Չեք կարողանում՝ հեռացեք, նոր պատերազմներ եք բերում, բեռը թողնում սերունդներին. Օսկանյանը՝ Փաշինյանին
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում կրկնում է օրերս արած առաջարկությունը՝ իրեն և մի խումբ դիվանագետների տալ ամբողջական լիազորություն, այդ ընթացքում չխանգարել, իսկ իշխանությունները պարզապես լռեն, որևէ հայտարարություն չանեն, և ըստ նրա՝ 3 ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցություններում:
«Այսօր այդ հնարավորությունը մենք ունենք: Բանակցային գործընթացը, դրա ընկալումը չի համապատասխանում նրան, ինչին մենք ունակ ենք: Ընդհանուր ընկալումն այն է, որ մենք անկախ ամեն ինչից՝ այսօր պատրաստ ենք գնալ հարցի լուծմանը, որովհետև մտահոգ ենք պատերազմով և ընդունելու ենք ցանկացած պայման՝ Ադրբեջանի կողմից, միայն ու միայն, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Դա, իհարկե, սխալ ընկալում է, իշխանությունների ցանկությունն իրոք դա է, բայց դա հայ ժողովրդի ցանկությունը չէ: Այստեղ, առաջին հերթին, պետք է այդ ընկալումը փոխել, ամբողջ բանակցային տրամաբանությունը փոխել: Հիմնական շեշտադրումը այստեղ պետք է լինի նրա վրա, որ մենք ոչ թե այս ստեղծված պայմաններում գնում ենք հապճեպ պատերազմի սպառնալիքի տակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, այլ խնդիրը ձևակերպում ենք այնպես, որ հայկական կողմը պատրաստ է մտնել բանակցությունների Ադրբեջանի հետ, այս պայմաններում որոնելու այն ճանապարհները, որը հնարավորություն կտա հասնել արդար և երկարատև կայուն խաղաղության»,- նշեց ԱԳ նախկին նախարարը:
Վարդան Օսկանյանի խոսքով՝ պետք է ընդլայնել բանակցային օրակարգը. «Այսօր բանակցային օրակարգը բաղկացած է միայն ադրբեջանական պահանջներից, այնտեղ հայկական պահանջ չկա: Հայկական կողմն ընդամենը փորձում է այսօր Ադրբեջանի պահանջներն ընդունած լինելով հանդերձ՝ փորձել այնպիսի դիվանագիտական ձևակերպում տալ դրանց, որ հայ ժողովրդի համար հետագայում ավելի ընկալելի և հասկանալի լինի: Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս, որովհետև նա ուզում է, որ իր պահանջներն այնպիսի ձևակերպում ստանան, որ ապագայում հնարավորություն չլինի տարաբնույթ մեկնաբանությունների»:
Նա ընդգծեց, որ այդ ընդլայնված օրակարգում անպայման պետք է ներառել Արցախը սովետական շրջանում ինքնավար մարզ լինելու փաստը:
«Սա է, որ պետք է կտրուկ փոփոխություն մտցնի և՛ բանակցային տրամաբանության մեջ, և՛ նոր դռներ և հնարավորություններ բացի հայանպաստ լուծման հասնելու համար: Ո՞րն է սրա էությունը: Նախ չմոռանանք, որ Արցախի ամբողջ ինքնորոշումը իրավական ընկալում և հիմք ստացավ՝ ելնելով միայն այն փաստից, որ սովետական շրջանում Արցախն ուներ ինքնավար մարզի կարգավիճակ: Դա հնարավորություն տվեց, որ 1991թ. Արցախի ժողովուրդը ձգտի ինքնորոշման, հիմնավորի դա, անցկացնի հանրաքվե և հայտարարի իր Հանրապետությունը: Սա, ինքնորոշման ձգտման փաստն ընկալելի դարձավ միջազգային հանրության համար, որովհետև Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, ուներ ինքնավար մարզի կարգավիճակ»,- ասաց ՀՀ նախկին արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ այդ հանգամանքը եթե հնարավոր լինի մտցնել բանակցությունների օրակարգ, դա կտրուկ փոփոխություններ է բերելու բանակցային գործընթացի մեջ:
«Եվ սա հնարավոր է անել: Ես սրանում համոզված եմ 100%-ով: Այդ հարցը օրակարգ բերելու հարցում չի կարող հակափաստարկ լինել, որովհետև սա միջազգայնորեն ընդունված նորմ է և գործընթաց, և սա այն խնդիրն է, որ միջազգային հանրությունը կընկալի: Եվ նրանք կնպաստեն, որ այս հարցը մտնի օրակարգ: Նույնիսկ Ադրբեջանին նախ կփորձեն համոզել, ապա կպարտադրեն, որ այս հարցը մտնի օրակարգ, իսկ եթե Ադրբեջանը դիմադրի, թույլ չտա, որ դա օրակարգ մտնի, հավատացե՛ք, որ Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսանկյունից շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու, և դա Ադրբեջանին ստիպելու է վերջիվերջո ընդունել, որ Արցախի ժողովուրդն արդեն իրավունք ունի արտաքին ինքնորոշման»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Հաջորդիվ նախկին արտգործնախարարը բացատրեց, թե ինչում է կայանում այս հարցի էությունը:
«Միջազգային օրենքը հիմնականում ունի 3 սկզբնաղբյուր: Դա ամրագրված է Արդարադատության միջազգային դատարանի ստատուտի մեջ: Այդ 3 հիմնաղբյուրները հետևյալներն են՝ միջազգային կոնվենցիաները, ռեզոլյուցիաները, նախադեպի ինստիտուտը և դատարանների որոշումների նախադեպերը, ինչպես նաև միջազգային իրավունքի հայտնի և հարգված մասնագետների տեսակետները: Այս երեքն էլ հիմք են ստեղծում միջազգային օրենքի նորմերի համար: Առաջին հարթությունում՝ կոնվենցիաներում, շատ հստակ արտացոլում ունի ինքնորոշման իրավունքի խնդիրը: 1978թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է ռեզոլյուցիա, որտեղ հստակ նշել է հետևյալը, որ այդ ռեզոլյուցիայում որևէ արտահայտություն պետք չէ մեկնաբանել այնպես, որ կարող է վտանգել անգամ երկրների տարածքային ամբողջականությունը, բացառությամբ այն երկրների, որոնք չեն հարգում կամ ժխտում, մերժում են իրենց տարածքում կոմպակտ ապրող ժողովուրդների ներքին ինքնորոշման իրավունքը: Եթե այդ իրավունքը չի հարգվում, ապա այդ ժողովուրդներն իրավունք ունեն արդեն արտաքին ինքնորոշման»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Նա հավելեց նաև, որ այս հարթությունում ինքնորոշման իրավունքն ունի իր հստակ ձևակերպումն ու դրսևորումը:
«Նախադեպերի հարթությունում կա 3 կարևոր դատարանների որոշում, որոնք ամրագրում են նույն այս սկզբունքը: Առաջինը 1920-ական թթ. Ալանդյան կղզիների հետ կապված դատարանի որոշումն է: Ալանդյան կղզիները, որ բնակեցված են շվեդներով, 1920թ. ուզեցին անկախանալ Ֆինլանդիայից ու միանալ Շվեդիային: Հարցը գնաց դատարան, դատարանը որոշեց, որ նրանք դրա իրավունքը չունեն այնքան ժամանակ, քանի դեռ Ֆինլանդիան հարգում է նրանց ներքին ինքնորոշման իրավունքը: Այսինքն՝ նրանք շարունակում են ունենալ ինքնավար մարզի կարգավիճակ: Դատարանի որոշումը շատ հստակ ասում է՝ այն պահին, երբ Ֆինլանդիան կփոխի այդ կարգավիճակը, նրանք միանշանակորեն արդեն իրավունք կունենան որոշելու իրենց ճակատագիրը՝ լինել անկախ և միանալ Շվեդիային»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Դիվանագետի դիտարկմամբ՝ Դատարանի երկրորդ նախադեպն աֆրիկյան օրինակ է, և դա Կատանգայի օրինակն է, երբ Կոնգոյի կազմում ժողովուրդը փորձեց ինքնորոշվել, հարցը գնաց Դատարան, Դատարանը նման որոշում կայացրեց՝ քանի դեռ ինքնավարզ մարզի կարգավիճակը հարգվում ու պահպանվում է մայր երկրի կողմից, նրանք իրավունք չունեն դուրս գալ Կոնգոյի կազմից, և կատանգացիները արտաքին ինքնորոշման կարող են գնալ, եթե դա չեղարկվի:
«Երրորդը Կանադայի օրինակն է, երբ Քվեբեկը փորձեց հանրաքվեով դուրս գալ Կանադայի կազմից: Մինչ հանրաքվեն Կանադայի բարձրագույն դատարանը որոշում կայացրեց՝ վճռելով, որ նրանք իրավունք չունեն անջատվել Կանադայից այնքան ժամանակ, քանի դեռ ֆեդերալ կառավարությունը հարգում է նրանց ինքնավար կարգավիճակը: Եվ այդ որոշման մեջ նույնպես նշվում է, որ այն պահից, երբ դա կդադարեցվի, չի հարգվի, նրանք իրավունք կունենան հանրաքվեի միջոցով որոշել իրենց կարգավիճակն ու ճակատագիրը»,- նշեց Վարդան Օսկանյանը:
Նա նկատեց՝ բերված օրինակները փաստում են, որ միջազգային իրավունքն այդ հնարավորությունը տալիս է, ավելին, միջազգային իրավունքի մասնագետների կարծիքն այդտեղ նույնպես միանշանակ է:
«Միջազգային օրենքում շատ հազվագյուտ է գտնել մասնագետների մեծ խումբ, ովքեր համակարծիք կլինեն ինչ-որ մի հարցի վերաբերյալ: Այնտեղ ցանկացած հարցում միշտ տարաբնույթ մեկնաբանություններ կան: Ներքին, արտաքին ինքնորոշման հարցը հազվագյուտ հարցերից է, որտեղ բոլորը համակարծիք են: Լիբերալներից մինչև ամենապահպանողականները պնդում են, որ եթե չի հարգվում ինչ-որ մի երկրի ներսում արդեն որպես ժողովուրդ ընդունված, կոմպակտ ապրող, մի տարածքի վրա, որը պատմականորեն իրենցն է եղել, ներքին ինքնորոշումը, նրանք արդեն իրավունք ունեն գնալ արտաքին ինքնորոշման, այսինքն՝ որոշել իրենց ճակատագիրը, մեր պարագայում՝ ուզենան լինել անկախ կամ միանալ Հայաստանին»,- ասաց դիվանագետը:
Վերջինս պնդեց՝ սա ցույց է տալիս, որ 3 հարթություններում էլ այս հարցն այսօր հստակ ձևակերպում ունի:
«Իսկապես մեզ համար մեծ զենք ու հնարավորություն է, որ եթե մենք պարտադրենք այդ հարցն օրակարգ մտցնել, դա մեզ համար հնարավորություններ է բացելու հարցը տանել շատ ավելի հայանպաստ ուղղությամբ: Ահավասիկ այդպիսի գործիք ունենալով մեր զինանոցում՝ թերևս, Հայաստանի իշխանությունները վճռակամ են իրենց ճանապարհի մեջ: Ես սա ուղղակի չեմ հասկանում: Ո՞րն է նրանց միտքը, ինչո՞ւ նման փորձեր չեն արվում: Նրանք պարզապես որոշել են գնալ, Արցախը հանձնել Ադրբեջանի՞ն, Արցախ, որ հազարամյակներ եղել է հայկակա՞ն, այդ հողի վրա ապրել են հայե՞ր… Նույնիսկ Հայաստանը երբ ենթարկվել է ասպատակությունների թուրքերի, արաբների, պարսիկների, ռուսների կողմից, Արցախն ավելի է պահպանել իր անկախությունը, քան Հայաստանը: Այսօր այս տարածաշրջանում ամենահայկական տարածքն Արցախի տարածքն է, Արցախ, որ պատմականորեն եղել է հայկական, Արցախ, որ երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, Արցախ, որ 75 տարի սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, Արցախ, որ նախորդ 30 տարիներին եղել է անկախ քաղաքական միավոր: Այս Արցախը մենք ուզում ենք պարզապես նվիրել Ադրբեջանի՞ն, պարզապես տա՞լ, հենց այդպե՞ս, իրո՞ք: Է՞ս է մեր իշխանությունների կարողությունը, է՞ս է մեր իշխանությունների ֆանտազիան, թե՞ այս իշխանությունները (կներեք օգտագործելիք բառիս համար) մեզ հարիֆի տեղ են դրել, թե՞ իրենք են հարիֆներ»,- տարակուսեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարը:
Նա հավատացրեց, որ եթե մենք գնանք նման քայլի, ստորագրենք փաստաթուղթ՝ Արցախը կամովի հանձնելով Ադրբեջանին, մենք, ըստ նրա, կհամարվենք աշխարհի ամենահարիֆ ժողովուրդներից մեկը:
«Սովետական Միության փլուզումից հետո 50 ինքնորոշման հարց կար միջազգային օրակարգում, նույնիսկ ավել՝ մի մասը նախկինից եկած, օրինակ, Պաղեստինյան հարց, Կիպրոս, մի մասն արդյունք էր Սովետական Միության, Հարավսլավիայի փլուզման: Այդ 50 ինքնորոշման գործընթացներից որևէ ժողովուրդ թերևս կամովի չի հրաժարվել իր այդ իրավունքից: Հայ ժողովուրդը, մենք լինելու ենք առաջինը, որ ինքնակամ հրաժարվելու ենք այդ իրավունքից և հանձնելու ենք Արցախն Ադրբեջանին: Ավելին ասեմ, այսօր աշխարհում գոյություն ունեն 120-ից ավել ինքնավար մարզեր 50-ից ավել երկրներում: Այսօր տարբեր կարգավիճակներ կան, որ հնարավոր է ունենալ, ձեռք գցել: Պարզապես այդ խնդիրը պետք է դնել, օրակարգ պետք է բերել: Այս բոլորից հետո պարզապես գնալ ու տալ Արցախը Ադրբեջանի՞ն… Դա չի լինելու, ես ուղղակի չեմ հավատում, որովհետև սա խաղաղություն չի կարող բերել»,- նշեց Վարդան Օսկանյանը:
Դիվանագետի կարծիքով՝ եթե Փաշինյանը գնա, ստորագրի այս փաստաթուղթը, նա սերմեր է ցանելու ապագա կոնֆլիկտների համար, այդ բեռը դնելու է հաջորդ սերունդների վրա:
«Բայց այս հարցին արդար լուծում տալու ժամանակը հիմա է, որ խաղաղությունն այս տարածաշրջանում երկու ժողովուրդների միջև լինի կայուն և հարատև: Բազմաթիվ զոհեր ենք տվել մենք: Այդ զոհերի համար միայն մենք պետք է գնանք այս ճանապարհով: Չենք կարող Արցախը կորցնել, բայց նաև պետք է լինենք չափավոր, տրամաբանված, ճկուն: Այո՛, որոշ զիջումներ պետք է անել: Պետք չէ գնալ մաքսիմում պահանջներ դնել: Եվ հավատացե՛ք, երբ հարցը ձևակերպվում է չափի մեջ, տրամաբանված, դու նախ խուսափում ես պատերազմից, համակրանք ես ստեղծում միջնորդների ու միջազգային հանրության մոտ, և այդ բոլորը նպաստում է, որ դու կարողանաս իրոք սեղանի շուրջ հասնել տրամաբանված լուծումների»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Դիվանագետը նկատեց՝ դիվանագիտությունը լայն հնարավորություններ է բացում, այն բավականին նուրբ արվեստ է:
«Հաջող դիվանագիտություն վարելու համար մի քանի հանգամանքներ կան, որ պետք է անպայման առկա լինեն: Առաջինը բովանդակությունն է: Պետք է ունենալ ճիշտ բովանդակություն: Պետք է դու հստակ իմանաս՝ ինչ ես ուզում, և դա պետք է հասկանալի, ընկալելի լինի միջնորդների, միջազգային հանրության, հակառակորդի համար: Այսօր այդպիսի բան ուղղակի գոյություն չունի: Այսօր մենք բովանդակություն չունենք մեր բանակցությունների մեջ: Երկրորդը կատարումն է: Ես չեմ ուզում այստեղ որևէ բան ասել. Դա կոռեկտ չի լինի իմ կողմից: Բայց ես իմ մասին կարող եմ խոսել, մեր շրջանի մասին: Ես գիտեմ մեր դիվանագետների կարողությունները: Մենք պետք է կարողանանք բովանդակությունն ու կատարումը համադրել: Դու կարող ես լավ բովանդակություն ունենալ, բայց վատ կատարում, չկարողանաս այդ բովանդակությունը ճիշտ ներկայացնել: Դա կարող ես լավ կատարող լինել, բայց բովանդակություն չունենալ: Բայց այդ երկուսի համադրումն է, որ հաջողություն է բերելու: Եթե այդ բոլորին դու գումարում ես նաև առկա կապերը և դրանց ճիշտ օգտագործումը, ապա պատկերն ամբողջանում է, և դիվանագիտությունը լինում է էֆեկտիվ, ու դա կարող է իսկապես արդյունքների բերել: Ես իմ առաջարկը կրկնում եմ՝ տվեք այդ հնարավորությունը, ունեցեք այդ անկեղծությունն ու համեստությունը: Եթե դուք չեք կարողանում դա անել, զիջեք ձեր տեղերը: Մարդիկ կան, որ ասում են՝ մենք պատասխանատվություն ենք վերցնելու, ուզում ենք անենք: Մենք ճակատագրական օրեր ենք ապրում: Մի օր հետ ենք նայելու, այս օրերը հիշելու ենք, և եթե ճիշտ ճանապարհով չգնանք, զղջալու ենք, հաջորդ սերունդների առաջ պատասխանատու ենք լինելու: Մտածե՛ք սրա մասին: Ես պատրաստ եմ իմ ամբողջական աջակցությունը տալ այս կամ այն կողմին, եթե այս ճանապարհն ընտրվի»,- եզրափակեց Վարդան Օսկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: