Օղակը սեղմվում է
Մինչ հայտնի պատճառներով Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճեր է գրանցում, տեղական բազմաթիվ ապրանքների արտադրությունը կրճատվում է։ Արտադրությունը կրճատվում է, բայց որքան էլ տարօրինակ լինի, արտահանումներն ավելանում են։
Պաշտոնական տվյալներով՝ մեքենաների և սարքավորումների արտահանումը Հայաստանից այս տարվա սկզբին ավելացել է գրեթե 17 անգամով։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանում այդ ապրանքների արտադրության բում է տեղի ունեցել, ինչի արդյունքում արտահանման ծավալները հսկայական տեմպերով աճել են։ Բացում ենք պաշտոնական վիճակագրությունն ու տեսնում, որ մեքենաների ու սարքավորումների արտադրությունը նույնիսկ կրճատվել է, այն էլ՝ գրեթե կիսով չափ։
Այս տարի Հայաստանում արտադրվել են ընդամենը 2,4 մլրդ դրամի կամ 6 մլն դոլարի մեքենաներ ու սարքավորումները։
Այնինչ՝ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել են շուրջ 271 մլն դոլարի մեքենաներ ու սարքավորումներ։ Նախորդ տարի արտահանվել էին ընդամենը 16 մլն դոլարի այդպիսի ապրանքներ։
6 միլիոն դոլարի մեքենաներ ու սարքավորումներ արտադրել ենք, 271 միլիոնի՝ արտահանել։ 265 միլիոնով արտահանումը գերազանցել է արտադրությանը։
Որտեղի՞ց ենք արտահանել, եթե չենք արտադրել։ Պարզ է, ներմուծել ենք այլ երկրներից ու արտահանել։ Դրա համար էլ այդ ապրանքների ներմուծումը գրեթե եռապատկվել է։
Այսպես են Հայաստանից արտահանումներն անգամներով ավելացել։ Բայց դա տեղի է ունեցել բազմաթիվ ապրանքների ներքին արտադրության կրճատման պայմաններում։
Մեքենաների ու սարքավորումների արտադրությունն այս տարվա առաջին եռամսյակում կրճատվել է 49,3 տոկոսով։ Եվ դա բոլորովին զարմանալի չէ։ Այնպիսի պայմաններ են ստեղծել, որ ներքին արտադրությունը մեռնում է։ Մի կողմից՝ այնքան են արժևորել դրամը, որ ներքին արտադրությունը կորցրել է մրցունակությունը, մյուս կողմից՝ ոչինչ չեն անում տեղական արտադրողին ինչ-որ կերպ աջակցելու ու օժանդակելու համար։
Միայն մեքենաներն ու սարքավորումները չեն, որոնց արտադրությունը տարեսկզբին կրճատվել է, այն էլ՝ այդպիսի մեծ տեմպով։
Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների արտադրությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 40 տոկոսով, էլեկտրական սարքավորումներինը՝ 26 տոկոսով։
Նվազել է նաև սննդամթերքի արտադրությունը։ Ալյուրի արտադրությունը կրճատվել է 15 տոկոսով։
Նույնիսկ հացի արտադրությունն է կրճատվել։ Եվ դա տեղի է ունեցել մի իրավիճակում, երբ նախորդ տարվա համեմատ՝ էապես ավելացել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը։ Տասնյակ-հազարավոր Ռուսաստանի քաղաքացիներ են երկարաժամկետ բնակություն հաստատել Հայաստանում։
Ու անգամ այսպիսի մեծաքանակ հոսքերի պարագայում հացի արտադրության ծավալները կրճատվել են։
Կրճատվել է մակարոնեղենի և համանման այլ ապրանքների, շոկոլադի ու հրուշակեղենի, մսամթերքի ու երշիկեղենի արտադրությունը։
Կերակրի աղի արտադրությունը նվազել է գրեթե 35 տոկոսով։ Նվազել է ոչ թե այն պատճառով, որ սպառողները սկսել են ավելի քիչ աղ օգտագործել, այլ, որովհետև ներմուծումն է ավելի շահավետ դարձել ու շուկայից դուրս է մղում տեղական արտադրողին։
Կոնյակի արտադրությունն է կրճատվել գրեթե 14 տոկոսով։ Ու քանի որ կոնյակի արտադրությունն ուղղակիորեն կապված է արտահանման շուկաների հետ, նշանակում է՝ հայկական կոնյակը խնդիրներ ունի արտաքին շուկաներում։ Խնդիրներն առաջին հերթին պայմանավորված են դրամի արժևորմամբ, որը թուլացրել է նաև կոնյակի մրցունակությունն արտաքին շուկաներում։
Առաջին հայացքից ավելացել է ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը։ Հանրագումարը կազմել է 33,4 մլրդ դրամ, աճը՝ 17 տոկոս։ Թվում է՝ վատ արդյունք չէ, բայց, երբ համեմատում ենք 3 տարի առաջվա հետ, տեսնում ենք, որ նույնիսկ նվազում ունենք, և ծխախոտի արտադրատեսակների արտադրությունը դեռևս չի հասել նույնիսկ նախաճգնաժամային մակարդակին, բավական հետ է մնում։ Ճգնաժամի հետևանքները դեռևս ամբողջությամբ չեն հաղթահարվել։
2020թ. առաջին եռամսյակում Հայաստանում ծխախոտի արտադրատեսակների արտադրությունը կազմել էր գրեթե 38 մլրդ դրամ։ Դրան նախորդած տարում նույնիսկ անցնում էր 40 միլիարդից։ Այս տարի եղել է 33,4 միլիարդ, ու չնայած 17 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, այնուհանդերձ, դեռևս չի հասել նախաճգնաժամային մակարդակին։
Եթե 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել էր 7,7 միլիարդ, ապա այս տարի արտադրվել է շուրջ 6,9 մլրդ հատ սիգարետ։ Ավելի քիչ, քան 4 տարի առաջ։
Սա միայն սիգարետին չի վերաբերում, նաև ոսկերչական արտադրատեսակներին։
Այս տարի ոսկերչական արտադրատեսակների արտադրության բարձր աճ ունենք. արտադրության ծավալները նախորդ տարվանից 70 տոկոսով ավելի են՝ 15,4 միլիարդի ապրանք է արտադրվել։ Բայց այն ավելի քիչ է, քան արտադրվել էր 2020թ. առաջին եռամսյակում։ Այն ժամանակ ոսկերչական ապրանքների արտադրությունը կազմել է 22,7 մլրդ դրամ՝ 32 տոկոսով ավելի շատ, քան արտադրվել է այս տարվա ընթացքում։
Տեղական արտադրության որոշ հատվածներում նախորդ տարվա համեմատ գուցե աճեր կան, բայց ինչպես տեսնում ենք, արտադրության ծավալները երբեմն շատ ավելի քիչ են, քան 3-4 տարի առաջ։ Պատճառները տարբեր են, սակայն խնդիրները հիմնականում նույնն են։ Տեղական արտադրության կազմակերպման համար նպաստավոր պայմաններ չկան։
Միայն ազգային արժույթի ամրապնդումը բավական է, որպեսզի տեղական արտադրողը խնդիրներ ունենա իրացման առումով։ Դա է հիմնական պատճառներից մեկը, որ տեղական որոշ արտադրատեսակներ աստիճանաբար փոխարինվում են ներմուծումներով։ Ավելի նպատակահարմար է դարձել ներմուծել ու իրացնելը, քան տեղում արտադրություն կազմակերպելը։ Առավել ևս, որ տեղական արտադրողը նման իրավիճակներում ոչ մի օժանդակություն չի ստանում կառավարության կողմից։
Մեկ տարուց ավելի է, ինչ դրամի գրեթե 25 տոկոսանոց արժևորման հետևանքով տեղական արտադրողը բախվել է իրացման, երբեմն՝ անհաղթահարելի, խոչընդոտների հետ, բայց կառավարությունը մատը մատին չի խփում նրանց ինչ-որ կերպ օգնելու և օժանդակելու համար։ Փոխարենը՝ ապրանք արտադրողներին օգնեին, ծառայություններ մատուցող ՏՏ ոլորտի ընկերություններին մի քանի միլիարդ դրամի օժանդակություն տրամադրեցին։ Այն դեպքում, երբ ՏՏ-ները, դրամի ամրապնդման պայմաններում, շատ ավելի լավ վիճակում են գտնվում ու մանևրելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան բազմաթիվ ապրանք արտադրողներ։ Այսքանից հետո զարմանալի չէ, որ Հայաստանում նոր արտադրություններ գրեթե չեն բացվում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ