Նիկոլ Փաշինյանի հետճամփորդական նվերն Էրդողանին
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանքը ևս 1 ամիս 15 օրով երկարաձգելու մասին։
Մինչ այդ որոշման կայացումն ամբողջ օրը տեղի է ունեցել դատական նիստ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ամեն կերպ ապացուցել է, որ հոր արժանի որդին է՝ զոհվածի մոր՝ իրեն «առևանգելու» քայլը ներկայացնելով՝ որպես գրեթե ազգային անվտանգության սպառնալիք։ Բայց դատարանի դահլիճում տեղի ունեցածը, իր ողջ տհաճությամբ հանդերձ, այնուամենայնիվ երկրորդական է։ Շատ ավելի կարևոր է այն ուղերձը, որը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան հայ հանրությանը, որքան աշխարհին հղում է դեպի տոտալ վնգստացում սուրացող դատական համակարգը՝ արցախյան պատերազմում զոհվածի մոր կալանքը երկարացնելով։ Ուղերձի հեղինակը, իրարկե, վնգստակույտը չէ, այլ նրան հրահանգող իշխանությունը։ Իսկ ուղերձը հասկանալի կարող է դառնալ միայն երկու օր առաջ տեղի ունեցած տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում։
Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն Անկարայում մասնակցում էր Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալությանը՝ ի թիվս բազմաթիվ այլ երկրների ղեկավարների, Իլհամ Ալևի կողքին, ավելի ճիշտ՝ նրա հետևի շարքում։ Խոսքն այն Էրդողանի մասին է, ում անձնական փեսայի ընկերության արտադրած ու Թուրքիայի պետական քաղաքականության գործիք դարձած «Բայրաքթարներով» սպանվել է արցախյան պատերազմի զոհերի զգալի մասը։ Այդ տեղեկությունը հայ հանրությունը լսել է ոչ թե անանուն աղբյուրներից, այլ նույն Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի օրերին տված հարցազրույցներից, գրառումներից, հայտարարություններից, Էրդողան-Ալիև-Չավուշօղլուների հրճվանք ու գոհունակություն արտահայտող ելույթներից։ Ահա, ուրեմն, Նիկոլ Փաշինյանը գնացել է շնորհավորելու հայ զինվորների սպանությամբ նշանավոր դարձած թուրքական «Բայրաքթարների» հեղինակներին։
Պատահակա՞ն է արդյոք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան վերադարձի հաջորդ օրը դատարանը կալանավորում է պատերազմի զոհերից մեկի մորը, ով, հնարավոր է՝ սպանվել է հենց նույն «Բայրաքթարի» հարվածներից։ Հազիվ թե։ Ավելի հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը՝ վերադառնալով Թուրքիայից, այսպիսով անուղղակիորեն շնորհակալություն է հայտնում Էրդողանին «ջերմ ընդունելության» համար՝ դատապարտելով պատերազմում զոհված զինվորի մորը։
Իրավիճակի շատ ջրբաժանային է․ մարդը կամ պետք է դատապարտի հայ զինվորներին սպանած պետություններին ու նրանց ղեկավարներին, կամ, եթե հաշտ է վերջիններիս հետ (ապացույցը՝ բազմաթիվ լուսանկարները), պետք է դատապարտի այդ «հաշտությանն» իրենց պայքարով խոչընդոտածներին (եթե ողջ են մնացել) կամ նրանց հարազատներին։ Նիկոլ Փաշինյանն ընտրել է Էրդողանին։
Հարություն Ավետիսյան