Ի՞նչ կոմբինացիա է խաղում Փաշինյանը, ղարաբաղյան դոսյեում որ նյութերն է նա դիտավորյալ անտեսում. Ստանիսլավ Տարասով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին քաղաքական մեծ ուշադրություն է հրավիրել իր վրա։Նա որոշել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում իր տված ցուցմունքները հանրայնացնել։ Ավելի ճիշտ՝ բացահայտել, այսպես կոչված, ղարաբաղյան դոսյեի նյութերը, որը պահվում է ՀՀ ԱԳՆ արխիվում, ևորոնք հասանելի են սահմանափակ թվով անձանց։ Ուստի նրա կողմից բերված շատ տվյալներ սենսացիոն են թվում։ Բերենք նրա հնչեցրած ընդամենը մի քանի սյուժեներ։
Այսպես, նա բացահայտել է փաստաթղթերի բովանդակությունը, որոնք եղել են 1999 թվականին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովի տրամադրության տակ, որտեղ կետ էր պարունակվում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների հնարավոր փոխանակման մասին։
«Դրանում, մասնավորապես, նշվում է, որ ԼՂԻՄ-ը, Շուշիի և Լաչինի շրջանները 1988թ. սահմաններում հանձնվում են Հայաստանին, իսկ Մեղրու շրջանը (Արևմտյան Զանգեզուր)՝ Ադրբեջանին,-պատմում է Փաշինյանը։ -Երկրորդ կետը ենթադրում է Ֆիզուլիի, Զանգելանի, Աղդամի, Ջաբրայիլի, Կուբաթլիի, ՔելբաջարիևՇահումյանի հանձնումը Ադրբեջանին (1991թ.Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի որոշմամբ շրջանը լուծարվել է և ընդգրկվել Գերանբոյի շրջանի կազմում)»: Բացի այդ, ըստ նրա, խորհրդային տարիներին գոյություն ունեցող անկլավները փոխանցվել են այն երկրներին, որոնք շրջապատում են դրանք: Հայաստանը պետք է 60 օրվա ընթացքում զորքերը դուրս բերեր Մեղրիից։ Այդ տարածքը պետք է բնակեցվեր Ադրբեջանի քաղաքացիների կողմից։ Բայց այդ փաստաթուղթը, ինչպես Փաշինյանն է ասում, «չընդունվեց», թեև, ըստ նրա, այն վերածվեց Քի Ուեսթի փաստաթղթի, «որը ենթադրում էր Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել Լաչինի դիմաց»։

Այնուհետև Փաշինյանը, հղում անելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1998թ.նոյեմբերի 1-ին հրապարակված հոդվածին, պնդում է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում էր ընդամենը 6հոգի՝ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարյանը և ինքը՝ Տեր-Պետրոսյանը։
«Իսկ ի՞նչ տեղեկատվության են նրանք տիրապետում,- հռետորական հարց է տալիս Փաշինյանը։ -Մեծ հաշվով, դրանում ոչ մի գաղտնիք չկար, քանի որ բոլոր գաղտնիքները ձևակերպված էին հրապարակային փաստաթղթերում, որոնք, սակայն, այն ժամանակ ուղղակիորեն հասանելի չէին հանրությանը, քանի որ չկար ինտերնետ և սոցիալական ցանցեր»:

Ավելին, Փաշինյանը պնդում է, որ 1993 թվին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս հռչակագրերը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, «Լեռնային Ղարաբաղն անվանում են Ադրբեջանի տարածաշրջան»:

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ղարաբաղն ադրբեջանական է դարձել արդեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Նրա խոսքով՝ Քոչարյանը, Ղարաբաղի վերաբերյալ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը համարելով պարտվողական, քայլեր է արել գործընթացի արդեն գոյություն ունեցող ճարտարապետության ամրապնդման ուղղությամբ:

Փաշինյանը համոզված է, որ իր կողմից ընդունված բոլոր փաստաթղթերը ենթադրում էին ղարաբաղյան հակամարտության լուծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացում, բայց տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման համատեքստում․ «Քոչարյանը զրկեց Ղարաբաղին բանակցություններին մասնակցելու հնարավորությունից, զրկեց նրան միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, որը ենթադրում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ նույն սեղանի շուրջ գտնվելը»,-նշել է նա:

Գլխավոր ինտրիգն այստեղ այն է, որ Փաշինյանը փորձում է ղարաբաղյան դոսյեից որոշ նյութեր, որոնք գտնվում են ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում, և որոնք ունեցել են աշխատանքային վարկածի բնույթ, հանձնել Հայաստանի նախկին ղեկավարների հասցեին ինչ-որ մեղադրական եզրակացության համար։ Ուստի, երբ Փաշինյանը սկսում է գործել պատմական նյութով, պետք է մտածել այն նպատակների ու խնդիրների մասին, որոնք նա փորձում է լուծել պատմության մեջ անցած քաղաքական գործիքների վերարտադրության հաշվին։ Ու միշտ հարց է ծագում՝ կոնկրետ ո՞վ է կանգնած դրա հետևում, կոնկրետ ի՞նչ քաղաքական տրամաբանություն է թաքնված այդ հնարքի հետևում, և ի՞նչ խնդիր է փորձում Փաշինյանը կամ դրա հետևում կանգնած ուժերը հիմա բերել քաղաքական բեմ։

Իսկ մենք կսկսենք նրանից, որ 1999 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման ծրագրով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Հարի Գիլմորը։ Բայց եթե հետևողական լինենք, ապա դեսպան Գիլմորը բոլորովին էլառաջինը չէր։ Առաջինը, այնուամենայնիվ, ամերիկյան «Գոբլի պլանն» էր։ Հայտնի է ղարաբաղյան կարգավորման նրա ծրագրի երկու տարբերակ։ Առաջինը հայտնվել է 1992 թվականի հունվարին։ Երկրորդը՝ 1996 թվին, և հաստատվել ևաջակցվել է Ջորջ Բուշ ավագի վարչակազմի կողմից։ Ինչ վերաբերում է ծրագրի առաջին տարբերակին, ապա Փոլ Գոբլն ավելի ուշ խոստովանել է, որ «մեծ սխալ» է թույլ տվել, քանի որ «չի հասկացել, թե Հայաստանի համար ինչ հոգեբանական նշանակություն ունի Իրանի հետ ընդհանուր սահմանը»:

Ինչ վերաբերում է «Գոբլ-2»-ին, ապա այն սահմանում էր հետևյալ դիրքորոշումները.Հայաստանի հարավային մասի (Մեղրիի շրջան) փոխանակում Նախիջևանի ինքնավարության արևմտյան մասի հետ, ԼՂՀ-ն Լաչինի միջանցքի հետ միասին հայտարարել կամ Հայաստանի մաս, կամ անկախություն շնորհել, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակում, լուծել Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարության ոչանկլավ գոյության խնդիրը, պահպանել Հայաստանի և Իրանի միջև սահմանը։

Սակայն Գոբլի ծրագիրն այդպես էլ մնաց միայն թղթի վրա՝ որպես ծրագիր, թեև պնդում են, որ այն տարբեր վարիացիաներով քննարկվել է 2006 թվին՝ Ռամբույեում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ: «Գիլմորի պլանը»՝ «Գոբլի պլանի «արդիականացված տարբերակը», մշակվել է միայն դիվանագիտական ուղիներով, դուրս չի եկել «կոնֆիդենցիալ քաղաքական շփումների» շրջանակներից։ Բայց այդ մասին Փաշինյանը, չգիտես ինչո՞ւ, լռում է։ Ինչպես նաևլռում է այն մասին, որ այդ շրջանում ամերիկյան դիվանագիտությունը Ղարաբաղյան խնդիրը համարում էր ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների ածանցյալ։ Քանի որ «Գիլմորի պլանը» չէր նախատեսում Լեռնային Ղարաբաղի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելին, կարգավորման «բազային» մոտեցման ստեղծումը նախատեսվում էր Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև օգտագործման համար բաց ինստիտուցիոնալ կոմունիկացիոն միջանցքների հիման վրա։

Նախ՝ տնտեսական հարաբերությունների զարգացման մասով պայմանավորվածություններ ձեռք բերելը, հետո՝ միմյանց քաղաքական ճանաչման ակտերը։ Կարս-Գյումրի-Ղազախ, Կարս-Երասխ-Նախիջևան-Մեղրի-Ալյաթ-Բաքու, Նախիջևան-Լաչին-Ստեփանակերտ-Եվլախ։ Դրանք պետք է վերահսկվեին ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Նորվեգիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների սահմանափակ զորակազմերի կողմից։ Բացի այդ, «Գիլմորի պլանը» բացառում էր ղարաբաղյան կարգավորման այնպիսի մեխանիզմի գոյությունը, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խումբն է, դիմում էր Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունում տնտեսական խնդիրների լուծման հնարավորությանն «արևմտյան հովանոցի» քողի տակ, բայց առանց Իրանի և Ռուսաստանի որևէ մասնակցության։

Բայց հե՛նց Ադրբեջանը չընդունեց նման նախագիծը։ Նա ուշադրությունը կենտրոնացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա՝ փորձելով ԵՄ-ին զրկել «Կոսովոյի սկզբունքով» ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անցկացնելու հնարավորությունից։ Ի դեպ, այդ բոլոր նյութերը կան ղարաբաղյան դոսյեում, բայց անտեսվում են Փաշինյանի կողմից։

Դրա համար էլ դժվար է դատել նրա նախաձեռնած հերթական աշխարհաքաղաքական համակցության վերջնական նպատակի մասին, որը կապված է տարածքների փոխանակման վարկաբեկված նախագծերի հետ։ Երևանի կողմից նման քայլերի հեռանկարները, ինչպես նաև հնարավոր նոր աշխարհաքաղաքական իրողությունները դեռ մանրակրկիտ վերլուծության և իմաստավորման կարիք ունեն։

Իսկ առայժմ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է անկայուն բնույթ կրել։

Հրապարակման պատրաստեց՝ Գ․Մ․
Աղբյուրը՝ iarex.ru

Տեսանյութեր

Լրահոս