Դժգոհության ալիք է բարձրանում. երբ մեկին ամեն ինչ կարելի է, իսկ մյուսներին՝ ոչ
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին հարկային արտոնություն տալու էկոնոմիկայի նախարարության հերթական նախաձեռնությունն արդարացի դժգոհություններ է առաջացրել տնտեսվարողների շրջանում։ Դրամի արժևորումից տնտեսության բոլոր արտահանելի հատվածներն են տուժում, բայց նախապատվությունը տվել է միայն ՏՏ-ին։ Այնինչ՝ կան տնտեսության այնպիսի ճյուղեր, որտեղ վնասները շատ ավելի մեծ են, քան ՏՏ-ում։
Չնայած տարիներ շարունակ հասարակության մեջ արմատավորված բացասական վերաբերմունքին, արդարության համար պիտի ասել, որ այդպիսի ճյուղերից մեկն էլ հանքարդյունաբերությունն է, որի հասույթները ձևավորվում են բացառապես արտարժույթով, ու դրամի արժևորումը մեծապես հարվածել է տնտեսության այդ ճյուղին։ Դա տեսնում ենք՝ ինչպես արտադրության, այնպես էլ՝ արտահանման ու բյուջեի ցուցանիշներում։
Պղնձի խտանյութի արտադրությունը տարեսկզբին կրճատվել է ավելի քան 28 տոկոսով, մոլիբդենինը՝ գրեթե 12 տոկոսով։
Նվազել է նաև ոլորտի արտահանումը՝ գրեթե 23 տոկոսով։
Էապես կրճատվել են ձևավորվող պետական բյուջեի հարկային եկամուտները։
Նիկոլ Փաշինյանը չի դադարում խոսել անցած տարի ոլորտի միայն մեկ ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատի» կողմից վճարված ռեկորդային հարկերի վերաբերյալ, բայց, որ այս տարի, ներքին ու արտաքին անբարենպաստ գործոնների հետևանքով, նույն ընկերության վճարած հարկերը նաև կրճատվել են, այդ մասին ոչ մի խոսքը։ Չեն հարցնում, թե ինչո՞ւ է այդպես։
Անցած տարվա առաջին եռամսյակում, երբ դեռևս դրամը չէր հասցրել այսքան արժևորվել, իսկ միջազգային շուկայում մետաղների գները շատ ավելի բարձր էին, ընկերությունը վճարել էր 35 մլրդ դրամի հարկ։ Այս տարի վճարել է 15 միլիարդ՝ 20 միլիարդով ավելի քիչ։
Հանքարդյունաբերությանը հիշում են, երբ իրենց պետք է։ Իսկ երբ ոլորտը խնդիրների առաջ է և շատ ավելի աջակցության կարիք ունի, քան նույն ՏՏ-ն, անտարբեր են։
Ավանդաբար ընդունված է եղել հանքարդյունաբերությունը համարել բարձր եկամուտներ ապահովող ոլորտ։ Ու այս առումով գուցե կարող են անհասկանալի ու չհիմնավորված թվալ ոլորտում ի հայտ եկող դժգոհությունները։ Բայց երբ հետադարձ հայացքով նայում ենք, թե ինչ է կատարվել վերջին տարիներին այստեղ, տեսնում ենք, որ դժգոհությունները հիմքեր ունեն։
Քաղաքական նպատակահարմարություններից դրդված՝ հարքարդյունաբերությունը մշտապես եղել է այս իշխանությունների թիրախում։ Դրա ականատեսը եղանք դեռևս 2018թ., երբ իրենց քաղաքական շահերից ելնելով, արգելափակեցին ոլորտի ամենախոշոր ներդրումային ծրագիրը՝ ի դեմս Ամուլսարի։
Հանքարդյունաբերությունն իշխանությունների թիրախում հայտնվեց նաև խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ։ Որոշ մարդկանց պատժելու և քաղաքական դիվիդենտներ շահելու համար ոլորտի վրա արտահանման նոր տուրք սահմանեցին, առանց հաշվի առնելու դրա տնտեսական ու ֆինանսական հետևանքները։ Մեկ-մեկուկես տարի պահանջվեց հասկանալու համար, որ կործանում են տնտեսության այդ առանցքային ճյուղը։ Հանեցին արտահանման տուրքը, երբ նոր, ոչ պակաս ծանր խնդիրներ էին ի հայտ եկել։ Այս անգամ այդ խնդիրները կապված էին դրամի արձանագրված ու խորացող արժևորման հետ։
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ դրամը գտնվում է արժևորման փուլում։ Այդ ընթացքում ազգային արժույթն ամրապնդվել է գրեթե 25 տոկոսով, ինչի հետևանքով արտահանման ոլորտում գործող բազմաթիվ ընկերություններ մեծապես կորցրել են իրենց եկամուտները։ Դրամի արժևորման ազդեցությունը մեծ է հատկապես հանքարդյունաբերության վրա, որտեղ, առանց բացառության, հասույթները ձևավորվում են տարադրամով, իսկ ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձերն ու բյուջեի նկատմամբ գոյացող հարկային պարտավորությունները, կատարվում են դրամով։ Այսինքն՝ տարադրամը փոխարկում են դրամի ու իրականացնում ծախսերը։
Եթե նախկինում արտահանումից ստացված դոլարը փոխարկում էին 480-490 դրամ, երբեմն ավելի բարձր փոխարժեքով, արդեն տևական ժամանակ փոխարկում են 385 դրամով։ Տարբերությունն առնվազն 100-105 դրամ է, ինչը հսկայական կորուստներ է առաջացնում ընդհանրապես արտահանման ոլորտում գործող ընկերությունների ֆինանսական հոսքերում։
Կարճաժամկետ հատվածում գուցե հնարավոր է այդ կորուստներն ինչ-որ ձևով փոխհատուցել։ Բայց երբ դա երկար է ձգվում, խնդիրները խորանում են։
Հանքարդյունաբերության ֆինանսական դժվարություններն ավելացել են ոչ միայն դրամի ամրապնդման, այլև մետաղների միջազգային գների նվազման հետևանքով։
Անցած տարվա կեսերից պղինձն էժանացել է։ Այս տարվա սկզբին էլ գներն անհամեմատ ավելի ցածր են, քան անցած տարի։
Մի կողմից՝ դրամի արժևորումը, մյուս կողմից՝ միջազգային գների նվազումը, հանքարդյունաբերությանը կանգնեցրել են ֆինանսական դժվարությունների առաջ։ Ոլորտի մասնակիցները, որոնց թիվը մի շարք հայտնի ու անհայտ պատճառներով զգալիորեն սեղմվել է ու փոքրացել, պահանջում են հարկերի վճարման հետաձգում կամ նպատակային ֆինանսական աջակցություն՝ փոխարժեքի տատանումների պատճառով առաջացող վնասները փոխհատուցելու համար: Կառավարությունն առայժմ լռում է, ի տարբերություն ՏՏ-ի նկատմամբ ցուցաբերվող հոգատարության։ Այնինչ՝ տնտեսության համար շատ ավելի կարևոր նշանակություն ունի հանքարդյունաբերությունը՝ որպես տնտեսության համակարգաստեղծ ճյուղ։
Ոլորտի կարևորությունը մեծ է նաև արտահանման ու բյուջեի եկամուտների առումով։ Թե՛ մեկ, և թե՛ մյուս դեպքում այն ամենամեծ բաժինն ունի տնտեսության մեջ։ Տարիներ շարունակ Հայաստանի արտահանման գրեթե մեկ երրորդը բաժին է ընկել հանքարդյունաբերությանը։
Պետական բյուջեի եկամուտների առնվազն 10 տոկոսը ևս ձևավորվում է այս ոլորտում, չնայած վերջին շրջանում ոլորտի որոշ ընկերությունների գործունեության հետ կապված առաջացած անհարմարություններին։ Չի գործում «Թեղուտը», իսկ Սոթքի հանքավայրի շահագործումը մեծապես կրճատվել է։ Հանքի մի մասը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ մյուս մասում՝ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների հետևանքով, աշխատանքները դադարեցված են։ Ստիպված եղան կրճատել արդյունահանման ծավալները՝ բաց շահագործումից անցնելով փակի։
Հիմնական ծանրությունը մնացել է Զանգեզուրի կոմբինատի վրա, որը, ըստ էության, ոլորտում փաստացի գործող միակ ընկերությունն է։ Հարկ եղած դեպքում կառավարությունը հպարտանում էր, որ ստացել է ընկերության բաժնետոմսերի գրեթե 22 տոկոսը, բայց չի մտածում կատարել դրանից բխող պարտավորությունները, երբ ընկերությունը հայտնվել է ֆինանսական դժվարությունների առաջ։ Այնպես, ինչպես այն բազմաթիվ արտահանող ընկերությունները, որոնք վերջին մեկ-մեկուկես տարում կորուստներ են կրում դրամի շարունակվող արժևորման հետևանքով։
Ամբողջ տնտեսությունն է դրանից տուժում, բայց տուժում են հատկապես նրանք, որոնց հասույթներն ամբողջությամբ տարադրամով են։ Այս ընկերություններին օժանդակելու փոխարեն՝ էկոնոմիկայի նախարարությունը նախապատվությունը տվել է միայն ՏՏ-ին։ Չնայած մինչ այդ էլ ՏՏ-ն պակաս օժանդակություն չի ստացել՝ ի տարբերություն մյուսների։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ