
Նոր վերադասավորումներ Արցախում

Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն, Արցախի քաղաքական շրջանակներում նոր փոփոխությունների քննարկումներ են ընթանում: Դրա մեկնարկը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի փոփոխությունը կլինի: Բազմաթիվ պատճառներ են նշվում՝ նրա քաղաքական անթույլատրելի սայթաքումներից մինչև Թովմասյանի սեփական ցանկություն, սակայն առաջին հերթին խնդիրը Հայաստանի՝ Արցախի հարցով գործընթացից դուրս գալու հանգամանքն է:
Արցախում փորձում են ԱԺ նախագահի պաշտոնում այնպիսի գործչի ընտրել, ով ստեղծված ծանր իրավիճակում քիչ թե շատ ակտիվ գործելու հնարավորություն կստանա: Այս տեսանկյունից քննարկվում է ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը, ով ներկայումս ՀՅԴ Բյուրոյի անդամ է, խորհրդարանում և, առհասարակ, ներսում կոնսենսուային դեմք է:
Դավիթ Իշխանյանի ընտրությամբ նպատակ է դրվել ակտիվացնել հատկապես Սփյուռքի կառույցների ու նրանց միջոցով՝ միջազգային կառույցների ու դերակատարների հետ աշխատանքը:
Հիշեցնենք, որ Դավիթ Իշխանյանին Արցախի խորհրդարանի նախագահ ընտրելու թեման քաղաքական քննարկումների առարկա էր նաև դեռևս 3 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ քաղաքական պատասխանատվության վերաբաշխման և նախագահի լիազորությունների դադարեցման հարցն առաջին պլան էր եկել: Հետագայում այդ քննարկումները դադարեցին և միայն մեկ փոփոխություն եղավ՝ գեներալ Վիտալի Բալասանյանը նշանակվեց ԱԽ քարտուղար:
Ըստ տեղեկությունների, Արցախի իրավիճակով պայմանավորված, չեն բացառվում նաև այլ փոփոխություններ, վերադասավորումներ, սակայն այս պահին առարկայական այլ պայմանավորվածություններ դեռևս չկան: