«Աղդամի ճանապարհով մեզ բացարձակապես որևէ օգնություն պետք չէ, լուծումը պետք է լինի միայն Բերձորով կապը Հայաստանի հետ». Հացիի համայնքապետ

Արցախի Հանրապետությունում ադրբեջանական շրջափակման հետևանքներն օրեցօր ավելի են ծանրանում, աստիճանաբար մարդիկ սովի են մատնվում, քանի որ հունիսի 15-ից Արցախ որևէ հումանիտար բեռ չի մտել։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի համայնքի համայնքապետ Սանթուր Սարգսյանն ասաց, որ գյուղում պարենային ապրանքների մեծ սղություն կա։

«Խանութներում այլևս հիգիենայի պարագաներ չկա, վառելիքի ու բենզինի պակասության խնդիրն է, երևի մի քանի օրից ընդհանրապես չի լինի։ Սա խանգարում է մարդկանց տեղաշարժի ու գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը։

Հասարակական տրանսպորտն այլևս չի գործում, շրջաններից օրեցօր դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ կրճատվում է։ Այսինքն՝ օրեցօր վիճակը վատթարանում է»,- նշեց Սանթուր Սարգսյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ գյուղում կան բնակիչներ, որոնք ժամանակ առ ժամանակ հիվանդանոց այցելելու կարիք են ունենում, բայց խնդիրների պատճառով կարող է այնպես լինել, որ այդ օրը չստացվի և ուշ գնա, որի հետևանքով առողջական խնդիրներն էլ ավելի բարդանան։

«Իհարկե, մեծ խնդիրներ ունենք մարդկանց բուժհաստատություններ տեղափոխելու համար։

Հիմա նույնիսկ ստեփանակերտցիների համար է դժվար հասնել գյուղ ու գյուղատնտեսական մթերքներ հասցնել գյուղ, և գյուղացիների համար է դժվար հասնել Ստեփանակերտ։ Առհասարակ Արցախի ճանապարհներին մեքենաների տեղաշարժի չեք հանդիպի»,- շեշտեց Հացիի համայնքապետը։

Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ Արցախ կարող են Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն հասցնել, Սանթուր Սարգսյանը նկատեց.

«Աղդամի ճանապարհով մեզ բացարձակապես որևէ օգնություն պետք չէ։ Իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի միայն ու միայն Բերձորի միջանցքով կապը Հայաստանի հետ՝ Հակարիի կամրջի վրայից ադրբեջանական ապօրինի անցակետի ապամոնտաժմամբ»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունը, գրեթե 8 ամիս է՝ գտնվում է  ադրբեջանական շրջափակման մեջ։ Նախորդ տարի դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական «բնապահպանները» փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, որի արդյունքում 120 հազար արցախահայեր այսօր գտնվում են հումանիտար աղետի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս