Բաժիններ՝

Հայաստանի 2023-2030 թթ. Զբաղվածության ռազմավարության մշակման թիրախում մարդկային կապիտալի զարգացումն է. նախարար

«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» (ԱԱՊՀ) ՀԿ-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացրեց Հայաստանի 2023-2030թթ․ Զբաղվածության ռազմավարության քննարկում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի աջակցությամբ, ներգրավելով ԱԱՊՀ անդամ կազմակերպություններ «Ամերիա» և «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» խորհրդատվական ընկերություններին, մշակել է «Հայաստանի 2023-2030 թթ. Զբաղվածության ռազմավարություն»-ը:

Այն բաղկացած է զբաղվածության ոլորտի ուսումնասիրությունից, աշխատանքի շուկայի միտումների վերլուծությունից, աշխատուժի պրոֆիլավորումից, զբաղվածության ռազմավարությունների միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունից, տեսլականից ու նպատակներից և դրանցից բխող գործողությունների ծրագրերի սահմանումից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ԱԱՊՀ հետ քննարկում կազմակերպելու նախաձեռնության նպատակը մասնավոր հատվածի տեսակետին, մարտահրավերներին ու առաջարկություններին ծանոթանալն էր:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծեց, որ զբաղվածության ռազմավարության մեջ կարևոր փոփոխություններ են իրականացրել պետական քաղաքականության մոտեցման մեջ, որտեղ շեշտադրումը մարդկային կապիտալի զարգացումն է:

«Առաջին քայլը բարձր արտադրողականությամբ աշխատողների թվաքանակի աճին նպաստելու քաղաքականությունն է, մյուս կարևոր ուղղությունն է՝ ստեղծել հնարավորություններ, որպեսզի պետական համակարգի նպաստ ստացող մարդիկ ինտեգրվեն աշխատաշուկայում: Մյուսը՝ պահանջարկի և առաջարկի անհամապատասխանության նվազեցումն է: Այս կետերին հասնելու համար մի շարք թիրախային խմբեր ենք սահմանել աշխատանքային ակտիվ միջավայրում ներգրավելու համար, որոնցից են մարզային քաղաքները ներառող համայնքների աշխատանքային տարիքի քաղաքացիները, 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդները և միջին տարիքի՝ 30-40 տարեկան կանայք: Եթե կարողանանք այս բոլոր ուղղություններով աշխատաշուկան զարգացնել, ապա կարող ենք համարել, որ ոլորտային համապարփակ փաստաթուղթը, որը հիմա մշակվում է, իր նպատակին ծառայել է»,- նշեց նախարարը:

Նարեկ Մկրտչյանն ընդգծեց, որ մարդկային կապիտալի զարգացումը հնարավոր է իրականացնել միայն զուգահեռ տնտեսական, տարածքային և կրթական զարգացման ծրագրերը համադրելով:

«Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ներկայացնելով զբաղվածության ռազմավարությունը, նշեց, որ աշխատաշուկայում առկա առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատման նպատակով Հայաստանը պետք է խթանի զբաղվածությունը՝ մրցունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով:

«Հայաստանի զբաղվածության ռազմավարությունը թիրախավորելու է մարզային քաղաքները ներառող համայնքները, որտեղ կենտրոնացած են զբաղվածության ամենախորքային խնդիրները, ինչպես նաև չսովորող, չաշխատող երիտասարդներին ու միջին տարիքի (30-40) չաշխատող կանանց երկարաժամկետ հեռանկարում խրախուսելու աշխատանքի արտադրողականության աճը: Նման հեռանկարային և կենսական նշանակություն ունեցող ծրագրերը պետք է ուղեկցվեն զբաղվածության պետական քաղաքականության հիմնարար վերափոխմամբ»,-ասաց Ջրբաշյանը։

Քննարկման ընթացքում ելույթ ունեցան նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ովքեր նշեցին իրենց նկատառումները ռազմավարության վերաբերյալ։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը անկախ բիզնես ասոցիացիա է, որը գործում է Հայաստանում 2000 թվականից: ԱԱՊՀ-ը ներկայացնում է 160 անդամ ընկերությունների շահերը՝ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներից: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու և լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ և սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և գործարար համայնքի հետ: ԱԱՊՀ-ն հանդիսանում է ԱՄՆ Առևտրի պալատի և Եվրոպայում Ամերիկյան պալատների անդամ: Հայաստանում ԱԱՊՀ-ն կշարունակի իր կոմիտեների և աշխատանքային խմբերի միջոցով պաշտպանել օրենքի գերակայությունը, ինչպես նաև ընդլայնել իր համագործակցությունը Հայաստանի կառավարության և տարածաշրջանի ու Եվրոպայի այլ պալատների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս