Բաժիններ՝

Ինդոնեզիան հանդես է եկել Ուկրանիայի և Ռուսաստանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկով, որը Կիևը մերժել է

Ինդոնեզիան առաջարկել է Ուկրաինայում հակամարտության լուծման իր տարբերակը, որը Կիևը մերժել է։

Ինդոնեզիայի պաշտպանության նախարար, գեներալ Պրաբովո Սուբիանտոն Սինգապուրում ընթացող ֆորումի ժամանակ առաջարկել է Ուկրաինայում հակամարտության լուծման տարբերակ ապառազմականացված գոտի ստեղծելու եղանակով, ինչպես դա արվել է Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի միջև։

Ինդոնեզիայի պաշտպանության նախարարը «Շանգրի-Լա-երկխոսություն» ֆորումի մասնակիցներին առաջարկել է Կիևին և Մոսկվային ուղղված համատեղ դիմում ստորագրել։

Ինդոնեզիայի պաշտպանության նախարարի առաջարկին արձագանքել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, որ ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը չի աշխատելու։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն նշել է, որ առաջին հերթին ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն Ուկրաինայի տարածքներից։ Նրա խոսքով՝ առանց ռուսական զորքերի դուրսբերման Ռուսաստանը հրադադարը կօգտագործի որպես ժամանակ շահելու միջոց՝ վերախմբավորվելու, Ուկրաինայի օկուպացված տարածքներում ամրապնդվելու և ագրեսիայի նոր ալիքի հնարավորություններ ստեղծելու համար։

«Ուկրաինայում երկարատև խաղաղությունը նշանակում է ռուսական օկուպացիայից Ուկրաինայի տարածքների ազատագրում։ Սա է նախագահ Վլադիմիր Զելենսկիի խաղաղության բանաձևը։ Մենք Ինդոնեզիային հրավիրում ենք միանալ այդ բանաձևի իրականացմանը»․- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս