«Ալիևը մեր «դժբախտ ու դժգույն» Շուշիում է, թուրքերն արգելել են՝ մեր ավտոբուսը հասնի Ստեփանակերտ». Մեծ Շենի գյուղապետ

223-րդ օրն է՝ Արցախը շարունակում է մնալ ադրբեջանական շրջափակման մեջ, 120 հազար արցախահայեր պարզապես մատնված են սովի։ Մայրաքաղաք Ստեփանակերտի ու տարբեր գյուղերի միջև կապը գրեթե կտրված է, կան բուժման կարիք ունեցող հիվանդներ, նորածիններ, հղի կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք չեն կարողանում ստանալ պատշաճ դեղորայք ու բուժում։

168.am հետ զրույցում կրկնակի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի ղեկավար Դավիթ Դավթյանն ասաց, որ շրջափակման պայմաններում գյուղերում ու մայրաքաղաք Ստեփանակերտում կյանքը որոշ չափով տարբեր է, քանի որ գյուղերում մարդիկ հող են մշակում, և հողից ստացած բերքով գոյատևում են՝ բանջարեղեն, կարտոֆիլ և այլն։

«Հիմնական խնդիրն ալյուրի խնդիրն է լինելու մոտակա ժամանակներում, նույնիսկ չգիտեմ, թե այդ հարցն ինչպես ենք լուծելու

Կարելի է  ասել, իրավիճակը գրեթե նույնն է, ուղղակի դեռ մեզ մոտ մահվան դեպքեր չկան, բայց ցանկացած օր հնարավոր է՝ նման բան լինի։

Կարդացեք նաև

Այս պահին գյուղում հղի կանայք չունենք, սակայն կան հիվանդ մարդիկ, որոնք բուժման ու դեղորայքի խնդիրներ ունեն։ Այդ մարդիկ դեղորայքով են ապրում, սակայն վիճակը շատ վատ է, օրեցօր դեղորայքը պակասում է։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք դեռ ունեն 5-10 օրվա դեղ, մտքից, որ հնարավոր է՝ դեղերը վերջանան, արդեն վատանում են վախից»,- նշեց Դավիթ Դավթյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 15-ին, երբ ադրբեջանական կողմն արգելեց Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների մեքենաների մուտքը գյուղեր, որպեսզի նրանք չկարողանան հումանիտար օգնություն հասցնել բնակիչներին, Արցախի Կառավարությունը տրամադրել էր մեկ ավտոբուս, որը մի քանի գյուղերի բնակիչների շաբաթը երկու անգամ հասցնում էր Ստեփանակերտ և վերադարձնում գյուղեր, սակայն երեկ ավտոբուսի մուտքը Ստեփանակերտ ադրբեջանցիները Շուշիի մոտ արգելել են։

«Երեկ վերջին ավտոբուսը, որ պետք է գնար Ստեփանակերտ, Շուշիից հետ եկավ գյուղ, թուրքերն արգելել են։ Դե, Ալիևը Շուշիում էր, մեր «դժբախտ ու դժգույն» Շուշիում էր, բայց այնտեղ իրեն շատ լավ էր զգում, որովհետև Շուշին նրա համար ո՛չ դժբախտ է, ո՛չ դժգույն։ Քանի որ նա հայկական Շուշիում է, թուրքերն էլ Շուշիի տակ մեր ավտոբուսին արգելել են անցնել Ստեփանակերտ, ասել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Նախկին վախն արցախահայությունից դեռ Ալիևի մեջ մնացել է»,- շեշտեց Մեծ Շենի գյուղապետը։

Նա չգիտի՝ երբ Ալիևը Շուշիից գնա, արդյոք կթողնե՞ն, որպեսզի բնակիչներին տեղափոխող ավտոբուսը հասնի Ստեփանակերտ։ Կա նաև դիզվառելիքի խնդիր։

Ինչ վերաբերում է հայտարարություններին՝ Աղդամի ճանապարհով Արցախ հումանիտար բեռներ հասցնելու վերաբերյալ, Մեծ Շենի գյուղապետն ասաց.

«Մեր ժողովուրդը դրան դեմ է, որպեսզի Աղդամի ճանապարհով հումանիտար բեռ հասնի այստեղ, մեզ դրանք պետք չեն»։

Տեսանյութեր

Լրահոս