Համբարձում Մաթևոսյանի՝ ոստիկան ներկայացած ու ռուսներին կողոպտած ազգականի գրպանում հայտնաբերվել է կողոպտված գումարի զգալի մասը

Փետրվարի 4-ին 168.amմանրամասներ էր հրապարակել նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգականի՝ Աղասի Մաթևոսյանի մասնակցությամբ ռուս զբոսաշրջիկների նկատմամբ իրականացված կողոպուտի դեպքից: Վերջինս, ի դեպ, նաև Գյումրու ավագանու անդամ է:

Դեպքի մասին, հիշեցնենք, ավելի վաղ գրել էր «Առավոտը»:

«Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ՝ հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա»,- «Առավոտին» փոխանցել էին ՔԿ-ից:

168.am-ը դեպքի վերաբերյալ նոր տեղեկությունների է տիրապետում:

Կարդացեք նաև

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ռուս զբոսաշրջիկները զույգ են եղել՝ կին և տղամարդ: Գիշերը՝ 3:00-ի սահմաններում եկել են «Փարվանա» համալիր՝ համար վերցնելու: Համալիրը, սակայն, փակ է եղել, չեն կարողացել գիշերակացի համար սենյակ վարձել, դուրս են եկել մայրուղի: Հենց այդ պահին էլ հայտնվել են Աղասի Մաթևոսյանն ու նրա երեք ընկերները: Ներկայացել են որպես ոստիկաններ ու սկսել են խուզարկել ռուս զբոսաշրջիկներին: Նրանց մոտից տարել են 910 եվրո ու կնոջ և տղամարդու անձնագրերը: Պատճառաբանել են, թե՝ որ մենք գալիս ենք Ռուսաստան, դուք մեզ խուզարկում եք, նույն ընթացակարգն էլ այստեղ է: Կնոջ համար շատ կասկածելի է թվացել այն, որ ոստիկան ներկայացածները, հերիք չի, գումարն են տարել, մի հատ էլ իրենց անձնագրերն են վերցրել, ու լուսանկարել է ենթադրյալ կեղծ ոստիկանների ավտոմեքենան:

Կողոպտիչները, հասկանալով, որ չափն անցել են, հետ են եկել, որ անձնագրերը վերադարձնեն ռուսներին: Հենց սա է զույգին վերջնականապես համոզել, որ իրենց մոտեցել են ոչ թե ոստիկաններ, այլ սովորական կողոպտիչներ:

Ի դեպ, հատկանշական է, որ 910 եվրոյից 700 եվրոն եղել է Համբարձում Մաթևոսյանի հորեղբոր տղայի՝ Աղասի Մաթևոսյանի գրպանից:

Աղասի Մաթևոսյանի մասին 168.am-ը գրել էր դեռևս 2022թ. սեպտեմբերի 9-ին. ծավալուն հրապարակում էինք արել այն մասին, թե ինչպես է այն ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն իր ազգուտակին պաշտոններ նվիրում հարազատ Շիրակի մարզում:

Գրել էինք, որ իրենց ցանկացած թեկնածուին ամեն գնով Ախուրյանի թիվ 1 դպրոցի տնօրեն դարձնելու համար դպրոցի կառավարման խորհրդում մրցույթից առաջ ընդգրկվել էր նաև Համբարձում Մաթևոսյանի հոր հորեղբոր որդին՝ Աղասի Մաթևոսյանը, ում Գյումրիում շատ լավ են ճանաչում:

Մեր տեղեկություններով՝ վերջինս ընթացակարգային կոպտագույն խախտումներով էր դարձել կառավարման խորհրդի անդամ, և ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով այժմ արդեն նախարար է, հրահանգել էր փոխել կազմը, սակայն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանն այդ հրահանգին ընթացք չէր տվել:

Եվ այս մարդը, ով ոստիկան ներկայանալով՝ կողոպտել է մարդկանց, եղել է դպրոցի կառավարման խորհրդի անդամ է ու որոշել է՝ ով լինի դպրոցի տնօրեն:

Ի դեպ, Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ այս խայտառակ դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր 4 անձինք կալանավորված են:

Տեսանյութեր

Լրահոս