Փաշինյանին հեռացնելու է հայ ժողովուրդը, որովհետև ժողովուրդն արժանի չէ, որ իր առջևից նման խզբզանք քայլի. Հայկ Մամիջանյան

«Արդեն որերորդ անգամ Փաշինյանը խոսում է զինվորների կյանքեր փրկելու մասին, և արդեն որերորդ անգամ այդ զինվորների թիվը փոփոխվում է. Նախ՝ 20.000, ապա՝ 30.000, հիմա էլ պարզվեց՝ 25.000 զինվորի կյանք է փրկել: Սա լավագույնս ցույց է տալիս, որ Փաշինյանի համար զինվորի կյանքն արժեք չունի»,- այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում տված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Անդրադառնալով 2020թ. Նիկոլ Փաշինյանի ու արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, Հայկ Մամիջանյանն ասաց՝ այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն արդեն ասել է, որ պատերազմն արդեն տանուլ է տրված:

«Ասել է, որ ինքն է խնդրել ՌԴ-ին՝ մեր ռազմավարական դաշնակցին, Սյունիքում տեղակայել ՌԴ դրոշներ: Երեկ նա ասաց, որ իր համար կարմիր գիծ էր Շուշին և Սյունիքով միջանցքի տրամադրումը: Փաշինյանը փորձում է մանիպուլացնել Շուշի փախստականների վերադարձը՝ ներկայացնելով, որ իբր 90% ադրբեջանցիներով բնակեցված Շուշի կվերադառնային ադրբեջանցիները, և փաստացի Շուշին չէր լինի մեր տիրապետության տակ: Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով նախատեսված է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվելու է փախստականների վերադարձ: Հարց եմ տալիս՝ այս պահին Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ գոնե մի ադրբեջանցի եկե՞լ է, բնակվո՞ւմ է… Հետևաբար՝ Փաշինյանը ստում է. այդ օրը հրադադարի հնարավորություն կար Շուշիի պահպանմամբ»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է Սյունիքով անցնող տրանսպորտային ճանապարհին, Հայկ Մամիջանյանն ասաց՝ նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությամբ նույն բանը նախատեսվում էր:

Կարդացեք նաև

«Այսինքն՝ երկու կետերը, որ իր համար կարմիր գիծ էին, հենց այդպես էլ ստորագրվեցին: Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 9-ը բոլոր մահերն ուղղակիորեն Փաշինյանի գործունեության հետևանքն են: Ու նա դա արել է, որ իրեն չասեն՝ դավաճան: Հայ զինվորի կյանքի ու արյան գնով նա իր համար ապահովել է հետագայում քաղաքականությամբ զբաղվելու իրավունք»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Վերջինս հիշեցրեց, որ երեկ Փաշինյանը մանրամասնորեն ներկայացրեց ռուսական միջնորդությամբ հրադադարի մանրամասները, բայց ոչ մի բառ չասաց ամերիկյան և ֆրանսիական միջնորդության մասին:

«Ես բաց հարց կհնչեցնեմ: Արդյո՞ք ամերիկյան խողովակով բանակցային գործընթացը պայմանավորված էր Ամերիկայի ներքաղաքական զարգացումներով և այդ ժամանակ ԱՄՆ նախագահ հանդիսացող Թրամփի ներքաղաքական նպատակների լուծմամբ»,- ասաց պատգամավորը:

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաև այն փաստին, որ շուրջ 10 անգամ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ Փաշինյանին տված տվյալներն իրար հակասել են:

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմող երկրում շուրջ 10 անգամ ինքը չի տիրապետել իրավիճակին: Ավելի լավ ինքնախոսոտովանական ցուցմունք չէր կարող լինել»,- ասաց նա:

Հայկ Մամիջանյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ինքը նոյեմբերի 9-ից հետո 2 օր անց է ներկայացել աշխատանքի:

«Այսինքն՝ ոչ ոք չի իմացել, թե ուր է նա, որ բունկերներում, ինչ սթափության աստիճանի ներքո է եղել: Ասում է՝ երբ վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ Շուշիում ոչ մի հայ զինվոր չկա: Որտեղի՞ց լիներ քո ստորագրելուց հետո»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ միշտ, նաև 44-օրյա պատերազմի ժամանակ ագրեսոր կողմը եղել է Ադրբեջանը:

«Բայց Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը հակասում է հենց իր հայտարարություններին: Հիմա պարզ հարց եմ տալիս՝ Արցախը Հայաստան է, և վե՞րջ, թե՞ դու Արցախի անունից բանակցելու հնարավորություն չունես: Հենց այս երկատվածությունն է խառնաշփոթ առաջացրել բանակցային գործընթացում: Բացի դրանից, դրանով նա ուլտիմատում է դրել ոչ թե Ադրբեջանի, այլ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջ»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Վերջինս հիշեցրեց նաև 2018թ. Դուշանբեում Փաշինյանի զոհած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, անդրադարձավ երեկ նրա հիշատակած Բելովեժյան համաձայնագրին:

«Հայտարարում եմ որերորդ անգամ՝ ոչ Պրահայի, ոչ էլ Բելովեժյան համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղին վերաբերելի չեն, որովհետև այդ պահին Լեռնային Ղարաբաղն արդեն անկախացել էր: Եթե այդ պայմանագրերը բանակցային հիմքեր կարող էին լինել, ինչի՞ մինչ այդ դրանք երբեք չեն շրջանառվել»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը՝ հիշեցնելով, որ դրանք շրջանառության մեջ են մտել Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի վարած դիվանագիտության արդյունքում:

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մյուս կեղծիքներին ու մանիպուլյացիաներին, ասաց, որ ՀՀ բոլոր իշխանությունների բանակցած փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը տարածքային վեճ չէ, խոսեց Ապրիլյան պատերազմի մասին Փաշինյանի հնչեցրած մտքերի մասին:

«Երեկ նա նորից անդրադարձավ սպարապետ Վազգեն Սարգսյանին: Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացեք «Օրագիր» թերթում նրա իսկ կողմից հեղինակած «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին», «Կտոր մը կամուֆլյաժ» ու նմանօրինակ անհայրենիք վերնագրերով մյուս հոդվածները ու տեսեք՝ ինչեր է նա գրել Սպարապետի մասին Դրանից հետո նա Սպարապետի անունը արտաբերելու իրավունք չունի: 1993թ. իր ու Վազգեն Սարգսյանի հանդիպումն էլ թող լավ հիշի»,- ասաց պատգամավորը:

Հայկ Մամիջանյանը, պատասխանելով Փաշինյանին, կրկին հիշեցրեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մասին:

«Սերժ Սարգսյանի թողած ժառանգության կարևորագույն կետերից էր այն, որ հանդես էր գալիս եռաստիճան երաշխավորությունների համակարգ՝ հակամարտող կողմերի միջև համաձայնություն, Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարություն»,- ասաց նա՝ թվարկելով նաև այդ բանակցային ժառանգության մյուս առավելությունները:

Խոսելով այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե չի հասցրել բանակցել, Հայկ Մամիջանյանը նրան կրկին առաջարկեց հրապարակել 2019թ. իր ստացած առաջարկը, որը շատ հարցերի պատասխաններ կտա:

«Եվ ամենակարևորը. Եթե ինչ-որ մեկը գալիս ու ասում է՝ ես բանակցությունները սկսում եմ իմ կետից, այդ պահից սկսած՝ ցանկացած բանի համար պատասխանատվություն կրում է նման ցնդաբանություն ասողը: Այնպես որ, նրա 3.5 ժամանոց երեկվա խոսույթն անիմաստ էր»,- ասաց նա:

Հայկ Մամիջանյանը հիշեցրեց նաև, որ Փաշինյանի՝ երեկ թվարկած սպառազինությունների վերաբերյալ թվերն ամբողջովին սուտ են:

Հարցին՝ ինչո՞ւ չմասնակցեցին Քննիչ հանձնաժողովի նիստին, Հայկ Մամիջանյանն ասաց՝ չենք ուզում մասնակից լինել Փաշինյանի ստերին, նրա կազմակերպած շոուներին:

Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը:

«Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է: Նրա կալանավորման պատճառներից մեկն այն է, որ Արմեն Աշոտյանն ամիսներ առաջ առաջինն է բարձրաձայնել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար: Փաշինյանը չէր կարող դա մարսել»,- ասաց պատգամավորը՝ անդրադառնալով նաև Արմեն Աշոտյանի կալանավորմանը հետևած միջազգային արձագանքներին:

Հայկ Մամիջանյանն ասաց նաև, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու է ոչ թե ՀՀԿ-ն, այլ հայ ժողովուրդը:

«Որովհետև հայ ժողովուրդն արժանի չէ, որ իր առջևից, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր ասել, նման խզբզանք քայլի»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս