Աշոտ Փաշինյանի հեռախոսն իր մոտ է եղել. ինքը որևէ մեկի սմս չի գրել, որ իրեն փորձում են առևանգել… Ինքը խնդի՞ր ուներ Եռաբլուր գնալու. Գայանե Հակոբյանի փաստաբաններ
Այսօր Փաստաբանների պալատում ասուլիսով հանդես եկան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբաններ Վարդուհի Էլբակյանը, Հովսեփ Սարգսյանը և Գեորգի Մելիքյանը: Նրանք նոր, ուշագրավ մանրամասներ հայտնեցին Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Պաշտպաններից Հովսեփ Սարգսյանն ասաց, որ իրենց տեղեկություններով՝ գործն արդեն ուղարկվել է դատարան:
«Գործի նախաքննությունը տևել է շատ կարճ՝ 8 օր, և գործն արդեն դատարանի տիրույթում է: Նախաքննության ավարտի դրությամբ Գայանե Հակոբյանին նոր մեղադրանք է առաջադրվել, ավելի ճիշտ՝ փոփոխվել է առաջադրված մեղադրանքը»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:
Մյուս պաշտպան Գեորգի Մելիքյանն էլ նշեց՝ մինչ այս պահը չկա որևէ ապացույց, որ մեքենայի մեջ Գայանե Հակոբյանի կողմից Աշոտ Փաշինյանի առևանգմանն ուղղված որևէ գործողություն է տեղի ունեցել:
«Այն, որ նշում են, որ Գայանեի արարքը կապված Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության հետ, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Գեորգի Մելիքյանը՝ այլ մանրամասներին առաջարկելով ծանոթանալ դատարանում:
Պաշտպաններից Վարդուհի Էլբակյանն էլ նշեց, որ հրապարակային դատաքննության ժամանակ բավականին ուշագրավ մանրամասներ կբացահայտվեն: Հովսեփ Սարգսյանը նկատեց՝ բազմաթիվ տեսագրություններ են առգրավված, որոնք փաստում են՝ ոչ ոք Աշոտ Փաշինյանի կամքին հակառակ նրան մեքենա չի նստեցրել:
«Աշոտ Փաշինյանը ցուցմունք է տվել, որ Գայանե Հակոբյանին ասել է՝ չի ուզում գնալ Եռաբլուր, ապա օգտվելով մեքենայի դանդաղ ընթացքի հանգամանքից, իրեն դուրս է նետել մեքենայից»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:
Գեորգի Մելիքյանն էլ ասաց՝ մեքենան նստած հատվածից մինչև «Երևան Սիթիի» խաչմերուկ, ուր իրեն, այսպես ասած, նետել է Աշոտ Փաշինյանը, 500 մետր տարածություն են անցել, ու վերջինս մի քանի անգամ հնարավորություն է ունեցել դուրս գալ մեքենայից:
«Աշոտ Փաշինյանի հեռախոսն իր մոտ է եղել. Ինքը որևէ մեկի սմս չի գրել, որ իրեն փորձում են առևանգել, կամ, որ իր կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց Գեորգի Մելիքյանը:
Փաստաբանները հայտարարեցին, որ իրենց ու Գայանե Հակոբյանի նկատմամբ որևէ ճնշում չկա ու չի կարող լինել. Իրենք այն մարդիկ չեն, ում նկատմամբ հնարավոր է ճնշում գործադրել: Ասացին նաև, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բավականին հարգանքով են վերաբերվում Գայանե Հակոբյանին:
«Աշոտ Փաշինյանին դեռ պետք է հարցնենք՝ ինքը խնդի՞ր ուներ Եռաբլուր գնալու… Ես, օրինակ, ունեմ: Ամեն անգամ այնտեղ լինելուց հետո մարդկայնորեն դժվար եմ վերականգնվում… Աշոտ Փաշինյանը հո ասե՞ղ չէր, որ առևանգեին: Օրը ցերեկով, հեռախոսը՝ մոտը, ինքը՝ հերոս, մեն-մենակ մի կնոջ հետ, էդ տեսակ տղային հնարավո՞ր է առևանգել…»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:
Վարդուհի Էլբակյանի խոսքով՝ Գայանե Հակոբյանն ասել է՝ զղջման մասին որևէ խոսք չկա:
«Նախ նա այնպիսի բան չի արել, որ զղջա, բացի դրանից, Գայանեն պնդում է՝ այո, ինքը ցանկացել է, որ Աշոտ Փաշինյանն իրենց հետ գնա Եռաբլուր, որ տեսներ, պատկերացներ տեղի ունեցածը»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:
Պաշտպանները նշեցին՝ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ուղիղ ճնշում է գործադրել դատարանի վրա:
«Թե քննչական մարմինների, և թե դատարանի վրա եղել է ուղղակի ազդեցություն Նիկոլ Փաշինյանի կողմից: Մենք ճանաչում ենք դատավորների, ովքեր կդիմանային այդ ճնշմանը, բայց այս գործը չեն մակագրի այդպիսի դատավորների»,- ասաց Գեորգի Մելիքյանը:
Վարդուհի Էլբակյանը պնդեց՝ Աշոտ Փաշինյանը հնարավորություն ունեցել է իջնել մեքենայից, որովհետև մեքենան կանգնել է:
«Մինչ Մայիսի 9-Ծերեթելի խաչմերուկ հասնելը բեռնատար մեքենա է փչացած եղել, ու բոլոր մեքենաները կանգնել են, այդ թվում՝ Գայանեի մեքենան: Ինչո՞ւ Աշոտ Փաշինյանը այդ ժամանակ չիջավ մեքենայից, երբ մեքենան 1-2 րոպե կանգնած է եղել»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:
Գեորգի Մելիքյանի դիտարկմամբ էլ՝ Ժորա Չիչոյանը, եթե իրեն արդար դատավոր է համարում, սրանից հետո ինչ առևանգման գործ տանեն, եթե հիմնավոր կասկածով չի մերժելու, կալանքի հիմքերով պիտի կալանավորի:
«Ողջ դատավարության ընթացքում Ժորա Չիչոյանը նիստն այնպես էր վարում, որ վստահ էինք՝ կալանքը պիտի մերժվի, բայց տեսանք՝ ինչ տեղի ունեցավ, և սա այն դեպքում, երբ 11 անձ էլ, այդ թվում՝ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավորներ, երաշխավորություն էին ներկայացրել: Սա մնում է Ժորա Չիչոյանի խղճին»,- ասաց Գեորգի Մելիքյանը:
Պաշտպանները նաև նշեցին՝ Աշոտ Փաշինյանի ցուցմունքներն ըստ էության մի քանի անգամ փոխվել են:
Մանրամասները՝ տեսանյութում: