Քաղաքացու տան խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 43-ամյա բնակիչը տանն ապօրինի զենք և զինամթերք է պահում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 27-ին Քանաքեռավան գյուղի նրա տանը խուզարկություն է կատարվել: Հայտնաբերվել են 109 փամփուշտ, 4 հեռադիտակ, զենքի մաքրման համար նախատեսված պարագաներ, «ՍԿՍ» տեսակի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի շամփուր և պահեստատուփեր, 1 պարկուճ, «ՌՋՄ» տեսակի նռնակ, «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ և դրա բաղադրիչ մաս կազմող առարկաներ, ավտոմեքենաների 23 պետհամարանիշեր, իսկ նրան պատկանող «Աուդի» մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է երկաթե մահակ:
43-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: