«Ո՞ր Սվիտալսկու. ա՛յն Սվիտալսկու, որը նպատակադրված, հատուկ, 2018թ.Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ ուղերձը պահել էր և ուշ էր հրապարակե՞լ». Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՝ Նիկոլ Փաշինյանն առայժմ գաղտնի է պահում բանակցվող դրվագը, ըստ որի՝ արցախահայության իրավունքների և անվտանգության միակ երաշխավորը լինելու է Ադրբեջանի սահմանադրությունը։

Պատգամավորն այս մասին նշեց՝ անդրադառնալով 168.am-ի հարցադրմանը՝ արդյո՞ք 44-օրյա պատերազմն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը հանրությանը հերթական դիվանագիտական ձախողմանը նախապատրաստելու փորձ էր՝ հաշվի առնելով նմանատիպ նախադեպերը:

«Երևի իր գիտակից կյանքում առաջին անգամ Փաշինյանը հիմնականում ճշմարտությունն է ասում. բացահայտ ասում է՝ բանակցում է Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայտնվելու վերաբերյալ: Մի բան դեռ փորձում է գաղտնի պահել՝ արցախահայության, այսպես կոչված, միջազգային երաշխիքների հարցը: Դրա հետ կապված՝ շուրջ մեկ շաբաթ առաջ ես եմ ԱԺ-ում բացահայտում արել, որ, փաստացի, այս պահին բանակցվում է՝ Արցախի քաղաքացիների միակ երաշխիքը լինելու է Ադրբեջանի սահմանադրությունը»,- ի պատասխան՝ մանրամասնեց նա:

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է արմատական ընդդիմության ներկայացուցչի՝ Արմեն Աշոտյանի ձերբակալության մասին այսօր լռում ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, եթե նախորդ դեսպան Պյոտր Սվիտալսկին, օրինակ, մինչև 2018 թվականը նույնիսկ մասնակցում էր հանրային ու քաղաքական ինչ-ինչ գործիչների դատավարական պրոցեսներին, ինչո՞ւ են լռում Արևմուտքից դրամաշնորհներ ստացող շատ իրավապաշտպանները՝ մեր հաջորդ հարցադրմանն ի պատասխան՝ Հայկ Մամիջանյանն արձագանքեց.

«Դուք ո՞ր Սվիտալսկու հետ եք. ա՛յն Սվիտալսկու, որը նպատակադրված, հատուկ, 2018 թվականին Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ ուղերձը պահել էր և ուշ էր հրապարակե՞լ… ՀՀ-ում իրավապաշտպան կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը վաղուց իրավապաշտպանից դարձել է շահերի պաշտպան. ես գիտեմ՝ իրենք ում շահերն են պաշտպանում, և իրենցից որևէ ակնկալիք չունեմ»:

Հայկ Մամիջանյանը շնորհակալություն հայտնեց հանրային ու քաղաքական շրջանակներին, որոնք հայտարարություններ են տարածել Արմեն Աշոտյանի քաղաքական կալանավորման առնչությամբ:

«Այո, Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է: Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառներից մեկը հանդիսացել է այն, որ ամիսներ առաջ նա առաջինն էր, որ փաստաթղթով հրապարակեց փաստը՝ Փաշինյանը բանակցում է Արցախը Ադրբեջանի կազմում սկզբունքներով, իսկ դա Փաշինյանը մարսել չի կարող»,- շեշտեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ երեկ Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովը Թվիթերում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի և իշխանությունների հետապնդումների մասին, որում ասվում է. «Անհանգստացած եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ։ Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն։ Արդար և թափանցիկ դատավարության կոչ եմ անում: Եվրոպական խորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս