«Այդ զանգուլակները ձեռքիցդ խլելու են. պետք է ձևավորվի սթափ իշխանություն». Արգիշտի Կիվիրյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն այն կարծիքին է, որ Արցախում տեղի ունեցած հանրահավաքը որևէ էական ազդեցություն չի ունենա Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման վրա:
«Այդ ակցիան, կարելի է ասել, ոչինչ չէր նշանակում, միայն հասարակության մեջ գոլորշու բացթողում է: Հավանաբար մտածում էին, որ հասարակության մեջ կարող է տեղի ունենալ պայթյուն, դրա համար իշխանությունները որոշեցին իրենք կազմակերպել մի բան, որը ոչ մի նշանակություն չունի: Եթե մարդիկ կանգնում-ասում են, որ սա ապաքաղաքական է, ապա ինչի՞ մասին է խոսքը: Ամենագլոբալ, խոշորագույն քաղաքական պրոցեսներն անվանում են ապաքաղաքական: Դրանից առաջ իրենց պետնախարարը երեկ հայտարարություն է տարածում, որտեղ, չգիտես ինչու, հպարտորեն ասում է, որ ինքը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: Դուք հասկանո՞ւմ եք՝ Արցախի ծանրագույն իրավիճակում նշանակվել են բարձրագույն պաշտոնների մարդիկ, որոնք քաղաքականությամբ երբեք չեն զբաղվել: Երբ դու երբեք չես զբաղվել քաղաքականությամբ, դու ընդհանրապես չես էլ պատկերացնում՝ քաղաքական պրոցեսն ինչ է, որ քայլերը կարող են քաղաքական գործընթացով ապահովել արդյունք, դու ընդհանրապես չես պատկերացնում՝ ինչ է գեոքաղաքականությունը, այդ պահին ինչ մեխանիզմներ կարելի է աշխատացնել, ինչը չի կարելի աշխատացնել, ու հետո զարմանալ, թե ինչի է իրավիճակն այսպիսին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Կիվիրյանի խոսքով՝ իրավիճակն այսպիսին է, որովհետև Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական էլիտաները համառորեն չեն ցանկանում զբաղվել քաղաքականությամբ. «Իսկ ով զբաղվում է քաղաքականությամբ, զբաղվում է սկսնակ մակարդակով կամ հավաքարարի… Ես հավաքարարների դեմ ոչինչ չունեմ, հարգալից եմ վերաբերվում, ոնց որ ցանկացած մասնագիտության, ուղղակի այդ մարդիկ քաղաքականությունից չեն հասկանում, զուտ այդ օրինակով բերեմ, կարելի է ասել՝ ԱԺ հավաքարարների մակարդակով են զբաղվում քաղաքականությամբ»:
Վերլուծաբանն ասաց, որ գումարները պետք է առաջինը ծախսվեն անվտանգության վրա, ոչ թե՝ զանգուլակների. «Որովհետև եթե դու չես ծախսում անվտանգության վրա, զանգուլակները գալու են ձեռքիցդ խլեն, դա մնալու է իրենց: Գլոբալ ելքն այս վիճակից այն է, որ Հայաստանում ձևավորվի սթափ իշխանություն, ըստ դրա՝ այդ իշխանությունն օժանդակի, որ Արցախում էլ ռազմաքաղաքական էլիտան խելքի գա, պետք է փորձել այս իրավիճակից դուրս գալ: Եթե դու կարողանաս դառնալ ինքնուրույն խաղացող, այս հակասությունների մեջ դու կկարողանաս առավելագույնը շահել, ոչ թե այս հակասությունների տակ կմնաս, և այդ հակասությունները քեզ կխեղդեն, այլ հակառակը՝ կշահես»:
Նա շեշտեց. «Նիկոլ Փաշինյանը երբեք անձամբ չի հեռանա իշխանությունից, դա փաստ է: Փորձելու է կառչած մնալ մինչև վերջ, որովհետև հոյակապ հասկանում է, թե իր հեռացումն ինչի է հանգեցնելու իր և իր շրջապատի համար: Դրանից հետո նա չի կարողանա այս հասարակությանը պատմել իր հեքիաթները, որ Վարդան Մամիկոնյանից ու Տիգրան Մեծից սկսած բոլորը մեղավոր են եղել, բոլորի համար պարզ կլինի, որ կա թիվ մեկ պատասխանատու և այդ թիվ մեկ պատասխանատուն պետք է պատասխան տա բոլոր իր արածների համար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում