Աշոտ Փաշինյանին ենթարկե՞լ են ալկոհոլային կամ թմրանյութային թեստավորման, պարզվե՞լ է դեպքի պահին վերջինիս սթափության կամ ադեկվատության աստիճանը. ՔԿ-ի պատասխանը

Մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրեց, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները առևանգել են Աշոտ Փաշինյանին: Տվել էին նաև անուններ, որոնց մասնակցությունը նշված միջադեպին հերքվեց:

Ավելի ուշ պարզվեց, որ զոհված զինծառայողների ծնողները Վարչական դատարանում իրենց վերաբերյալ տեղի ունեցած հերթական նիստից դուրս գալիս դատարանի բակում հանդիպել են Աշոտ Փաշինյանին, և նրանցից Գայանե Հակոբյանը՝ նահատակ Ժորա Մարտիրոսյանի մայրը (անձնագրային տվյալներով՝ Ազգուշ Մարտիրոսյան.- Գ.Ս.), Նիկոլ Փաշինյանի որդուն հրավիրել է նստել իր մեքենան ու զրուցել՝ միևնույն ժամանակ մյուս ծնողներին խստիվ արգելելով իրենց հետ գալ: Մեքենայի մեջ ըստ այդմ եղել են Աշոտ Փաշինյանն ու Գայանե Հակոբյանը, ով էլ Աշոտ Փաշինյանին առաջարկել է գնալ Եռաբլուր, որ վերջինս տեսնի՝ ինչ է պատահել իրենց հետ, ինչ է արել նրա հայրն իրենց որդիների հետ: Ճանապարհին, ինչպես գիտենք, Աշոտ Փաշինյանն իրեն դուրս էր նետել ընթացող մեքենայից:

Գայանե Հակոբյանն այժմ առևանգման մեղադրանքով մեկամսյա կալանք է կրում, քանի որ Աշոտ Փաշինյանը նախ հաղորդում էր տվել հանցագործության մասին, ապա առերես հարցաքննության ժամանակ պնդել՝ Գայանե Հակոբյանն իրեն առևանգել է:

Կարդացեք նաև

Վերջինիս փաստաբանները, սակայն, պնդում են՝ առևանգում չի եղել. Աշոտ Փաշինյանն ինքն է իր կամքով նստել մեքենան, իսկ Գայանե Հակոբյանին մեղադրանք առաջադրվել է միայն նրա ցուցմունքի հիման վրա. որևէ այլ ապացույց գոյություն չունի: Անգամ մեքենայի դռներն արգելափակված չեն եղել, ինչը նշանակում է, որ եթե տիկին Գայանեն Աշոտ Փաշինյանին առևանգելու մտադրություն ունենար, նա դրանք կարգելափակեր:

«Աշոտ Փաշինյանի հեռախոսն իր մոտ է եղել. ինքը որևէ մեկի սմս (բջջային հաղորդագրություն.- Գ.Ս.) չի գրել, որ իրեն փորձում են առևանգել, կամ, որ իր կյանքին վտանգ է սպառնում»,- օրեր առաջ տված ասուլիսի ժամանակ ասել էր Գայանե Հակոբյանի ներկայիս պաշտպանական թիմի անդամ Գեորգի Մելիքյանը:

Մյուս պաշտպանը՝ Վարդուհի Էլբակյանն էլ պնդել էր՝ Աշոտ Փաշինյանը հնարավորություն ունեցել է իջնել մեքենայից, որովհետև մեքենան կանգնել է:

«Մինչ Մայիսի 9-ը Ծերեթելի խաչմերուկ հասնելը բեռնատար մեքենա է փչացած եղել, ու բոլոր մեքենաները կանգնել են, այդ թվում՝ Գայանեի մեքենան: Ինչո՞ւ Աշոտ Փաշինյանը այդ ժամանակ չիջավ մեքենայից, երբ մեքենան 1-2 րոպե կանգնած է եղել»,- ասաց նա:

Մայիսի 30-ին 168.am-ի հետ զրույցում Գայանե Հակոբյանի նախկին պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասել էր՝ ինքը հանդես է եկել Աշոտ Փաշինյանին փորձաքննության ենթարկելու միջնորդությամբ, և հետաքրքիր կլիներ իմանալ՝ ի՞նչ են պատասխանել Քննչական կոմիտեից:

«Միջնորդությունը բխում էր գործի փաստական հանգամանքներից, առերեսման իրողությունից, քանի որ Աշոտ Փաշինյանը ներկայացնում էր այնպիսի փաստական հանգամանքներ, որոնց տրամաբանության մեջ հնարավոր չէր պատասխանել: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ինքն իրականությունն աղճատված է պատկերացնում: Մենք պրակտիկայից գիտենք, որ թմրամիջոցների երկարատև օգտագործման դեպքում անձի ընկալումը և վերարտադրումն աղճատվում են, և անձն իրականում որպես իրականություն՝ կարող է ներկայացնել այնպիսի հանգամանքներ, որոնք օբյեկտիվ իրականության մեջ տեղի չեն ունեցել»,- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանի վերաբերյալ այս վարկածը քննության առարկա պետք է դառնա:

Նման հարցում օրեր առաջ Քննչական կոմիտեին ուղարկել էր նաև 168.am-ը:

«Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում  Աշոտ Փաշինյանին քննչական գործողությունների տրամաբանության մեջ ենթարկել են ալկոհոլային կամ թմրանյութային թեստավորման: Կատարվե՞լ է արդյոք Աշոտ Փաշինյանի արյան փորձաքննություն կամ այլ հետազոտություն՝ պարզելու համար դեպքի պահին վերջինիս սթափության կամ ադեկվատության աստիճանը»,- այս հարցերի պատասխանն էինք ցանկացել ստանալ ՔԿ-ից:

Մեզ նախ ասել էին, որ նշված վարույթով նշանակվել են դատաբժշկական, դատաքրեագիտական, ինչպես նաև դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

«Հարցմամբ նշվող այլ հարցադրումների վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, որոնք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ»,– ստանդարտ պատասխան էին տվել ՔԿ-ից:

Ափսո՜ս, որովհետև իրականում կարևոր էր հասկանալ՝ իսկ ի՞նչն է Աշոտ Փաշինյանին դրդել կանգնած մեքենայից չիջնել, բայց դուրս նետվել ընթացքի միջից, իսկ միգուցե ցանկացել է ինքնավնասո՞ւմ անել: Կամ միգուցե սթափ չի եղել ու չի՞ գիտակցել իր գործողությունները:

Ինչպես ասում են, չենք պնդում, բայց չենք էլ բացառում: Ամեն դեպքում հույս ունենք հրապարակային դատաքննության ժամանակ ստանալ նաև նշված հարցերի պատասխանները:

Տեսանյութեր

Լրահոս