Հասկանում ենք իրավիճակը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելու քաղաքացիական քայլերը․ Փաշինյանի խոսնակը՝ ԼՂ-ում մեկնարկած շարժման մասին
Հայաստանի իշխանությունները հասկանում են ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետեւանքները միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում վաղ առավոտից մեկնարկած անժամկետ շարժմանը՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը դադարեցնելու պահանջով։
«Հայաստանի իշխանությունները հասկանում են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետեւանքներն ու Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությունը միջազգային հանրությանն ավելի տեսանելի դարձնելուն ուղղված քաղաքացիական քայլերը։
Հայաստանի կառավարությունը ինքը ջանքեր է գործադրում այս ուղղությամբ: Միջազգային հանրությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքի ապաարգելափակման մասին:
ՀՀ կառավարությունը այս առումով նաև ընդգծում է, որ միջազգային մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության օրակարգով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը անհրաժեշտություն է»,- շեշտեց Բաղդասարյանը։