Մոդին հունիսի 22-ին կհանդիպի Բայդենի հետ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 2023 թվականի հունիսի 20-ից մինչև 25-ը պետական այցեր կկատարի ԱՄՆ և Եգիպտոս։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Հնդկաստանի արտգործնախարարությունը:
ԱՄՆ-ում Մոդին կհանդիպի նախագահ Ջո Բայդենի հետ, ելույթ կունենա Կոնգրեսում և կանցկացնի Յոգայի օր ՄԱԿ-ում։
«Այցը կսկսվի Նյու Յորքում, որտեղ վարչապետը հունիսի 21-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կգլխավորի Յոգայի միջազգային օրվա տոնակատարությունը», – ասված է հաղորդագրության մեջ։
Դրանից հետո Մոդին կմեկնի Վաշինգտոն, որտեղ հունիսի 22-ին Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Բայդենի հետ՝ շարունակելու բարձր մակարդակի երկխոսությունը։ Նույն օրը երեկոյան նախագահ Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը պետական ընթրիք են կազմակերպելու Հնդկաստանի կառավարության ղեկավարի պատվին։ Բացի դրանից, հունիսի 22-ին Հնդկաստանի վարչապետը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում։
Վարչապետ Մոդին այնուհետև հունիսի 24-ից 25-ը պետական այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Դա կլինի վարչապետ Մոդիի առաջին այցը Եգիպտոս: