Կամ ՌԴ իշխանություններն են կազմակերպում, կամ՝ Արևմուտքը. երկրորդ սցենարը կարող է տանել ՌԴ-ում իշխանափոխության, մեր տարածաշրջանում կակտիվանա թուրք-ադրբեջանա-իսրայելական տանդեմը. Արթուր Եղիազարյան
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման տանող գործողություններ է սկսել, ինչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր հատուկ ուղերձում անվանել էր դավաճանություն, հարված թիկունքին՝ իրավիճակը համեմատելով 1917 թվականի հոկտեմբերի հետ։
«Մենք բախվել ենք դավաճանության հետ, չափազանցված հավակնությունները հանգեցրեցին դավաճանություն Ռուսաստանին»,- շեշտել էր Պուտինը:
Պրիգոժինը պատասխանել էր ՌԴ նախագահին, որ չեն պատրաստվում հանձնվել.
«Հայրենիքի դավաճանության վերաբերյալ նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին.- Մ.Պ․) չարաչար սխալվել է։ Մենք մեր հայրենիքի հայրենասերներն ենք։ «Վագներ»-ի բոլոր մարտիկները կռվել են և կռվելու են: Եվ ոչ ոք չի պատրաստվում նախագահի, ԱԴԾ-ի կամ մեկ ուրիշի պահանջով մեղայականով գալ։ Մենք չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»:
Ինչ ազդեցություն կարող է ունենալ ՌԴ-ում ստեղծված բարդ իրավիճակը ՀՀ-ի, Արցախի անվտանգային իրավիճակի վրա, որքանով Ադրբեջանը կօգտվի այս իրավիճակից, եթե «Վագները» չի պատրաստվում նահանջել, ՌԴ իշխանությունները հակաահաբեկչական գործողություններ են սկսել, երբ ավարտված չէ նաև ռուս-ուկրաինական պատերազմը:
Ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ պետք է հետևել դեպքերի զարգացմանը, որից հետո նոր պարզ կլինի՝ ինչ ազդեցություն կարող է գործել:
«Իհարկե, բնականաբար, ամեն առումով, անգամ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ: Այսինքն, հենց միայն այն փաստը, որ ՌԴ-ում խառնակ վիճակ է ստեղծվում, դրանից, բնականաբար, Ադրբեջանը կարող է փորձել օգտվել: Բայց կարծես դեռ նրանք էլ են հետևում իրադարձությունների զարգացմանը: Իսկ եթե այս հեղաշրջման փորձը հաջողվի, սկզբնական շրջանում հաստատ շատ բացասական ազդեցություն է մեզ վրա գործելու: Անգամ, եթե վերցնենք, որ Պրիգոժինը կարող է ավելի ազգայնական Ռուսաստան կերտել, և իր երկրի շահերից ելնելով՝ այս տարաշածրջանում փորձի իր դիրքերն ուժեղացնել, բայց մինչ այդ կարող ենք հայտնվել նույն վիճակում, ինչ վիճակում հայտնվեցինք 1917-18 թվականներին, երբ ՌԴ-ում հեղաշրջում տեղի ունեցավ: Մենք, ամեն դեպքում, պետք է շատ արագ կազմ-պատրաստ վիճակում լինենք՝ սպասելով վատթարագույն սցենարների»,- շարունակեց վերլուծաբանը:
Ըստ նրա, 2 վարկած կա, դրանցից մեկն այն է, որ սա հենց ռուսական իշխանություններն են կազմակերպում Ուկրաինայում իրենց դիրքերը որոշակի զիջելու, պարտվածի կեցվածք չունենալու համար, ուստիև փորձում են ներքին խնդիրներ հրահրել և ցույց տալ, որ իբր զբաղված են ներքին խնդիրներով:
«Բայց կարող է սցենարը փոխվել, և այս ամեն ինչից, բնականաբար, կփորձի Արևմուտքն էլ օգտվել: Եվ երկրորդ սցենարը, որ սա հենց Արևմուտքի աջակցությամբ է տեղի ունենում, և որը կարող է տանել ՌԴ-ում իշխանափոխության: Իսկ այս տարածաշրջանում, բնականաբար, շատ արագ կակտիվանա թուրք-ադրբեջանա-իսրայելական տանդեմը: Եվ սա դարձյալ Արևմուտքի ցուցումով՝ Իրանի դեմ գործողությունների համար: Իսկ սա, հատկապես, առնչվելու է ՀՀ-ի հարավային հատվածին: Թե որն է այս 2 վարկածներից իրականությանը համապատասխանում, ժամանակը ցույց կտա, մի բան հստակ է՝ պետք է զինվենք համբերությամբ, բայցև պատրաստվենք և մեր աչքի առաջ ունենալով վատ սցենարը: Իհարկե, կրկնում եմ՝ դեռ պիտի հետևել իրադարձություններին՝ տեսնելու, թե որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները»,- եզրափակեց Արթուր Եղիազարյանը: