Բաժիններ՝

Քանի դեռ ուշ չէ, մարդը կարող է ինքն իրեն օգնել

Շատերը նկատած կլինեն, որ այժմ ժամանակը շատ ավելի արագ է անցնում, քան նախկինում: Թվում էր, թե գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացն ինչ-որ չափով կփոխարիներ մարդու աշխատանքին և, մարդն ավելի շատ ժամանակ կունենար, բայց այժմ հակառակ պրոցեսն է: Նախկինում մարդիկ օրը սկսում և ավարտում էին աղոթքով և ոչինչ չէին անում առանց աղոթքի: Այսինքն՝ մարդը ցանկացած պահի ժամանակ էր գտնում Աստծու հետ խոսելու: Չնայած դժվարին կյանքին՝ մարդն ավելի լիարժեք էր ապրում՝ ի տարբերություն այսօրվա վազքի մեջ մտած մարդու, որ արագության մեջ կորցրել է իր ուրախության ակնթարթները: Առօրյա վազքն այսօր խոչընդոտում է մարդուն՝ հանգիստ աղոթելու. շուրթերն աղոթում են, բայց միտքն այս ու այն կողմ է շտապում:

Վազքի մեջ նա, միայն իր առջև նայելով, կորցնում է կարևորը՝ Աստծու և իր հարազատների ներկայությունը: Մեքենայացված և տեղեկատվական աշխարհում մարդն, ինքն իրենից օտարանալով, սկսում է տառապել՝ չհասկանալով դրա պատճառը: Իսկ կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ մարդն, արագության մեջ մոռացության մատնելով իր անմահ հոգին, ընկել է անհամբերության և դրանից բխող մեղքերի հորձանուտը: Անհրաժեշտ է, որ մարդը կանգ առնի և իմաստավորի իր ժամանակը՝ դեպի Երկնավոր Հայրը վերադառնալով: Տերը կամեցել է, որ ժամանակը վեր լինի մարդու վերահսկողությունից, որպեսզի մարդն իրեն շնորհված ժամանակահատվածում իր ազատ կամքով ձգտի աստվածնմանության, այսինքն՝ կատարելության: Կյանքը փոխվում է, երբ մարդն առավել շատ ժամանակ է գտնում Աստծու առջև կանգնելու, երբ ժամանակ է գտնում՝ իր մերձավորի ցավին ու տառապանքին դարման լինելու:

Մարդու կյանքը շատ կարճ է, և այս կարճ ժամանակահատվածը հավիտենության հետ համեմատած, աննշան է, անսահման փոքր: Մարդն ահռելի ժամանակ, միտք, ջանք ու եռանդ է ծախսում ժամանակավոր կյանքի համար, բայց Աստծու, աղոթքի և հավիտենության մասին մտածում է այն ժամանակ, երբ վտանգի մեջ է: Մարդն իր անմտության և կարճատեսության պատճառով չի կարողանում հաղորդ դառնալ հոգևորին՝ չնայած, որ կարողացել է թափանցել տիեզերք և միկրոկոսմոս: Նա կորցրել է իր հոգու շատ կարևոր հատկությունը՝ հոգևոր տեսողությունը, այդ պատճառով սկսել է տեսնել միայն նյութականը: Տիրոջ խոսքն ուղղված է նման մարդկանց. «Իմ ոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են» (Ծննդ. 6:3):

Նյութականով տարված՝ մարդը խուսափում է «մահ» բառն ասելուց կամ մահվան մասին մտածելուց: Այնուամենայնիվ, մահից ոչ ոք չի կարող խուսափել: Հոգու փրկության մասին հոգալը կյանքի կարևորագույն և լուրջ խնդիրներից է՝ կարելի է ասել կյանքի և մահվան խնդիրը: Քրիստոս կյանքի այլ իմաստ առաջարկեց մարդուն, այդ իմաստն Աստծով հարստանալն է: Անհրաժեշտ է ձեռք բերել այն, ինչը Տիրոջ խոսքի համաձայն, ո՛չ ցեցն ու ժանգն են փչացնում, ո՛չ էլ հնարավոր է գողանալ (Մատթ. 6:19-20): Մարդուց հնարավոր չէ խլել այն, ինչը բարձրացնում է նրա հոգու որակը, այսինքն՝ առաքինությունները՝ բարությունը, համբերությունը, աշխատասիրությունը և այլն:

Կարդացեք նաև

Ըստ հայրաբանության՝ ժամանակի նպատակը հավերժության մեջ է. ներկա կյանքը տրվել է հավիտենական երանելի կյանքին պատրաստվելու համար: Նա, ով ամեն ինչ անում է այս նպատակին հասնելու համար՝ փրկագնում է ժամանակը: Մարդը պանդուխտ և օտարական է այս աշխարհում, ուստի չպետք է փնտրի փառք, պատիվ, այլ պետք է ջանա փրկագնել ժամանակը, նման այն հարուստ մարդուն, որ տեսնելով կյանքը խլելու նպատակով իր վրա հարձակվողներին՝ տալիս է ամեն ինչ և փրկում իրեն, այդպես էլ մարդը պետք է տա ամեն ինչ փրկելու համար գլխավորը՝ հավատը:

«Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են: Ուստի անմտություն մի՛ արեք. իմացե՛ք, թե ի՛նչ է ուզում Տերը ձեզնից» (Եփես. 5:16-17): Պողոս առաքյալը հորդորում է ժամանակը ճիշտ գործածել, այսինքն՝ ժամանակի յուրաքանչյուր պահն օգտագործել այնպես, կարծես այն գումարով գնած լինենք՝ բարի գործեր անելու համար: Բարին գործելով՝ մարդը փրկագնում է ժամանակը և չարին վաճառելու փոխարեն այն դարձնում է իր սեփականը: Նա, ով կլանված է կյանքի հոգսերով և հարստություն փնտրտուքով, չի կարող փրկագնել ժամանակը: Ժամանակը փրկագնելով՝ մարդ ինչ-որ կերպ փոխում է այն՝ չար օրերը բարու վերածելով:

Եկեղեցու հայրերը հորդորում են չտրվել ժամանակի փոփոխականությանը, այլ դիմակայել այդ փոփոխականությանը՝ կենսատու նպատակին հասնելու մեծ վճռականությամբ: Սուրբգրային կերպարներից՝ Հովսեփի միակ նպատակը Աստծուն հաճելի լինելն էր.  ո՛չ եղբայրների ատելությունը, ո՛չ ստրկության վիճակը, ո՛չ զնդանի մռայլությունը, ո՛չ էլ Եգիպտոսի իշխանությունը չփոխեցին նրան: Նա միշտ նույնն էր և, փրկագնելով իր ժամանակը, չար օրերը վերածեց բարի օրերի: Նույնը կարելի է ասել նաև Հոբի մասին: Նա ենթարկվել էր տարբեր փորձությունների. բայց ո՛չ հարստությունը, ո՛չ աղքատությունը, ո՛չ հիվանդությունը, ո՛չ ընկերների նախատինքները, ո՛չ բոլորի կողմից լքված լինելը և ո՛չ էլ հարստության վերականգնումը չփոխեցին նրան:

Փրկարար նպատակին հասնելու համար հարկ է, որ քրիստոնյան հիշի իր վերջին ժամը և չկորցնի մահվան մասին հիշողությունը: Քանի դեռ ուշ չէ, մարդ կարող է ինքն իրեն օգնել՝ քրտնաջան աշխատելով այստեղ՝ երկրի վրա: Մահից հետո կլինի միայն մեղքերի կամ բարի գործերի հատուցում: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, հորդորում է հասկանալ ներկա ժամանակի իմաստը. «Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է գալիս, իսկույն ասում եք. «Անձրև է գալու», և այդպես էլ լինում է: Երբ քամին փչում է հարավից, ասում եք. «Սաստիկ շոգ է լինելու», և այդպես էլ լինում է: Կեղծավորնե՛ր, երկինքն ու երկիրը դիտելով՝ կարողանում եք կանխատեսել գալիք եղանակը. ինչո՞ւ, սակայն, չեք կարողանում հասկանալ ներկա ժամանակի իմաստը» (Ղուկ. 12:54-57):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս