Գյումրիի՝ առևանգման և խոշտանգման դեպքի անսպասելի շրջադարձը. ո՞վ է կալանավորված երիտասարդը

Մայիսի 24-ին  ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) տեղեկացրեց, որ 2023թ. մայիսի 20-ին «Գյումրու բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Որովայնի հրազենային թափանցող վնասում, բարակ աղու բազմաթիվ վնասվածքներ, պարանոցի և կրծքավանդակի կողմնային մակերեսի ենթամաշկի կապտուկներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 50-ամյա բնակիչ։

«Նախնական տվյալներով՝ վերջինս շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել 35-ամյա համաքաղաքացու հետ, որի ընթացքում, շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ, վերջինս վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին: Այնուհետև, շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք»,- գրված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

50-ամյա բանվորին առևանգած ու խոշտանգած Գյումրիի 35-ամյա բնակիչը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում՝ Հանրապետության տարածքը լքելու պահին: Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը և գրավը՝ 10մլն դրամի չափով։

168.amն այս պատմության գործող անձանց վերաբերյալ որոշակի մանրամասներ էր ներկայացրել իր ընթերցողներին:

Կարդացեք նաև

Գրել էինք, որ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հանցագործության մեջ մեղադրվողը 168.am-ի՝ Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում նախկինում հայտնի ԲՀԿ-ական պատգամավոր, ՇՊՀ նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի քրոջ որդին է՝ ակտիվ ՔՊ-ական Մարտուն Թորոյան անունով-ազգանունով անձը: Վերջինս Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի մտերիմներից է: Նշել էինք, որ վերջինս իր հանցանքը միայնակ չէր կատարել, այլ համաքաղաքացիների՝ Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամի և Օնիկ Կիրակոսյան անվամբ ևս մի տղամարդու հետ, ովքեր, ի դեպ, քրեական վարույթով չէին էլ անցնում:

Մեր հրապարակումից կարճ ժամանակ անց ձերբակալվեց Գյումրիի ավագանու անդամ Երվանդ Խանամիրյանը, ապա հաջորդ օրը՝ նաև Օնիկ Կիրակոսյանը: Բայց այս պատմությունը, 168.am-ի տեղեկություններով, անսպասելի ընթացք ու շարունակություն է ստացել: Երեկ ազատ է արձակվել նաև առևանգման ու խոշտանգման մասնակից՝ Գյումրիի ավագանու անդամը: Խափանման միջոց է ընտրվել տնային կալանքն ու 2 միլիոն դրամ գրավը:

Իսկ հիմա՝ ուշադիր: Գյումրիի՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս եռյակից կալանավորվել է միայն Գյումրիի պոլիկլինիկաներից մեկի տնօրենի որդին՝ Օնիկ Կիրակոսյանը, ում անունը, ըստ Գյումրիում տարածված լուրերի, տուժած 50-ամյա տղամարդու առաջին ցուցմունքում առհասարակ չի եղել, իսկ երկրորդ ցուցմունքում տուժածը գրել է, որ Օնիկ Կիրակոսյանն իրեն ապտակել է:

«Այո՛, Օնիկ Կիրակոսյանն այդտեղ է եղել և մի բարի պտուղ էլ չէ, սակայն, եթե մարդուն ծեծող, վրան թքող, կրակող, տուժածի վրա սառը ջրի շիթ բաց թողնող, մարդուն շան բերանը տված Մարտուն Թորոյանը կալանավորված չէ, կալանավորված չէ նաև ծեծի անմիջական ակտիվ մասնակից, Գյումրու ավագանու անդամը, ինչո՞ւ են կալանավորել Օնիկ Կիրակոսյանին ու երկու ամսով ուղարկել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ»,- տարակուսեց մեր աղբյուրը:

Եվ մի ուշագրավ հանգամանք: ՔԿ հաղորդագրության մեջ նշված է, որ «35-ամյա տղամարդու նկատմամբ (Օ.Կ.) հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, և որոշում կայացվել՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ: Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»:

Մեր տեղեկություններով, սակայն, Օնիկ Կիրակոսյանին իրավապահները տարել են իրենց իսկ տանից, հետո կարճ ժամանակ անց կայացվել է նրան կալանավորելու որոշում: Եվ հետո՝ չմոռանանք, որ Մարտուն Թորոյանին էլ ձերբակալել են երկիրը լքելու պահին, սակայն նա չկալանավորվեց, երբ հանցագործության անմիջական կատարողն էր ըստ էության:

Ի դեպ, Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամները հաճախ են աչքի ընկնում իրենց հակաիրավական վարքագծով ու գրեթե միշտ՝ անպատիժ: Այսպես՝ մարտի 16-ին Գյումրու «Փարվանա» ռեստորանում ծեծկռտուք էր տեղի ունեցել հենց ՔՊ-ականների միջև: Գործը «ջրվել էր» բնականաբար, որ չմոռանանք, որ մարզի դատախազն է դատավոր Ժորա Չիչոյանի հայրը՝ Արմեն Չիչոյանը:

Ավելի վաղ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականը՝ Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամ Աղասի Մաթևոսյանը, կողոպտել էր ռուս զբոսաշրջիկների:

Հիմա փաստորեն մարզի դատախազությունն ու Քննչական կոմիտեն համատեղ փրկում են հերթական ՔՊ-ականին:

Իսկ թե ինչո՞ւ է որպես քավության նոխազ ընտրվել Օնիկ Կիրակոսյանը, պիտի ասի ինքը՝ Օնիկ Կիրակոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս