Հայկ Մարությանը վերադարձել է. ովքե՞ր կընդգրկվեն նրա թիմում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս վերադարձել է հյուրախաղերից, նա տեւական ժամանակ ԱՄՆ-ում էր։ Նրա մերձավորներից մեկը պատմեց, որ ակտիվ աշխատանքներ է սկսել՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար: Թեեւ դեռ հստակ չէ, թե որ կուսակցությամբ է մասնակցելու, գուցե նորն է գրանցելու, սակայն արդեն թիմ է հավաքում:
Մեզ երկու անուն տվեցին, որոնք կարող են ընդգրկվել Մարությանի գլխավորած ցուցակում. երկուսն էլ «Իմ քայլը» ավագանու նախկին անդամներ են` մեկը հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանն է, մյուսը՝ Էռնեստ Ավանեսովը, ով պարբերաբար քննադատում է Տիգրան Ավինյանին։ Անցած տարեվերջին, օրինակ, «Սուրմալուի» փլատակների մոտ նկարված Ավինյանին նա խորհուրդ էր տվել․ «Ինչո՞ւ չեք գնում Լաչինի միջանցք, լենտեր կտրում կամ հայտարարում, որ քաղաքապետի թեկնածուն եք»։
Երեկ, սակայն, Ավանեսովն ասաց, որ քննարկում չի ունեցել Մարությանի հետ, նրա հետ վերջին անգամ շփվել է քաղաքապետության շրջանում, սակայն չբացառեց, որ կարող է հայտնվել Մարությանի ցուցակում»: