԱՄՆ-ո՞ւմ է ստացել:
Ի դեպ, Աբրահամյանի հետ Վաշինգտոն մեկնած Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, «Հայաստանում տիրաժավորվող կարծիքները, թե ԱՄՆ–ը, Ֆրանսիան կամ գուցե Մյանմարը խաչակրաց բանակներ են ուղարկելու Լուսավորչի հոտին փրկելու համար, լավագույն դեպքում թյուրըմբռնում են, վատագույն դեպքում` չարամիտ դիտավորությամբ կեղծիք։ Ամերիկյան շրջանակները չափազանց անկեղծ են այս առումով և որևէ դեպքում սին հույսեր չեն տվել»:
Եվ ոչինչ, որ 2018-ի աշնանը Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այս առումով Փաշինյանի իշխանությանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում առաջարկել էր.
«Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում»: