
«Անկարայի քայլերը Կիպրոսի և մարդու իրավունքների հարցում վճռորոշ են լինելու ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման համար». Բորել

Բրյուսելում հուլիսի 20-ին ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Եվրոմիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Անկարայի քայլերը Կիպրոսի և մարդու իրավունքների հարցում վճռորոշ են լինելու հարաբերությունների բարելավման համար։
Բորելը հայտարարել է, որ իրենք հավատում են Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ամրապդնմանը։ «Արդեն 24 տարի է ինչ ընթանում է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության գործընթացը, բայց 2016-ից հետո այն դադարեցվել էր՝ մարդու իրավունքների ոտնահարման և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին առնչվող անհանգստության պատճառով»,- ըստ ermenihaber.am-ի՝ նշել է նա։
Նաև հայտնել է, որ անսապասելի էր հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը կապված անդամակցության բանակցությունների վերսկսման հետ և դա ՆԱՏՕ-ի՝ Շվեդիայի անդամակցության հետ կապելը։
Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ է Կիպրոսի հարցը լուծել ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան։Նույն կերպ հարաբերությունների ամրապնդման համար կարևոր դեր է խաղալու Անկարայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայով սահմանված հիմնարար ազատությունների և արժեքների պաշտպանությունը։
Իսկ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության գործընթացին։ Նա նշել է, որ Թուրքիան շոշոփելի առաջընթաց է ակնկալում ԵՄ-ի հետ հարաբերություններում և այդ առաջընթացը ներառում է առանց վիզայի ճանապարհորդության հնարավորություն և ԵՄ անդամակցության գործընթացի որոշ գլուխներրի (կետերի) փակում, միևնույն ժամանակ շեշտելով նաև, որ Թուրքիայի ֆինանսական կարիքների համար անհրաժեշտ է Արևմուտքի աջակցությունը։
«Կողմերի միջև համագործակցության և երկխոսության աճը կարող է վերածվել ապագայում ավելի ամուր և համատեղ շահերի վրա հիմնված հարաբերությունների։ Թուրքիայի բարեփոխումների համար գոծադրած ջանքները և ԵՄ-ի աջակցությունը կարող են կարևոր քայլ լինել հարաբերությունների բարելավման և վստահության վերականգման ուղղությամբ»,- նշել է Բորելը։