Ռուսաստանը, իհարկե, կարող էր օգնել, բայց առաջին հերթին չօգնեց Հայաստանը, որն Արցախի անվտանգության երաշխավորն է. Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար, Արցախում գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանը տեսակապով հարցազրույց է տվել ռուս հանրաճանաչ լրագրող Քսենյա Սոբչակին:

«Մեզ մոտ հիմա հումանիտար աղետ է: Փախստականների հսկայական քանակություն է եկել Ստեփանակերտ ադրբեջանցիների կողմից նվաճված գյուղերից: Մարդիկ գտնվում են խուճապի մեջ: Չկա ոչ ջուր, ոչ գազ, ոչ լույս: Չկա դեղորայք, բժիշկները չգիտեն ինչ անել, մեծ քանակությամբ վիրավորներ կան: Մարդիկ վախեցած են, անգամ մի 8-ամյա երեխայի սիրտ է պայթել հրետակոծության սարսափից: Մարդիկ ֆիզիկական բնաջնջման վտանգի առաջ են կանգնած»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Վերջինս նշել է՝ այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է, ծանր հարված այն մարդկանց համար, ովքեր տասնամյակներով պաշտպանել են իրենց հողում ապրելու իրենց իրավունքը, և մարդիկ իսկապես սգի մեջ են:

«Արցախի ղեկավարության համար սա մեծ մարտահրավեր է: Տեղի են ունենում ծանր բանակցություններ՝ հումանիտար բեռների հասցման, հումանիտար միջանցքի բացման, անգամ  զոհերին հուղարկավորելու տարրական հնարավորություն տալու համար: Ցավոք, դրանք այժմ անարդյունավետ են»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Կարդացեք նաև

Հարցին՝ կարո՞ղ էր արդյոք Ռուսաստանն օգնել Արցախին, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է՝ Ռուսաստանը, իհարկե, կարող էր օգնել, մեծ հույս ունեին մարդիկ, որ խաղաղապահները ծանր պահին ձեռք կմեկնեն, բայց առաջին հերթին չօգնեց Հայաստանը, որն Արցախի անվտանգության երաշխավորն է:

Վերջինս կրկին պնդել է՝ չի հեռանալու Արցախից. պետք է պայքարել սեփական հողում ապրելու իրավունքի համար:

«Կարելի՞ արդյոք ասել, որ եկել է հայերի՝ Ղարաբաղում հազարամյա ներկայության ավարտը»,- Քսենյա Սոբչակի հաջորդ հարցն էր:

«Ո՛չ, ես վստահ եմ, որ սա վերջը չէ: Մենք ամեն ինչ պիտի անենք մեր սեփական հողում ապրելու համար: Արցախը դրախտավայր է: Կյանքը կանգ չի առել, այն շարունակվում է, դրա համար ես խորապես համոզված եմ, որ չնայած ծանրագույն իրավիճակին, մենք մեր ներսում պետք է պահենք մեր սեփական հողում ապրելու կամքի ուժը, անել ամեն բան, որ հայերը չհեռանան Արցախից ու պահեն իրենց արմատները»,- ասել է հայազգի գործարարը:

Ռուս լրագրողի վերջին հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է Հարավային Կովկասում ռուսական ազդեցության ավարտ, Ռուբեն Վարդանյանը պատասխանել է՝ ինքը քաղաքագետ-փորձագետ չէ, չի կարող այդ հարցին պատասխանել:

«Ես գիտեմ, որ Ռուսաստանը շատ է սիրում իր համար խնդիրներ ստեղծել և հետո հերոսաբար դրանք լուծել: Ես չեմ հասկանում ՝ շատ բաներ ովքեր և ինչու են որոշում»,- եզրափակել է Ռուբեն Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս