Կոնսենսուս +1
Հայաստանի հետ ներկայումս կատարվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ փորձագիտական, քաղաքական գնահատականներից շատերը հանգում են այն թեզին, որ Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման/Արցախը հանձնելու, «հաղորդուղիների ապաշրջափակում» գեղեցիկ անվանմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ ձևակերպմամբ միջանցքի տրամադրման և հակահայկական մյուս զարգացումների հարցում կա տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կոնսենսուս, որին տարբեր դրսևորումներով և տարբեր համամասնություններով մասնակից են գրեթե բոլորը՝ Ռուսաստանը, Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, անգամ Չինաստանն ու Հնդկաստանը։
Հատկապես վերջին ամիսներին տարածաշրջանում ընթացող ինտենսիվ գործընթացները, այդ թվում՝ Արցախի հետ կապված զարգացումները, այդ հարցում արևմտյան ու ռուսական հարթակների մրցավազքը ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքական կոնսենսուսի վերաբերյալ վերը նշված գնահատականները մոտ են իրականությանը։ Դա որքան էլ տհաճ, որքան էլ վտանգավոր լինի, այդուհանդերձ իրողություն է, որը կարող է պատահել աշխարհագրական ու աշխարհաքաղաքական զգայուն դիրք ունեցող ցանկացած պետության հետ։ Եվ պետք է ոչ թե հուսահատություն ու ողբերգություն ապրել դրանից, այլ աշխատել այդ իրողության հետ, աշխատել այդ իրողության պայմաններում Հայաստանի շահերից բխող առավելագույն լուծում գտնելու համար, որը որքան էլ բարդ, սակայն իրատեսական խնդիր է։
Բայց այս իրավիճակը Հայաստանի համար ողբերգական է ոչ թե նրանով, որ համաշխարհային բախտը երես է թեքել մեզանից, այլ, որովհետև հակահայկական այս կոնսենսուսը, բացի վերը թվարկված աշխարհաքաղաքական բևեռներից, ունի ևս մեկ մասնակից՝ ի դեմս Հայաստանի գործող իշխանության, ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Վերջինիս, իհարկե, հնարավոր չէ աշխարհաքաղաքական բևեռ համարել, քանի որ հայտնի հանգամանքների բերումով նա կարող է հավակնել լավագույն դեպքում՝ աշխարհագյուղական խաղացողի, բայց դրանից այդ կոնսենսուսում նրա մասնակցությունն ու Հայաստանին հասցված վնասի չափը չի նվազում։
Որևէ պետության դեմ աշխարհաքաղաքական կոնսենսուսը, իհարկե, լրջագույն մարտահրավեր է։ Բայց միանգամայն այլ է պարագան, երբ այդպիսի մարտահրավեր ունեցող երկիրն ունի իրապես պետական շահերով առաջնորդվող իշխանություն ու ղեկավար, որը մոբիլիզացնում է պետական, հանրային, մտավոր, նյութական բոլոր ռեսուրսները՝ աշխարհաքաղաքական այդ կոնսենսուսի դեմ պայքարելու համար։
Հասկանալի է, որ խոսքը համաշխարհային գերտերություններին հաղթելու մասին չէ, աշխարհաքաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում։ Տվյալ դեպքում ասվածը վերաբերում է պրոակտիվ արտաքին քաղաքականության, գերճկուն ու ադապտիվ դիվանագիտության միջոցով այդ կոնսենսուսում այնպիսի քաղաքականության վարմանը, որը հնարավորություն կտա հակամետ բևեռների, փոխբացառող հետաքրքրություններ ունեցող խաղացողների հետ աշխատել այնպես ու այնքան, որ Հայաստանի շահը գոնե մասամբ կբավարարվի այլոց շահերի հակակշռման միջոցով։ Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկիրը ղեկավարում է մարդ, ով աներկբայորեն առաջնորդվում է պետական շահերով և դրանց բավարարման համար պատրաստ է ցանկացած զոհաբերության։
Հայաստանի պարագան միանգամայն հակառակն է։ Երկիրը ղեկավարում է մարդ, ով ոչ թե փորձում է պայքարել հակահայկական աշխարհաքաղաքական կոնսենսուսի դեմ, այլ տեղավորվել է այդ կոնսենսուսում այնպես, որ ինքը դառնա դրա իրականացման տեղական գործակալը՝ պայմանով, որ այդ ծառայության դիմաց կվճարվի սեփական իշխանության պահպանմամբ։
Ո՞վ կլինի վճարողը՝ Ռուսաստա՞նը, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, Արևմո՞ւտքը, թե՞ բոլորը միասին, տարբեր համասնություններով, Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, չի հետաքրքրում։ Որովհետև ցանկացած հետաքրքրության հիմքում դրված է շահը։ Եվ եթե նա առաջնորդվում է ոչ թե պետական շահով, այլ իր իշխանության պահպանման հոգսով, երկրորդական է, թե ով կլուծի այդ խնդիրը։
Տեղի ունեցողի ողբերգականությունն այն է նաև, որ այս իրավիճակը հնարավոր է դարձել, այդ թվում՝ հայկական ներքաղաքական կյանքի մոլորությունների ու տապալված նպատակադրումների պատճառով։
Մինչ 44-օրյա պատերազմից հետո հայկական ընդդիմադիր բոմոնդը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար հռչակում էր «կոնսենսուս-1» կարգախոսը, վերջինս կարողացավ աշխարհաքաղաքական այդ ավանտյուրայում դիրքավորվել այնպես, որ Հայաստանի կործանումը վաղուց ընթանում է «կոնսենսուս +1» ձևաչափով։
Հարություն Ավետիսյան