Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն այլևս չեն աշխատելու դպրոցներում. ԿԳՄՍ նախարար
Դպրոցներում դեռևս մնացել են 1300 ուսուցիչներ, որոնք տարբեր հանգամանքների բերումով չունեն բարձրագույն կրթություն։ Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ Եվ տրվել է որոշակի ժամանակահատված՝ դպրոցներում գործող ուսուցիչներին սովորել և ձեռք բերել բարձրագույն կրթություն։ Բազմաթիվ ուսուցիչներ գնացել են այս ճանապարհով, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս մնացել են 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն և շարունակում են աշխատել դպրոցներում։ Այս անձինք այլևս չեն կարողանալու աշխատել մեր դպրոցներում այս տարվա օգոստոսի 20-ից սկսած»,- ասաց Անդրեասյանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ուսուցիչների մոտ եղել են տարբեր հանգամանքներ, այդ թվում օբյեկտիվ, բարձրագույն կրթություն չստանալու տեսանկյունից, ԿԳՄՍ նախարարն ասաց, որ նախագծով առաջարկում են նրանց ընձեռնել հնարավորություն մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին։
«Եթե այդ գործընթացները տվյալ ուսուցիչները անցնեն հաջողությամբ, նրանց կտրվի հնարավորություն շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը»,- եզրափակեց Անդրեասյանը։