Այսպիսի «պատմական ռեկորդներ» միշտ էլ եղել են. Միայն Նիկոլ Փաշինյանը կարող է դրանք այդպես շահարկել

Այն «պատմական ռեկորդները», որոնց մասին Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կամ շատ հաճախ խոսում է, իրականում միշտ էլ եղել են, բայց որևէ մեկի մտքով երբեք չի անցել դրանք պատմական ռեկորդ համարել և ի լուր բոլորի հայտարարել, փորձել տպավորություն ստեղծել, թե ինչպիսի աննախադեպ ձեռքբերումների են հասել։ Բոլորն էլ կարող էին այդպես անել, բայց չեն արել։ Չեն արել, որովհետև լուրջ չեն համարել։

Որ ենթադրենք՝ աշխատավարձերը, աշխատատեղերը, ՀՆԱ-ն կամ հարկերն ավելանում են, դրանում արտառոց ոչինչ չկա։ Այդպիսի «պատմական ռեկորդներ» բոլոր ժամանակներում էլ եղել են ու լինելու են։ Դա բնական պրոցես է, որն այդպես էլ պիտի լինի։

Նույնն է թե՝ նախորդ օրվա համեմատ՝ հաջորդ օրը մի փոքր ավել հարկ հավաքես ու անմիջապես հայտարարես, թե պատմական ռեկորդ է գրանցվել։

Անլուրջ է այդպիսի ռեկորդների մասին խոսելը։ Որևէ լուրջ ղեկավար իրեն թույլ չի տա այդպիսի առօրյա երևույթները «պատմական ռեկորդներ» համարել։ Միայն Նիկոլ Փաշինյանն է, որ չի դադարում իր հաշվին «ռեկորդներ» գրանցել։

Կարդացեք նաև

Մինչև վերջերս աշխատավարձերի, աշխատատեղերի, հարկերի պատմական ռեկորդներից էր պարբերաբար խոսում, հիմա հավանաբար դրանք քչություն են անում, անցել է ավանդներին։

Ասում է՝ բանկային համակարգում ունենք շատ կարևոր ցուցանիշներ։

«ՀՀ բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023-ի մայիսին կազմել է 5 տրիլիոն 144 մլրդ 288 մլն դրամ, որը ՀՀ պատմության համար ռեկորդային ցուցանիշ է, բայց ապրիլին էլ էր ռեկորդային ցուցանիշ, այդ ցուցանիշները բարելավվում են։

Նախորդ ամսվա համեմատ՝ 12 մլրդ 841 մլն դրամի աճ ենք ունեցել։ Սրանք այն ավանդային հաշիվներն են, որտեղ քաղաքացիները դրամ են պահում, այսինքն՝ իրենց խնայողությունները։

Պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 2023 թվականի մայիսին ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է ավելի քան 2.5 տրիլիոն  դրամով, կամ 96,7 տոկոսով։

Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են»,- օրերս հերթական «պատմական ռեկորդն» իր հաշվին գրանցեց Նիկոլ Փաշինյանը։

Այդպիսի պատմական ռեկորդներ, եթե այդպես կարելի է ասել, առաջին անգամ չէ, որ գրանցվում է։ Նախկինների օրոք էլ գրեթե ամեն ամիս, նախորդի համեմատ, ավանդներն ավելանում էին, նաև շատ ավելի բարձր տեմպով։ Բայց ոչ մեկի մտքով չէր անցնում դա պատմական ռեկորդ համարել։

Կարող եք վերցնել պայմանական ժամանակահատված՝ կտեսնեք, որ այդպիսի «պատմական ռեկորդները» միշտ էլ եղել են, առավել ևս՝ տարվա կտրվածքով։

Օրինակ՝ Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալներով, 2017թ. սեպտեմբերին ավանդները բանկերում կազմել են 2 տրիլիոն 479 մլրդ դրամ, հոկտեմբերին՝ հասել են 2 տրիլիոն 533 միլիարդի։

Մեկ ամսում ավելացել են իսկապես ռեկորդային 54 միլիարդով։

Հաջորդ ամսին կամ նոյեմբերին ավանդներն ավելացել են 48 միլիարդով, իսկ դեկտեմբերին՝ ևս 43 միլիարդով։

Ամիսն ամսվա վրա՝ բանկային ավանդներն աճել են առնվազն 43-54 միլիարդով։

Այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում է ապրիլի համեմատ մայիսի 12,8 մլրդ դրամ աճի մասին ու այնպես է ներկայացնում, կարծես աննախադեպ ձեռքբերում է։

Նախկինում շատ ավելի բարձր աճեր են գրանցվել, բայց որևէ մեկի, առավել ևս՝ պետության ղեկավարի մտքով չի անցել հայտարարելու, թե ինչպիսի «պատմական ռեկորդներ» են գրանցվել ավանդների ցուցանիշներում։

Թեև, որպես այդպիսին, նախկինում դրանք շատ ավելի «պատմական ռեկորդներ» կարող էին համարվել։ Նաև երկարաժամկետ հատվածի կտրվածքով։

Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ 2018թ. մայիսի նկատմամբ՝ 2023թ. մայիսին ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է կամ ավելացել 96,7 տոկոսով։

Հիմա հետ գնանք իշխանափոխությանը նախորդած հինգ տարիներին։

2013-2017թթ. կամ հինգ տարվա ընթացքում ավանդները ոչ թե 96,7 տոկոսով են ավելացել, այլ գրեթե 2,2 անգամով։

Հիմա 2,2 անգա՞մն է ավելի շատ, թե՞ 96,7 տոկոսը, որով այդքան ոգևորվել է Նիկոլ Փաշինյանը։

Դեռ չհաշված, որ այսօր Հայաստանի բանկերում պահվող ավանդների մեջ չափազանց մեծ կշիռ են կազմում ոչ Հայաստանի քաղաքացիների միջոցները։

Այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը մեկ այլ մանիպուլյացիա է անում՝ լավ իմանալով, որ այդպես է։

Հայտնի է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ իրենց միջոցները տեղափոխեցին ու ավանդադրեցին հայաստանյան բանկերում։ Նաև դրա արդյունքում են ավելացել ավանդները։

Ոչ ռեզիդենտների ավանդների առումով իսկապես պատմական ռեկորդ է գրանցվել։

Այս տարվա վերջին Հայաստանի բանկեում պահվող խնայողությունների գրեթե 27-28 տոկոսը ոչ ռեզիդենտների միջոցներն էին։

Վերջին շրջանում գումարները հանելու հետևանքով, հարաբերակցությունը իջել է 25-26 տոկոսի։

Իսկ մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունն ու պատժամիջոցները՝ 20-22 տոկոսի շրջակայքում էին։ Իշխանափոխությունից առաջ՝ ավելի ցածր։

Նշենք, որ ինչքան բարձր է ոչ ռեզիդենտների կամ այլ երկրների քաղաքացիների ավանդների տեսակարար կշիռը, այնքան նվազում է Հայաստանի քաղաքացիների մասնաբաժինը։

Ավանդներն ավելացել են, ճիշտ է, ավելի դանդաղ տեմպով, քան նախկինում, բայց նույնիսկ այդ պարագայում, դրանում շատ ավելի մեծ է եղել այլ երկրների քաղաքացիների մասնակցությունը։ Այսինքն՝ նաև նրանց հաշվին է, որ ավանդներն աճել են։ Եթե այդպես չլիներ՝ աճի տեմպը, անշուշտ, շատ ավելի ցածր կլիներ։ Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կլինի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս