«Թշնամիները փորձում են Արցախով ավարտել, հասկանում են, որ Արցախի անկումը մեր համընդհանուր կործանման սկզբի փուլը պետք է լինի». Տեր Ներսես Գարեգին Ասրյան
Արցախի Հանրապետությունն արդեն 230 օր է՝ ադրբեջանական շրջափակման մեջ է: Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի բարձր հովանու ներքո «էկոակտիվիստները» փակեցին Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը, իսկ այս տարվա հունիսի 15-ից էլ որևէ հումանիտար օգնություն Արցախ չի մտել։
168.am-ի հետ զրույցում Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես Գարեգին Ասրյանը խոսելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, անհրաժեշտ քայլերի մասին, նախ ասաց, որ հավակնություններ չունի ազգափրկիչ ծրագրեր միշտ ներկայացնելու, բայց առնվազն գիտակից մարդիկ, նաև լսարան ունեցողները, այդ թվում՝ լրագրողները, պետք է բացատրեն հնարավորինս շատ մարդկանց, որ խնդիրը միայն Արցախին ու արցախահայությանը չի վերաբերում, այն համընդհանուր է, և ովքեր չեն հասկանում, վաղ թե ուշ հաջորդն իրենք են լինելու։
«Եվ այս խնդիրները միայն հնարավոր է լուծել միասնական ջանքերով, մասերի բաժանվել ու ասել, թե սա արդեն մյուս մասի խնդիրներն են, և բավարարվեն միայն ափսոսանքով և Արցախում դիմանալու կոչերով։ Ես սա դրական իմաստով եմ ասում, չեմ ասում անտարբերության, ցավոք, նաև անհասկանալի տրամադրվածություններ արտահայտելու մասին, ոմանք ձեռք են առնում, ոմանք ուրախանում, ծաղրում ու հայհոյում են, բոլորս էլ նման ողբերգական դրսևորումների ականատես ենք եղել։ Պետք է ուղղակի մարդկանց հնարավորինս շատ բացատրել խնդրի էությունը, որ սա բոլորիս է վերաբերում, վաղ թե ուշ բոլորին էլ հասնելու է, ուղղակի այսպես մաս-մաս ավելի հեշտ է ստացվում»,- նշեց Տեր Ներսես Գարեգին Ասրյանը։
Տեր հայրը նաև ընդգծեց, որ գլոբալ առումով առաջնորդների, այդ թվում՝ քաղաքական ուժերի խնդիրն է, նաև ազդեցիկ անձանց, այն մարդկանց, որոնք կարող են իրավիճակ փոխել և համախմբվել ընդհանուր մտահոգությունների շուրջ, ինչը, ցավոք, այս պահին չեն տեսնում։
Դիտարկմանը՝ գուցե այս անգամ այդ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի հոգևոր դասը՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, Տեր ներսես Գարեգին Ասրյանն ասաց, որ կարող է միայն իր փոխարեն պատասխանել, քանի որ այլ լիազորություններ չունի։
«Ես միայն իմ համեստ ծառայությունների սահմաններում, այսպես ասած՝ ինչ խելքս կտրում է, ինչ հնարավորություններ ունեմ, փորձում եմ առավելագույնն անել, ինչն իհարկե չի նշանակում շատ բան, բայց ամեն դեպքում անում եմ։ Մնացածը, ավելի ճիշտ կլինի, պաշտոնական իրավասություններ ունեցող հոգևորականները պատասխանեն»,- շեշտեց քահանան։
Տեր հայրն անդրադառնալով այսօր հնչող այն հայտարարություններին, թե եթե Արցախն ամբողջությամբ հանձնեն Ադրբեջանին, ապա Հայաստանում հանգիստ կապրեն, ասաց՝ վստահ է, բոլորն էլ հասկանում են ողբերգական, ազգադավ մոտեցումները, որ ժամանակ առ ժամանակ ներկայացվել է, որ Արցախը ներկայացվի որպես բեռ, որ Արցախը չլինի, Հայաստանի բնակիչները թեթև շունչ կքաշեն, բեռն ուսերից կգցեն և այլն, մարդկանց մոլորության մեջ են գցել:
«Սա, բնականաբար, ցանկացած գիտակից մարդ, եթե չի ուզում ինքնախաբեությամբ զբաղվել, հասկանում է, որ առնվազն մեծ մոլորության մեջ է։ Չեմ կարծում, որ որևէ գիտակից մարդ հավատում է, որ Արցախը հանձնելուց հետո Հայաստանում հանգիստ կապրի, քանի որ մեր նորանկախ պատմությունն ընդհանրապես խարսխված է Արցախի վրա։ Արցախյան շարժումով սկսվեց մեր պետականության վերակերտումը, արցախյան շարժման զարթոնքը, ըստ էության, թափ տվեց մեր բոլոր շերտերին, որը բերեց վերածննդի։ Ցավոք, հետագայում տեսանք, որ Արցախը շատերի համար դարձավ տարբեր քաղաքական շահարկումների առարկա։
Անկեղծությունը շատերի մոտ կորավ, ովքեր որ լծակների էին տիրապետում և սկսեցին սրսկել այս միտքը՝ բաժանումներ անելու ու որոշ բաներ արդարացնելու համար, որ Արցախը խանգարում է հայության բնականոն զարգացմանը։ Արցախով սկսվել է, թշնամիները փորձում են Արցախով էլ ավարտել, որովհետև հասկանում են, որ Արցախի անկումը մեր համընդհանուր կործանման սկզբի փուլը պետք է լինի։ Եթե այդքան շատ են մոլորյալ մարդիկ, ցավով պետք է ասեմ, որ պիտի պատրաստվեն, հաջորդն իրենք են լինելու, բայց հուսամ՝ ինչ-որ պահի ուշքի կգան, որքան շուտ, այնքան լավ, որպեսզի կարողանանք ժողովրդական ասացվածքն իրականության վերածել՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի»,- շեշտեց Տեր Ներսես Գարեգին Ասրյանը։
Մեր զրուցակիցը նաև ցավով հայտնեց, որ շրջափակումը սարսափելի հարված է հասցրել նաև հոգևոր կյանքին։
«Արդեն մեկ տարին լրանում է, ինչ Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվն եմ, և բնականոն հոգևոր կյանքը, քիչ թե շատ, մի երեք ամիս է եղել, հետո այս շրջափակումը դժվարացրեց իրավիճակը ու հոգևոր կյանքի հետ կապված՝ առնվազն տեղաշարժվելու հետ կապված, խնդիր կա։ Գյուղ ունեմ, որ երեք ամիս չեմ կարողացել գնալ։ Հիմա վառելիքի խնդիր կա, և որևէ ձև իմ հոգևոր ծառայության վայր հասնել չեմ կարող։ Վաղը պատրաստվում եմ ոտքով գնալ ամենամոտ գյուղը՝ ուխտագնացության, և պատարագել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։