Ասում եք՝ տնտեսությունը «ծաղկո՞ւմ» է
Եթե հավատալու լինենք իշխանությունների հայտարարություններին՝ Հայաստանի տնտեսությունը ծաղկում է, ներդրումները հորդում են, համաշխարհային մակարդակի ակտիվություն է գրանցվում։ Ամենուրեք աննախադեպ աճեր են ու զարգացումներ։ Բայց երբ խորանում ենք երևույթների մեջ, տեսնում ենք, որ տնտեսությունը ոչ միայն չի «ծաղկում», այլև վիճակը գնալով վատանում է։
Խոսքը տնտեսության իրական հատվածի և ոչ թե՝ հայտնի գործոնների արդյունքում առևտրի ու ծառայությունների վրա հիմնված աճերի մասին է։
Առևտրի ու ծառայությունների աճերը չէ, որ բնութագրում են մեր տնտեսության իրական վիճակը։ Դա երևում է տնտեսության իրական հատվածում, որը հայտնվել է փակուղում, գնալով կորցնում է մրցունակությունը։ Ո՛չ դրսում է կարողանում մրցակցել, ո՛չ ներսում։ Դրսում չի կարողանում մրցակցել, որովհետև դրամի ամրապնդման հետևանքով ստիպված է բարձրացնել իրացման գները։ Բարձրացնում է գները՝ կորցնում է սպառումը, չի բարձրացնում՝ վնասներն են ավելանում։
Արտաքին շուկաները քիչ են, ներքին շուկան էլ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել տնտեսության արտադրական հատվածին։ Դրամի ամրապնդման հետևանքով, այստեղ էլ ներմուծման էժանացումն է հարվածում տեղական արտադրողին։
Տեղական արտադրությունը հայտնվել է անելանելի վիճակում։ Ոչ ներդրումներ կան, ոչ էլ կառավարությունն է ձեռք մեկնում։
Այդքան խոսում են ներդրումների ռեկորդային աճերից, բայց փաստն այն է, որ տնտեսության իրական հատվածում ներդրումները նույնիսկ նվազել են։
Անցած տարի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները կազմել են 1 տրիլիոն 880 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ 2 տրիլիոն 26 միլիարդ էին։ Այս տարվա տվյալները դեռ չեն հրապարակվել, բայց դատելով առկա իրողություններից՝ դրանք հազիվ էլ փոփոխության ենթարկված լինեն։
Ներդրումները, եթե նույնիսկ կան, դուրս են տնտեսության իրական հատվածից։ Զարմանալի չէ, որ իրավիճակն էլ այսպիսին է։ Տնտեսության իրական հատվածը չի դիմանում մրցակցությանը և աստիճանաբար դուրս է մղվում՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին շուկայից։ Արդեն կան նաև ոչ պակաս հայտնի ընկերություններ, որոնք կանգնած են սնանկացման եզրին։ Այդ պրոցեսն առաջիկայում գնալով խորանալու է՝ ընդգրկելով նորերին։
Իշխանությունները տնտեսության միայն արտաքին աճերն են տեսնում։ Միտումնավոր, թե չիմացությամբ՝ ներսը չեն մտնում, որովհետև եթե մտնեն, կտեսնեն, որ իրականում տնտեսությունը ներսից սկսել է քայքայվել։
Դա երևում է նաև վճարվող հարկերի կառուցվածում։ Հպարտանում են բյուջեի եկամուտների աճերով։ Պատմական ռեկորդներ են խփում, երբ այդ նույն «ռեկորդների» մեջ ուրվագծվում է տնտեսության տխուր պատկերը։
Բյուջեի եկամուտների ամենամեծ բաժինը, գրեթե մեկ երրորդը, ձևավորվում է ԱԱՀ-ի հաշվին։ Սա անուղղակի հարկ է, որը գանձվում է՝ ինչպես ներմուծումից, այնպես էլ՝ ներքին տնտեսությունից։ Որքան ներմուծումը շատ լինի, այնքան ներմուծման ԱԱՀ մուտքերն ավելանում են։
Ներքին տնտեսության մեջ գոյացող ԱԱՀ-ն էլ կախված է տնտեսության զարգացումներից։
Հիմա տեսնենք, թե ինչպես են փոխվել այս ընթացքում ԱԱՀ մուտքերը։
Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի առաջին հինգ ամիսներին պետական բյուջեն ԱԱՀ գծով ստացել է գրեթե 285 մլրդ դրամ, 51 միլիարդով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Բայց արի ու տես, որ այդ ավել մուտքերը եղել են բացառապես ներմուծումից գանձված ԱԱՀ-ի հաշվին։
Անցած տարվա առաջին հինգ ամիսներին ներմուծումից ստացվել էր՝ 137,4 մլրդ դրամի, այս տարի ստացվել է 201,8 միլիարդի ԱԱՀ։
Այս տարի ներմուծումից 64,4 միլիարդով ավելի շատ ԱԱՀ է հավաքվել, քան անցած տարի։ Այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում ԱԱՀ ընդհանուր մուտքերը՝ ներմուծումից ու ներքին տնտեսությունից ստացված, ավելացել են ընդամենը 51 միլիարդով։
Ի՞նչ է տեղի ունեցել։
Տեղի է ունեցել այն, որ ներքին տնտեսության մեջ ձևավորված ԱԱՀ-ն, որն ուղղակիորեն կապված է մեր տնտեսության զարգացումների հետ, ոչ միայն չի ավելացել, այլև նվազել է։ Այսինքն՝ ներքին տնտեսությունը մի բան էլ հետ է գնացել։
Անցած տարվա առաջին հինգ ամիսներին ներքին տնտեսությունից գանձված ԱԱՀ-ն կազմել էր 97,4 մլրդ դրամ, այս տարի կազմել է 83,4 միլիարդ։
Նախորդ տարվա համեմատ՝ ներքին տնտեսության մեջ ձևավորված ԱԱՀ-ն կրճատվել է 14 մլրդ դրամով կամ ավելի քան 14 տոկոսով։ Իսկ բյուջեի՝ ինչպես ընդհանրապես հարկային եկամուտների, այնպես էլ՝ ԱԱՀ պարագայում արձանագրված մուտքերի ավելացումները հիմնականում արտաքին գործոնների հետ են կապված։ Մեծ ծավալի ներմուծումներ են իրականացրել վերարտահանումների նպատակով, ու դրա արդյունքում ԱԱՀ մուտքերն ավելացել են։
Մուտքերի ավելացումը, անշուշտ, լավ է, բայց հազարապատիկ ավելի վատ է ու մտահոգիչ, որ ներքին տնտեսության մեջ ձևավորված ԱԱՀ-ն է նվազել։
Նվազել է, որովհետև կրճատվել է ներքին տնտեսության մեջ գոյացող այդ հարկի հարկման բազան, արտադրության կամ շրջանառությունների ծավալներ են կրճատվել։
Սա է մեր «ծակող» տնտեսությունը։ Եվ այն, որ արտաքին գործոններով թելադրված բարձր աճեր են գրանցվում, դա չէ մեր տնտեսության իրական պատկերը։
Բյուջեի «պատմական ռեկորդները» ևս, որոնք իշխանությունները պարբերաբար օգտագործում են աննախադեպության տպավորություն ստեղծելու համար, նույնպես մեր տնտեսության «բուռն» զարգացումների հետ կապ չունեն։ Դրանք առաջացել են հայտնի մի քանի գործոնների արդյունքում։
Մեկը՝ ներմուծումներն են վերարտահանումների նպատակով, երկրորդը՝ կապիտալի հսկայական հոսքերը, որոնք գերշահույթներ և շահութահարկի մեծ պարտավորություններ են ձևավորել ֆինանսական համակարգում, երրորդը՝ մարդկային հոսքերն են դրսից, և այդպես շարունակ։
Սրանց հանրագումարում էլ ունենք՝ ինչպես բարձր տնտեսական աճ, այնպես էլ՝ հարկային եկամուտների ավելացում։ Բայց դրանից, մեր տնտեսական իրավիճակը, առավել ևս՝ իրական տնտեսության վիճակը ոչնչով չի բարելավվել։ Ընդհակառակը՝ վատացել է, ու այդ մասին փաստերն են խոսում և ոչ թե՝ այն դատարկ հայտարարությունները, որոնցով փորձում են տնտեսության աննախադեպ զարգացումների տպավորություն ստեղծել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ