Բանակցություններից ակնհայտ էր՝ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին է. այն վերցնելով՝ ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը. Փաշինյան

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջին անգամ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել պատասխանել ուղիղ և երկիմաստությունից զերծ հետևյալ հարցին՝ ինչ պիտի անել, որ հրադադար հաստատվի և պատերազմը կանգնեցվի:

«Նույն հարցադրման շուրջ ավելի մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին, և ՌԴ նախագահը կարծիք հայտնեց, որ կարելի է փորձել 5 շրջանների վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել: Իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որևէ հստակեցման, այսինքն, կարգավիճակի անորոշությամբ: Այդ օրը ՌԴ նախագահի հետ համաձայնեցինք, որ հանձնարարենք, որ թիմերն աշխատեն այս գաղափարի բյուրեղացման ուղղությամբ»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ով Փաշինյանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել հոկտեմբերի 17-ի լույս 18-ից:

«Ես, բնականաբար, համաձայնեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվեց հետևյալ հայտարարությունը, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան: Այն է՝ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ պատերազմը կանգնեցնելու փորձերը շարունակվել են, հոկտեմբերի 23-ին ի հայտ է եկել ամերիկյան նախաձեռնությունը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում խոսել է ցավոտ զիջումների մասին:

«Բայց որքան էլ հասկանայի ցավոք զիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում: Մյուս կողմից, քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ շատ կոնկրետ նպատակ և մոտիվացիա: Միաժամանակ բանակցություններից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին է: Եվ սա ոչ միայն խորհրդանշական իմաստով, այլ, որովհետև Շուշին վերցնելով՝ ադրբեջանցիները փակում էին Լաչինի ճանապարհը, հնարավորություն էին ստանում գրոհել Ստեփանակերտի վրա, և արդեն ոչ միայն ճակատից, այլև թիկունքից գրոհել ՊԲ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ պաշտպանական շրջանները, ինչպես նաև Հաթերք-Սոթք հատվածը»,- մանրամասնել է Փաշինյանը:

Այս համատեքստում նա շեշտել է, որ բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էր:

«Ի վերջո, հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտն արված է»,- ընդգծել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս