Պետք է ըմբոստության դիմեն նրանք, ովքեր չեն կիսում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողների քաղաքականությունը. Ազատուհի Սիմոնյան
Սփյուռքի իրական ներուժի մասին մենք պատկերացում չունենք. այդ ներուժը քարտեզագրած էլ չէ, հետևապես՝ մենք կողմնորոշված էլ չենք, թե այդ ներուժը, որի ծավալների մասին չգիտենք, ինչպե՞ս կարող է օգտագործվել հանուն Հայաստանի և Արցախի։
Եթե մենք ակնկալում էինք, որ սփյուռքը պետք է ինքնակազմակերպվի և համախմբվի մեկ գոյաբանական խնդրի՝ Հայաստանի և Արցախի պահպանության շուրջ, ապա հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք հենց Հայաստանի Հանրապետությունում այդ մեկ նպատակի շուրջ համախմբում կա. կարծում եմ՝ ոչ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ավելի քիչ է պատկերացնում այդ գոյաբանական խնդիրների վտանգները, քան սփյուռքում ապրողները։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության և այդ միասնության մեջ առկա խզվածքների մասին, նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։
«Հայաստանում ապրողներն իրենց վրայից գցում են պատասխանատվությունը։ Ես կարծում եմ, որ այդ թեզը գեներացվում է թշնամական ուղեղային կենտրոններում, որտեղից մեզ ասում են՝ հա՛յ, դու անելիք չունես, քեզնից կախված որևէ բան չկա, մեզ ասում են՝ հայ ժողովուրդ, մոռացի՛ր պայքարի մասին, համակերպվի՛ր, որովհետև 2 տարի առաջ պայքարել ես ու կորցրել Արցախի մեծ մասն ու հայրենակիցներ, ասում են՝ դու պարտվել ես, լռի՛ր և ականատեսի դերում եղիր»,- ասաց Ազաատուհի Սիմոնյանը՝ ընդգծելով, որ, ի հեճուկս այս թշնամական թեզերի, մարդիկ պետք է ցույց տան պայքարի իրենց ունակություններն ու ըմբոստանան։
Հարցին՝ ինչպե՞ս հասարակությունը պայքարի, երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ ինքը ոչ թե պայքարում է, այլ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Սիմոնյանը նշեց.
«Եթե ղեկավարը նման արտահայտություն է անում, և դու դա չես կիսում, ապա պետք է դիմես գործողության՝ տեսակետի արտահայտման, դասադուլի, գործադուլի. գործողությունների, որոնք ցույց կտան քո ըմբոստությունն ընդդեմ այն քաղաքականության, որը վարվում է»,- ասաց Ազատուհի Սիմոնյանը՝ հաստատելով, որ իշխանությանը քննադատելու հետևանքով քաղաքական բանտարկյալ դարձածների առկայությունը կարող է նաև վախի մթնոլորտ ստեղծել երկրում, բայց, եթե մենք ուզում ենք պահել մեր պետականությունը և վերատիրանալ Արցախի օկուպացված տարածքներին, ապա պետք է չվախենանք սեփական կարծիքը բարձրաձայնելուց։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։