Արդյո՞ք Մակրոնը զանգահարել է Մուրադ Փափազյանին

Նախօրեին համացանցում ուշագրավ տեղեկություն հայտնվեց շրջանառության մեջ հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում կայացած հնգակողմ Փաշինյան-Միշել-Մակրոն-Շոլց-Ալիև բանակցություններից։ Նախօրեին ՀՀԿ անդամ Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մի ուշագրավ լուր էստացել արտերկրում ապրող մեր հայրենակցից.

«Ըստ նրա՝ հունիսի 1-ին, Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից անմիջապես հետո, Էմանուել Մակրոնը շտապել է օդանավակայան և օդանավից վրդովված զանգել ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ՝ Մուրադ Փափազյանին:

Զրույցը շատ կարճ էր. ըստ աղբյուրի՝ Մակրոնը Փափազյանին ասել է, որ այլևս չի պատրաստվում նման հանդիպումների մասնակցել, քանզի միայն ինքն է շահագրգռված եղել Արցախի և արցախցու ապագայով, իսկ մնացածի մոտ (Շոլց, Միշել, Ալիև, նիկոլ) գրեթե նույն մոտեցումն է առ այն, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է»,-նշել էր Ա. Թովմասյանը՝ խնդրելով ՀՅԴ ներկայացուցիչներին մեկնաբանել՝ հաստատել կամ հերքել վերոհիշյալ լուրը:

168․am-ն այս տեղեկությունները հաստատելու կամ հերքելու նպատակով դիմեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին, ով ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել վերոնշյալ տեղեկությունները՝ «No comment»:

Կարդացեք նաև

Մեր կողմից տեղեկացնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շատ լավ հարաբերություններ ունի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի և հատկապես համանախագահների հետ, մասնակցում է կազմակերպության արդեն ավանդական ընթրիքներին, միջոցառումներին, զրուցում վերջիններիս հետ հայ-ֆրանսիական հարաբերությունների, ինչպես նաև համայնքին հուզող այլ թեմաների շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս