Նիկոլ Փաշինյանի թավշյա առաքելությունը՝ Հայաստանի ապահայկականացում

Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի «խոհափիլիսոփայական» դատողությունները նվիրված են պետություն-հայրենիք հակադրության արմատավորմանը։ Նա իր կողմից ներկայացվող թեզերը հիմնավորում է առաջին հայացքից ռացիոնալ թվացող փաստարկներով, պետական շահի գերակայության մասին մտքերով, և այլն։ Բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Նիկոլ Փաշինյանն իրականում պայքարում է լայն, զգայական իմաստով հայրենիք հասկացության դեմ՝ այն ներկայացնելով՝ որպես Հայաստանի Հանրապետությանը հակադրվող մատերիա։ Իսկ ի՞նչ է պետք անել, երբ ինչ-որ բան հակադրվում է պետությանը։

Այո, պետք է պայքարել դրա դեմ։ Ահա այս ֆորմալիստական ու պարզամիտ պատճառահետևանքային կապն է ընկած Նիկոլ Փաշինյանի՝ մակերեսային ընկալմամբ՝ պետականակենտրոն, բայց բովանդակային առումով՝ հակահայկական քարոզչության հիմքում։

Պատահական չէ, որ եթե նա ոչ անձամբ, ապա իրեն սատարողների միջոցով հեգնում, ծաղրում է այն ամենայնը, ինչը կապված է հայրենասիրության դասական, ավանդական ընկալումների հետ, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է «հայրենասիրության ներմուծված մոդել»։ Ինքը ահա, պայքարելով դրա դեմ, փորձում է արմատավորել հայրենասիրության սեփական մոդելը, թեև որևէ երաշխիք չկա, որ այն ներմուծված չէ հեռու կամ մոտիկ բարեկամների, իսկ որ ավելի հավանական է՝ թշնամիների կողմից։

Նիկոլ Փաշինյանի վերջնանպատակը, ըստ ամենայնի, հասարակության գիտակցությունից ու արժեբանությունից հայրենիք հասկացության վերացումն է, որի փոխարեն նա ցանկանում է ստեղծել պեդանտ քաղաքացիներից բաղկացած պետություն, որին պատկանելության հիմքը կլինի ոչ թե ազգայինը, այլ քաղաքացիականը։

Կարդացեք նաև

Այսինքն՝ մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը զբաղված է հայկական պետությունն ազգային պատկանելությունից զրկելով։ Զարհուրելի է հնչում, բայց փաստն այն է, որ հայկական պետության ղեկավարը հիմա ապահայկականացնում է Հայաստանը։

Ազգային պատկանելությունից զուրկ ու միայն քաղաքացիության վրա հիմնված պետության մոդելը գուցե կարող է կենսունակ լինել հարաբերականորեն հանգիստ տարածաշրջաններում, թեև անգամ ամենաանշառ եվրոպաներում դժվար է հանդիպել որևէ երկիր, որի ղեկավարն իր պետությունը զրկում է ազգային հատկանիշից։

Մեր տարածաշրջանում, սակայն, երկրների առնվազն մի մասի անվտանգային դոկտրիններում հայկականության վերացումը ներառված է որպես հեռահար նպատակ։ Ընդ որում, այդ երկրների համար երկրորդական է՝ հայկականությունը կվերանա բռնի՞, թե՞ թավշյա մեթոդներով, կարևորն այն է, որ այստեղ չլինի պետությունը, որը կունենա ազգային պատկանելություն։

Հենց դա է հիմա փորձում անել Նիկոլ Փաշինյանը։ Թավշյա, ոչ բռնի, քաղաքացիական մեթոդներով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս