Գեներալական ուսադիրներ վերցնելու ու դրանք չարատավորելու հրամայականը
ՀՀ Սահմանադրության օրվա առիթով՝ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահի հրամանագրերով Զինված ուժերից 5 հոգու բարձրագույն զինվորական կոչումներ են շնորհվել:
Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանն արդեն գեներալ-լեյտենանտ է, իսկ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Գոռ Նիկոյանը, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Կարեն Գրիգորյանը և ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը՝ գեներալ-մայոր:
ԳՇ պետին՝ գեներալ-լեյտենանտի, իսկ մյուսներին գեներալական ուսադիրները հանձնվել են երկրի նախագահի նստավայրում:
Սոցիալական ցանցերում զինվորականության՝ գործող իշխանություններից գեներալական կոչումներ «վերցնելը» կոշտ որակումներով ընդունվեց և դիտարկվեց ոչ սպայի համար պատվաբեր: 44-օրյա պատերազմից հետո և հետպատերազմյան զարգացումների, տարածքային կորուստների, բանակի հանդեպ իշխանության վերաբերմունքի ֆոնին նման արձագանքը, իհարկե, հասկանալի է:
Այսինքն, ունի օբյեկտիվ պատճառներ, հատկապես, երբ պատերազմից հետո ՀՀ զինված ուժերն ինչ-որ առումով զրկված են եղել և այսօր էլ զրկված են իրենց սահմանադրական պարտականությունը կատարելու իրավունքից՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը», փոխարենը նրանց առաջ խնդիր է դրվել՝ առաջ տանել Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը և պահել նրա խոստացած 29.800 քառակուսի կմ ՀՀ տարածքը, ինչը վաղուց խախտվել է, եթե հաշվի առնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանն ավելի քան 150 քկմ է օկուպացրել ՀՀ ինքնիշխան տարածքից:
Երկրորդ, ՀՀ գործող իշխանությունները Զինված ուժերին նաև զրկել են իրենց սահմանադրական պարտականությունները կատարելու հնարավորությունից, քանի որ Փաշինյանը կամ ցանկություն չի ունեցել, կամ չի կարողացել լուծել, օրինակ, ԶՈւ ռազմատեխնիկական և անվտանգային հարցերը:
Երրորդ, հունիսի 15-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սխալվել են՝ վստահելով բանակին, որի համար իբր ոչինչ չեն խնայել:
«Մենք վստահել ենք մեր բանակին, վստահել ենք: Ընդ որում, իմացել ենք քաղաքական կապվածությունների մասին, ինչ-որ բաների առաջ աչք փակելով՝ վստահել ենք: 2018-ից մինչև այսօր չկա մի դեպք, որ մեր բանակում ինչ-որ բան տեղի ունեցած չլինի այն պատճառով, որ կառավարությունը ասի՝ փող չկա: Բացառված է, չի կարող նման բան լինել: Գուցե դա՞ է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին»,- շեշտել էր նա:
168.am-ը «Փաշինյանի վստահության «կոդեքսը» կամ բանակին չվստահելու խոսուն փաստեր. Որքանով է բանակը վստահել» վերտառությամբ հոդվածում ներկայացրել էր փաստեր այն մասին, որ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ չի վստահել բանակին, ռազմական ղեկավարությանը:
ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում անկեղծացել էր, որ ինչ-որ պահի՝ շատ ուշ, իրենք էլ են հասկացել, որ սխալվել են, երբ պատերազմի ժամանակ վստահել են Փաշինյանին: 2021 թվականի փետրվարի 25-ի ԳՇ հայտարարության մեջ գեներալները նշել էին, որ Փաշինյանը սահմանները հատել է, մեզ հետ զրույցում Տիրան Խաչատրյանն էլ գաղտնազերծել էր ՝ սահմաններ անցնելը «սկսվել էր երևի պատերազմի ընթացքում, հետո արդեն ավելի խորացել են դրանք»:
Ի դեպ, 168.am-ի՝ Տիրան Խաչատրյանի այս հարցազրույցից հետո, հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ընթացքում ասել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչ-որ գործընթացներ են տեղի ունեցել, որոնք խաթարել են իր վստահությունը բանակի նկատմամբ, և հետաքրքիրն այն է, որ այս անգամ նա չէր բացառել, որ վստահության խաթարումը երկուստեք է եղել։
«Ես գիտեմ՝ ինչն է պատճառը, որ գործողություններն են եղել պատճառը, որ ես վստահության խաթարում եմ ունեցել։ Բայց, անկեղծ ասած, դժվարանում եմ ասել, թե իմ որ գործողությունն է, որ պետք է իմ նկատմամբ վստահության խաթարում առաջացներ մեր զինվորական ղեկավարության կողմից։ Չեմ տեսնում իմ կողմից նման գործողություն»,- շարունակել էր Փաշինյանը:
Հետաքրքիր է, որ 2021 թվականի փետրվարի 25-ի հայտարարությունից հետո էլ Նիկոլ Փաշինյանի համար դեռ պարզ չէ, թե ինչու պիտի իր նկատմամբ բանակի վստահությունը խաթարվեր: Իսկ ԳՇ-ն այդ հայտարարությամբ պահանջում էր Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը՝ հիմնավորելով.
«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:
Եթե Փաշինյանի մոտ դեռ կան անորոշություններ, գուցե պատերազմի ժամանակ ռազմական ղեկավարությունը կոնկրետացնի՞, թե որ գործողության արդյունքում խաթարվեց իրենց վստահությունն առ գերագույն գլխավոր հրամանատար:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ ստորագրել էր նաև այն ժամանակ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր, իսկ այսօր ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
Իսկ ԳՇ պետի պաշտոնն Ասրյանին վստահելը Փաշինյանը համարել էր ճիշտ որոշում: Եվ ոչինչ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Էդվարդ Ասրյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր, և ունեցել ենք օպերատիվ կառավարման հետ կապված խնդիրներ, Փաշինյանն էլ գուցե ինչ-որ պահի վստահության հետ կապված խնդիր է ունեցել:
Ոչինչ, որ 2021-ի սեպտեմբերի 27-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, և, ըստ մամուլում շրջանառված լուրերի, Ասրյանի ազատման հարցում որոշակի դերակատարում էր ունեցել նրա՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ ԱԺ միջանցքում մոտ 10 րոպե տևած զրույցը, ինչպես նաև Ասրյանի՝ Սեյրան Օհանյանին «պարոն գեներալով» դիմելը:
Ասում են՝ սա դուր չէր եկել, հատկապես, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
Այսօր ծնունդով Հադրութի շրջանի Ազոխ գյուղից Էդվարդ Ասրյանին Փաշինյանը շարունակում է վստահել և համարել, որ չի սխալվել՝ ընտրելով նրան ԳՇ պետի պաշտոնում: Իսկ Ասրյանն էլ իրեն լավ է զգում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում՝ լինելով ԳՇ պետ:
Վերադառնանք հուլիսի 5-ին գեներալական կոչումների շնորհմանը և դրա արձագանքին, երբ ասում են, որ Նիկոլ Փաշինյանի «ձեռքից» սպաները չպետք է վերցնեին բարձրագույն զինվորական կոչումները, այսինքն՝ այդ կոչումները համարում են Փաշինյանի սեփականությո՞ւնը:Արդյո՞ք հենց դրանով մեկ անգամ հնարավորություն չի տրվում Փաշինյանին օգտվել պատեհ առիթից և հայտարարել, թե այսինչին ինքն է գեներալ դարձրել: Մինչդեռ բարձրագույն զինվորական կոչումները պետության սեփականությունն են, ոչ թե Նիկոլ Փաշինյան անձինը:
Երկրորդ, բարձրագույն զինվորական այդ կոչումներ ստացողների մեջ կան արժանի, գրագետ և կենսագրություն ունեցող սպաներ, որոնք երկրի պաշտպանության հարցում ունեցել են իրենց ներդրումը: Այսինքն, այն, որ նրանք այս իշխանությունների օրոք են գեներալ դարձել, բնավ չի նշանակում, որ «ծնկի եկող» են, որ հակապետական ծառայություն են իրականացնում: Պատերազմից հետո Փաշինյանն առանց կրակոցի հանձնեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղի շրջանը, և սա հաստատ առաջին հերթին հենց զինվորականների համար է մեծ ցավ: Նրանց համար, ովքեր 2020 թվականի պատերազմի օրերին մարտական գործողությունների են մասնակցել նշված հատվածներում և ոչ մի սանտիմետր թշնամուն չեն հանձնել:
Ինչ է ստացվում՝ այս զինվորականները պակաս արժանավոր են նրանցից, որոնք 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո հեռացվեցի՞ն համակարգից, և որոնցից մի քանիսի նկատմամբ երբեք էլ հասարակության կարծիքը միանշանակ չի եղել:
Կամ՝ ով ասեց, որ ՔՊ-ական պատգամավոր, գեներալի կոչում ունեցող Գուրգեն Մելքոնյանն ավելի արժանավոր է, օրինակ, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Կարեն Գրիգորյանից, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանից, որովհետև գեներալ-մայորի կոչում է ստացել 2000թ.-ի՞ն, իսկ գեներալ լեյտենանտի՝ 2003-ի՞ն, այսինքն, չպարտված իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք:
Ի դեպ, Գուրգեն Մելքոնյանը, լինելով Պաշտպանության փոխնախարար, 2008-ի իրադարձությունների ժամանակ աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, որի մասին հանրահավաքներից մեկի ժամանակ հենց Տեր-Պետրոսյանն էր հայտարարել:
2008-ի ապրիլի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից: Այսինքն, գեներալին առաջին հերթին արժանավոր դարձնում է ինքը՝ իր կենսագրությամբ և գործունեությամբ, և ոչ թե՝ որևէ իշխանություն:
Ուստի անվիճելի է՝ գեներալները պետք է ստիպեն հարգել իրենց: Գեներալները փաշինյանական կամ որևէ դավադրության մասնակից կամ աջակից չպետք է լինեն՝ արատավորելով գեներալի ուսադիրները, դա ևս անվիճելի է, այնպես, ինչպես դա արել է, օրինակ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, իսկ դրա գինը նրան առաջադրված մեղադրանքն է և «կարված» ու «ժամկետանց» քրեական գործը, որի շրջանակում արդեն մի քանի ամիս գեներալը կալանավորված է:
Այս համատեքստում նշենք, որ հունիսի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Մեզ մոտ կասկածներ կան, որ Հայաստանում շատ ուժեր կան, որոնք չեն ցանկանում խաղաղություն, հատկապես բանակում: Ըստ երևույթին, նրանք նախկին իշխանությունների դրածոներն են»: Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ըստ էության, տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչու է Նիկոլ Փաշինանը մեկուսացրել Գրիգորի Խաչատուրովին՝ չխոչընդոտելու համար իր խաղաղության վտանգավոր օրակարգին, Տավուշի գյուղերի հանձնմանը: Եվ եթե այսօր ՀՀ ԶՈՒ-երում նման խոչընդոտ տեսնի Նիկոլ Փաշինյանը, ապա թուրք-ադրբեջանական տանդեմի պատվերով չի խնայելու ոչ ոքի և ոչինչ: