«Մարդու «կռիշը խփեց», նա իրեն երեւակայեց Ռուսաստանի ստվերային կառավարիչ». Տարասով. «Հրապարակ»

«Բոլորին աշխուժացրինք»,- Եվգենի Պրիգոժինի ապստամբության մասին ասում է յութուբյան ալիքներից մեկը, սակայն մինչ հանգուցալուծումը մի ամբողջ օր մեծ լարվածություն էր տիրում ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ աշխարհում։ Խարիզմատիկ, հարուստ քրեական անցյալ ունեցող «խոհարարը» Պուտինի աճեցրած կադրն է, մարդ, ում Պուտինն այնքան էր վստահում, որ թույլ տվեց սեփական բանակով հանդես գալ ուկրաինական սպեցօպերացիայի ժամանակ, զինեց, հզորացրեց, պաշտպանության նախարարության այլընտրանք դարձրեց ՉՎԿ «Վագները»։

Մասնավոր ռազմական այս ընկերությունը տարբեր երկրներում պատերազմած վարձկանների մի ահռելի բանակ է։ 8 ժամում այն իր տեղակայման վայրից հասավ Ռոստով, Վորոնեժ, կանգնեց Մոսկվայից 200 կիլոմետրի վրա՝ խուճապի մատնելով Կրեմլը։ Ո՛չ զինվորականները, ո՛չ բնակչությունը Պրիգոժինի բանակին դիմադրություն ցույց չտվեցին, իսկ երբ Բելառուսի նախագահի ջանքերով նա դադարեցրեց ապստամբությունը եւ դուրս էր գալիս Ռոստովից, քաղաքի բնակիչները ծափահարություններով ու ծաղիկներով էին ճանապարհում «վագներականներին»։

Վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ «Հրապարակը» զրուցել է այս թեմայով։

– Հայաստանում շատերը մեծ հրճվանք էին ապրում Պրիգոժինի առաջխաղացման հետ կապված։ Կային նաեւ հակառակ կարծիքներ՝ որ ուժեղ Ռուսաստան՝ նշանակում է ուժեղ Հայաստան։ Ի՞նչ կլիներ, եթե բունտը հաջողություն ունենար։ 

– Եթե Պրիգոժինը հաղթեր, նրանք կվերացնեին ամբողջ Անդրկովկասը։ Ինչո՞ւմ է հրճվանքը։ Ես ձեզ մի բան կասեմ։ Սա օլիգարխիկ կառավարման հետեւանքն է՝ որպես 90-ականների եւ 2000-ականների ժառանգություն։ Բայց այն ժամանակ նման բունտ հնարավոր չէր, պետք էր հենվել անձնապես ստուգված, վստահելի անձանց վրա, եւ Պրիգոժինը հայտնվեց նրանց թվում։ Իսկ հետո, ինչպես ասում են, մարդու «կռիշը խփեց», նա իրեն երեւակայեց Ռուսաստանի ստվերային կառավարիչ, եւ մենք ստացանք այն, ինչ ստացանք։ Սա դասական ժանր է, ցավոք։ Իրավիճակը հանգուցալուծվեց, բայց բանն այն է, որ «Վագները» շատ լուրջ, հայրենասիրական կառույց է, նրանք փայլուն մարտնչում էին ուկրաինական ռազմաճակատում, եւ հնարավոր չէ նրանց մեղադրել դավաճանության մեջ։ Սա տիպիկ միջանձնային «ռազբորկա» էր։

– Բայց Ռուսաստանի համար հետեւանքներ չեղա՞ն։  

– Այո, մեր մեջ ասած՝ որոշակի իմիջային կորուստներ մենք ունեցանք, բայց կարծում եմ՝ պետք չէ չարախնդալ, որովհետեւ այդ կորուստները կոմպենսացվելու են ավելի վճռական քայլերով։

– Ինչո՞ւ ոչ մի դիմադրություն չեղավ Պրիգոժինին։ 

– Բայց ինչի՞ն դիմադրեին։ Սա ընդամենը հաշիվներ պարզել էր՝ մի քանի հոգու միջեւ։ Նա դուրս չէր եկել Ռուսաստանի դեմ, համակարգի դեմ։ Պրիգոժինը յուրային է, նրանք բոլորը յուրայիններ են, свои люди, հասկանո՞ւմ եք, նրանք բոլորը պատրիոտներ են։ Ի՞նչ պետք է անեին Ռոստովում, յուրայինների՞ն ծեծեին, մերոնց վրա՞ հարձակվեին կամ իրենք իրենց շենքե՞րը գրավեին։ Նման բան մտածելը հիմարություն է։ Պրիգոժինն իր տարածքում էր, ի՞նչ դիմադրության մասին կարող էր խոսք գնալ։ Նրա պահանջները վերաբերում էին միայն երկու պաշտոնի, դրանք անձնական բնույթի էին։ Ողբերգությունն այն է, որ անձնական հարցերը, ներքին գզվռտոցը լուծելու համար նա օգտագործեց ուժային ռեսուրսը։

– Ի՞նչ ճակատագիր է սպասվում Պրիգոժինին։  

– Դե, առայժմ Բատկան նրան պաշտպանում է, նա կապրի Բելառուսում, իսկ հետո մենք չգիտենք, կտեսնենք։

– Բայց նա Բելառուսում էլ վտանգավոր չի՞ լինի, այդ մասին հիմա գոռգոռում են Արեւմուտքում։  

– Չեմ կարծում։ Հասկանում եք, նրանց հեռացրին ուկրաինական ճակատից։ Նրանց պայմանագրերը փոխվում են հիմա։ Նրանք մասնավոր բանակ էին, բայց հիմա նրանց աստիճանաբար կտեղափոխեն ՊՆ հաստիքացուցակ, մյուսներին կցրեն բանակի տարբեր ստորաբաժանումներով։ Ամենայն հավանականությամբ,  մասնավոր բանակ, ՉՎԿ էլ չի լինի։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս