«Քավոր-սանիկ՝ մեծ թավշյա ընտանիք». ո՞վ է Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը քննող դատավորը
«2018 թվականից, ինչ էս սրիկան և իր թափթփուկները եկան իշխանության, նրանք համառորեն փորձում էին ինձ ու իմ մերձավոր շրջապատի վրա ճնշում գործադրել և քրեական գործեր սարքել,- դեռ նախորդ տարի ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներից մեկում հայտնել էր Կրթության և Գիտության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ այս համատեքստում խոսելով Դավիթ Սանասարյանի` ՊՎԾ պետ եղած ժամանակ Բժշկական համալսարանում արված ստուգումների մասին,- Մի դրվագով փորձում է «բոչկա գլորել» ինձ վրա, որովհետև Բժշկական համալսարանն այդ ժամանակահատվածում ինչ-որ բիզնես հարաբերություններ է ունեցել այսօրվա Դիմադրության շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ֆիրմաներից մեկի հետ։
Այնքան հիմարություն է գրած լինում Դավիթ Սանասարյանի ղեկավարած կանտորան, ու ես գիտեմ՝ ինչո՞ւ է նա դա գրում, և ո՞ւմ ուղղորդմամբ։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա որոշակի բան է ստանում իմ դեմ գրելու համար։ Մի խոսքով, նման թուղթ են գրում․ չորս տարի այդ փաթեթը տարբեր իրավապահ մարմիններով շրջանառվում է։ Դավիթ Սանասարյանին հանում են, գալիս է Քյարամյան կոչված անհայտ ծագման, բառի բուն իմաստով, մարդ, որն իր հոր անունն անգամ չգիտի, ուզում է ճշմարտություններ գտնել ուրիշների մասին։ Այդ սրիկան, որ իր հոր իրական անունն անգամ չգիտի, փորձում է ճշմարտություններ բացահայտել այլոց մասին, այդ գործը փորձում են փքել, սարքել ինչ-որ թեմա, գործն ուղարկում են ԱԱԾ, այնտեղ քննում են, տեսնում են՝ ոչ մի «զացեպկա» չունեն ինձ կամ Իշխանին բռնելու համար, Հակակոռուպցիոն կոմիտեում էլ են տեսնում, որ իրավական առումով կպնելու որևէ տեղ չկա մեր հանդեպ։ Այս չորս տարվա ընթացքում այս ոդիսականը, այս Քյարամյան կոչվածը գալիս դառնում է, ու այն գործը, որի տակ ոչ մի բան չկա, նորից վերահասցեագրվում է այս օբյեկտին»,- ուղիղ եթերում հայտարարել էր Արմեն Աշոտյանը։
Այս պատմության շարունակությունը բոլորիս է հայտնի. 2023 թվականի հունիսի 16-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց երկու ամսով:
Ինքը՝ Արմեն Աշոտյանն էլ գիտեր և տարբեր առիթներով հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյան-Արգիշտի Քյարամյան զույգն ավելի քան 4 տարի, ամենօրյա ռեժիմով ամեն ինչ անում է իրեն լռեցնելու և կալանավորելու համար:
Արմեն Աշոտյանը գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ամենաոխերիմ քննադատն է. հատկապես Հայաստանի ու Արցախի անվտանգության, Արցախի հիմնախնդրի հետ կապված հարցերում նա մերկացնում և հանրությանն էր ներկայացնում ՔՊ-ական իշխանության՝ քաղաքական, դիվանագիտական քայլերի վտանգները: Նա բազմիցս բացահայտել է փաշինյանական ռեժիմի մութ գործարքները՝ հրապարակելով սկանդալային փաստաթղթեր:
Միջազգային հարթակներում հանրապետական գործիչը ներկայացնում էր Փաշինյանի կառավարության երկակի խաղերը, երկիրը ավտորիտար ռեժիմի տանելու գործողությունները, մարդու իրավունքների, միջազգային իրավունքի դեմ ոտնձգությունները, և, հետևաբար, Աշոտյանի նման քննադատին լռեցնելը Փաշինյանի համար օրախնդիր էր, որի իրականացմանը լծվել էին տարբեր պաշտոնյաներ, տարբեր գերատեսչություններ:
Օրերս Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց՝ իր պաշտպանյալի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը քննող դատավորն Արթուր Նահապետյանն է, որը, ոչ ավել, ոչ պակաս՝ Արգիշտի Քյարամյանի ընկերն է: Շիրակի դատախազության շենքում ձևավորված ընկերությունն առավել ամրապնդվել է «քավոր-սանիկ-մեկ ընտանիք» կնիքով:
Թավշյա իրադարձություններից ընդամենը մի քանի ամիս անց էր, որ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, թե «այն դատավորները, ովքեր կգործեն օրենքի տրամաբանությամբ և պատասխանատու կլինեն իրենց որոշումների համար, մենք կողջունենք նրանց, սակայն բառացի ասել եմ, որ վայը եկել-տարել է այն դատավորներին, ովքեր կողմնակի ազդեցություններով, կաշառքով կփորձեն դատական համակարգն այլ ուղղությամբ տանել: Ես ի՞նչ եմ ասում, ասում եմ, ժողովուրդ ջան, ես չեմ միջամտելու ձեր գործերին, սակայն, եթե դուք կփորձեք օգտվել ձեր նախկին միջամտությունների խողովակներից, հետևի դռնով մարդիկ դուրս գան, քավոր-սանիկ-բարեկամ կապեր օգտագործեն, դա չի լինելու»:
Եվ «թավշյա» զուգադիպությամբ՝ Նահապետյան-Քյարամյան դուետի վերջին 5 տարիների կենսագրությունը սկսել էր նմանվել իրար. Նահապետյանը, օրինակ, աշխատել է այն հիմնարկներում, որոնք ղեկավարել է Արգիշտի Քյարամյանը:
Այս ամենի մասին՝ առավել մանրամասն
Ըստ բաց աղբյուրներում տեղադրված տեղեկությունների, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրի՝ 2018 թվականի հուլիսի 11-ին Արթուր Նահապետյանը ստանձնում է ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետի պաշտոնը՝ ընդամենը 1 ամիս անց Արգիշտի Քյարամյանի՝ ՊԵԿ-ում հայտնվելուց հետո:
2016 թվականից Շիրակի մարզի, ապա՝ Երևան քաղաքի դատախազություններում դատախազ աշխատած Արգիշտի Քյարամյանը 2018 թվականի հունիսի 8-ից ստանձնել էր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության պետի տեղակալի պաշտոնները:
Արթուր Նահապետյանը 2019 թվականից մինչև 2020 թվականն աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունում՝ որպես պետի տեղակալ:
2020 թվականի հուլիսի 24-ին ներկայացված պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրի համաձայն՝ 2020 թվականի հունիսի 18-ին ԱԱԾ Քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնը ստանձնելու ժամանակ Արթուր Նահապետյանը նաև շուրջ 2 միլիոն դրամի չափով եկամուտ էր հայտարարագրել ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:
Ի դեպ, 2019թ.-ի մարտի 1-ից Արգիշտի Քյարամյանն աշխատում էր որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող, իսկ 2020 թվականից՝ նախ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, ապա մեկ ամսում, մասնագիտական անհայտ դրսևորումների շնորհիվ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
2022 թվականին ներկայացված դեռևս վերջին՝ 2021 թվականն ամփոփող տարեկան հայտարարագրի եկամտների սանդղակից էլ տեղեկանում ենք, որ հաշվետու տարում Արթուր Նահապետյանը շուրջ 9 միլիոն 593 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, այլ եկամուտներ՝ դարձյալ ԱԱԾ-ից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և ՊԵԿ-ից:
Հիշեցնենք՝ Արգիշտի Քյարամյանը 2021թ. հուլիսի 12-ից մինչ օրս ՀՀ քննչական կոմիտեի նախագահն է, իսկ Արթուր Նահապետյանը՝ 2023թ. մարտի 17-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր, և օրերս քննելու է Արգիշտի Քյարամյանի համար մեծ կարևորություն ունեցող Արմեն Աշոտյանի կալանքի դեմ բողոքը:
Մանրամասները՝ տեսանյութում