Բացե՛ք քարտեզն ու նայե՛ք. 44-օրյա պատերազմի ժամանակ շատ ավելի քիչ տարածք ենք կորցրել, քան դրանից հետո՝ «պատերազմ կլինի» մտայնության շրջանակներում. Արամ Օրբելյան

«Ընդունվել է «Հայաքվե» անունը, ոչ թե Արցախաքվե, Ղարաբաղաքվե կամ այլ ձևակերպում, որովհետև այդ գործընթացի ակունքում նստած է մի գաղափար, ՀՀ-ն կարող է զարգանալ և գործել ՀՀ Սահմանադրության և ՀՀ Անկախության հռչակագրի բազիսային սկզբունքների հիման վրա: Անկախության հռչակագիրը շատ հստակ արձանագրել է այն հարցի պատասխանը, երբ մի հոգի ասում էր՝ «այս գերբն ի՞նչ կապ ունի ՀՀ-ի հետ»: Իհարկե կապ ունի, որովհետև այդ գերբն արձանագրել է հայկականության հետ կապ ունեցող մի քանի կարևոր պարամետրեր: Անկախության հռչակագրում նաև ուղղակի նշված է, որ ՀՀ-ն հետամուտ է լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Բացի դրանից, Անկախության հռչակագրի հիմքում դրված է Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանը:

Նա հիշեցրեց, որ անկախ Հայաստանի ձևավորված առաջին Խորհրդարանի պատգամավորներից տասը մեծամասնական ընտրակարգով ընտրվել էր Արցախից:

«Մինչև հիմա ոչ մեկի մտքով չի անցնել քրեականացնել Ցեղասպանության ժխտումը կամ Արցախի պատկանելության նկատմամբ ոտնձգություն կատարելը, որովհետև Հայաստանում չի եղել որևէ մարդ, որ դրանք կասկածի տակ կդներ: Եվ մեկ էլ տեսնում ենք, որ այս տարվա ապրիլի 24-ին ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ «Ցեղասպանություն» բառը չկա: Գրված է «Մեծ Եղեռն», ինչը մեղավորություն չնախատեսող եզրույթ է: Դրա համար կարիք առաջացավ ՀՀ Քրեական օրենսգրքում այս երկու նոր օրենքներ ներառելը՝ կանխելու համար համազգային նպատակներից հետքայլի ռիսկը»,- ասաց Արամ Օրբելյանը:

Միջազգային իրավունքի մասնագետը նշեց՝ մեր «կարմիր գծերն» աստիճանաբար խամրում են, և մեր իշխանությունները հետքայլ են կատարում մեր «կարմիր գծերից»:

Կարդացեք նաև

«Եթե մեր վախն այն է, որ մենք մեր Սահմանադրության մեջ նշված արժեքներից հրաժարվենք, ինչ է թե պատերազմ չսկսվի, մինչև որտե՞ղ է մեր «կարմիր գիծը»: Երկրորդը՝ եթե մենք ուսումնասիրենք 44-օրյա պատերազմը և դրան հաջորդող գործընթացները, կտեսնենք (և դա կարող է անել ցանկացած մարդ՝ բացելով քարտեզը), որ պատերազմի ժամանակ շատ ավելի քիչ տարածք ենք կորցրել, քան դրանից հետո՝ «պատերազմ կլինի» մտայնության շրջանակներում, ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տարածքներ: Եթե հարևան երկիրը ՀՀ տարածքում օրենք ընդունելու պատճառով պետք է պատերազմի Հայաստանի դեմ, մենք արդեն իսկ ընդունում ենք, որ ինքնիշխանություն չունենք»,- ասաց Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ եթե ասում ենք, որ օրենք չընդունենք, որ պատերազմ չսկսվի, նշանակում է՝ ընդունում ենք, որ նախկինում Ադրբեջանը լեգիտիմ առիթ է ունեցել պատերազմ սկսելու, մինչդեռ միջազգային իրավունքը պատերազմ սկսելու լեգիտիմ առիթ չի ճանաչում:

«Ուժի կիրառման լեգիտիմ առիթ գոյություն չունի: Երկրները տարիներով բանակցում են, բայց հենց մեկը պատերազմ է սկսում, այդ վայրկյանից խոսքը գնում է ապօրինի գործընթացի մասին: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ լեգիտիմ առի՞թ կար Ջերմուկի վրա հարձակվելու, Սյունիքի, Գեղարքունիքի տարածքները գրավելու…»,- հստակեցրեց միջազգային իրավունքի մասնագետը:

Ըստ նրա՝ օրենք ընդունելու արդյունքում, ընդհակառակը, պատերազմ չի լինի, երբ միջազգային հանրությունն ու գործող իշխանությունները կհասկանան, որ իրենք շեղվել են իրենց ստանձնած 2021թ. մանդատից:

«Եթե օրենքի նախագիծը պատգամավորները ներկայացնեին, այն շարունակություն չէր ունենա: Իսկ Սահմանադրությունը նախատեսում է, որ եթե Ազգային ժողովը մերժի 50 000 քաղաքացու կամքը, ովքեր ամեն ամիս հարկեր են վճարում, կարելի է մոբիլիզացնել 300 000 քաղաքացու ու առանց ԱԺ-ին հարցնելու՝ հանրաքվե անել»,- ասաց Արամ Օրբելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս