«Նիկոլը վախենում է արժանանալ Մելիք Ֆրանգուլի ճակատագրին. Արցախահայությանը կա գործելու մեկ տարբերակ». Լևոն Նազարյան
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում առաջ քաշած թեզերի մեջ խորանալու կամ բովանդակային ինչ-որ վերլուծություններ անելու իմաստ չկա։ Սակայն կարիք կա ընդհանուր երևույթին անդրադառնալու։
«Կարծում եմ՝ առհասարակ Նիկոլ Փաշինյանին չպետք է լուսաբանել։ Պատկերացրեք, երբ նա ասուլիս հրավիրի, և որևէ մեկը չգնա։ Իհարկե, կլինեն իշխանական լրատվամիջոցներ, որոնք այդ խնդիրը չեն լուծի, բայց այստեղ կա լրագրողական մասնագիտական խմբի կազմակերպման խնդիր։ Ասուլիսում ինչ հարց բարձրացվեց, ինքը փորձեց օգտագործել ի շահ իրեն։ Այդ հայտնի բադրիջանի պատմությունը, մի քանի օր առաջ իր կինը հրապարակումներ է անում և այլն, և իրեն տրվող հարցին, որը դրա հետ որևէ կապ չունի, ինքը տեղափոխում է այլ հարթություն և ասում՝ գիտեք, դուք իմ կնոջը թիրախավորել եք, ես գումար եմ տվել և այլն։ Այսինքն՝ ցանկացած հարց, որը բարձրացվում է՝ կտրվում է ռացիոնալության դաշտից»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Լևոն Նազարյանը։
Նրա դիտարկմամբ՝ 2018 թվականի հեղաշրջումը տեղի ունեցավ հենց ռացիոնալության և մարդու գիտակցության վախճանով։
«Այստեղ առաջնորդների սիմվոլներն էլ են խնդիր, այսինքն՝ ինչո՞ւ հեշտ թիրախավորվեց Սերժ Սարգսյանը, և ինչո՞ւ այդպես հեշտ հասարակությունն ընդունեց Նիկոլ Փաշինյանին, որովհետև Սերժ Սարգսյանն իր կերպարով հանդիսանում էր գերպրոֆեսիոնալ, գերռացիոնալ, որովհետև անցած լինելով կառավարման խորհրդային դպրոցը՝ գիտեր կանխատեսել, պլանավորել, խնդիրները լուծել, և շատ հաճախ դա հասարակությանը հետաքրքիր չէր։ Այսինքն՝ մարդիկ, երբ լսում էին իր հարցազրույցները, չգտնելով այդ «ՍՍՍ»-ը՝ դեռևս 70-ականներին մշակված հայտնի տեխնոլոգիան՝ սպորտ, սեքս, սկանդալ, այդ ամենը Նիկոլը գեներացրեց ու արեց հեղաշրջում։
Կներեք բառապաշարի համար, բայց մենք պետք է հասկանանք, արցախահայությունն էլ պիտի հասկանա, ի վերջո մեր տանձին ա՞, թե Նիկոլ Փաշինյանը դավաճա՞ն է, թե՞ անգրագետ։ Երբ մարդիկ լինում են տգետ, ընչաքաղց, այդ ամենը բերում է նրան, որ ավտոմատ վերածվելու են դավաճանի։ Այո, ինքը շատ է վախենում նրանից, որ կարող է արժանալ Մելիք Ֆրանգուլի ճակատագրին»,- հավելեց ՀՀԿ խորհրդի անդամը։
Նա ընդգծեց, որ այսօր արցախահայության գլխին կախված է ցեղասպանության վտանգ, Արցախի տարածքը գնալով վերածվում է Օսվենցիմի ճամբարի, որտեղ կենտրոնացված էր մոտ 1 մլն մարդ։
«Արցախահայությանը կա գործելու մեկ տարբերակ՝ իրավիճակից ռացիոնալ լուծումներ գտնելն ու դրանով շարժվելը, և դա անելու համար իրենք ունեն պատմական փորձ։ Ի դեպ, այսօր ինչ է տեղի է ունենում, շատ նման է 1920-1921 թվականների դեպքերին, թե ինչպես Արցախը արցախահայության կամքին հակառակ՝ բռնակցվեց Ադրբեջանին, բայց դրան հակադրություն կա 1990-1991 թվականների սցենարը, որտեղ գտնվեցին մարդիկ, որոնք ունեին բավականաչափ արիություն, կամք, ռացիոնալություն, որպեսզի փրկվեն համակենտրոնացման ճամբար դառնալու հեռանկարից։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անցած ճանապարհի մասին է։ Գոնե իմ առաջարկն է, որ Արցախում ձևավորվի մարմին, որը նման կլինի Արցախի ինքնապաշտպանական ուժերին, այսինքն՝ այսօր որևէ մեկը չի երաշխավորում, որ Աղդամից մուտք չեն գործի զինված խմբավորումներ»,- ընդգծեց Լևոն Նազարյանը։