«Հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ ահագնանում է Լեռնային Ղարաբաղում». Վահան Կոստանյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին

Այսօր ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն այցելել են Սյունիքի մարզ՝ Կոռնիձոր գյուղի հատված, որտեղ արդեն երրորդ օրն է՝ Արցախ մեկնելուն են սպասում  հումանիտար բեռներով ՀՀ մեքենաները,  Ադրբեջանն արգելում է՝ փակելով ճանապարհը: Կոռնիձոր այցից  հետո Սյունիքի մարզում օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց  Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, որ հումանիտար ճգնաժամը շարունակում է ահագնանալ։

«Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները դեկտեմբերի 12-ից սկսած, ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման մեջ։ Սա ուղեկցվում է  հումանիտար լրջագույն խնդիրներով գետնի վրա, արդեն մի քանի ամիս է՝ ԼՂ-ում խափանված է Ադրբեջանի կողմից էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացրել տեղում։ Տևական ժամանակ է, որ ԼՂ-ում կա սննդի, դեղորայքի լրջագույն պակաս։ Բառացի բոլոր իրավունքները, որոնք ունեն մարդիկ, այս պահին շարունակում են ոտնահարվել ԼՂ-ում՝ սկսած կյանքի, կրթության, որակյալ առողջապահություն ստանալու իրավունքներից։ Դժվար է պատկերացնել, որ 21-րդ դարում նման իրավիճակ կարող է լինել, և դժվար է  պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքերը՝ փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը, որը ժամ առ ժամ ահագնանում է Լեռնային Ղարաբաղում»,- նշեց Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ վերջին յոթ ամիսները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն ականջալուր չէ միջազգային հանրության կոչերին՝ բացել Լաչինի միջանցքը, այլև բացառիկ արհամարհանք է դրսևորում ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայացրած որոշումների հանդեպ: Համաձայն դրա՝ Ադրբեջանը պիտի ապահովի Լաչինի միջանցքով անարգելք երթևեկություն, ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։

«Հետաքրքրական է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների չկատարումը Ադրբեջանը բացատրում էր նրանով, որ Լաչինի միջանցքն ըստ իրենց բաց է և աշխատում է։ Եվ որպես ապացույց՝ ներկայացնում էր ռուս խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի այն հատուկենտ մեքենաները, որոնք անցնում էին Լաչինի միջանցքով մինչև հունիսի 15-ը, իսկ դրանից հետո ամբողջությամբ դադարեցված է երթևեկը։ Սա ավելի է  խորացնում հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում»,- հավելեց Վ. Կոստանյանը։

Կարդացեք նաև

Միաժամանակ նա ընդգծեց, որ պաշտոնական Ադրբեջանից հնչող հայտարարությունները  ցույց են տալիս, որ կա հստակ միտում՝ ԼՂ-ում ապրող ժողովրդի համար ստեղծել կյանքի համար անհամատեղելի պայմաններ, ինչն էլ իր հերթին՝ կհանգեցնի  ԼՂ-ում էթնիկ զտումների։

«Կարծում եմ՝ սա 21-րդ դարում քաղաքակիրթ հանրության համար որևէ կերպ ընդունելի լինել չի կարող։ Հույս ունեմ, այն ամենը, ինչ դուք տեսաք այսօր այստեղ, հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ, և մենք հույս ունենք, որ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով ու գործողություններով։ Ինչը թույլ կտա՝ օր առաջ ապաշրջափակել ու բացել Լաչինի միջանցքը»,- եզրափակեց Վահան Կոստանյանը։

Փոխնախարարի ելույթից հետո դիվանագետների հետ հանդիպմանը ներկա  գտնվող լրագրողներին առաջարկվեց դուրս գալ սրահից:

Հ.Գ. Ի դեպ, Արցախը շրջափակված է ոչ թե 220, այլ 229 օր։

Տեսանյութեր

Լրահոս