«Արցախում չկա ընկճվածություն. մեր որոշումը վերջնական է և բեկանելի չէ». Հակոբ Հակոբյան
«2018թ. բազմաթիվ գործիչներ, քաղաքական ուժեր ահազանգել են, որ այն ուժը, որն իշխանության եկավ ՀՀ-ում, եկել է Արցախը հանձնելու մտադրությամբ: Բազմաթիվ գործողություններ և միջոցառումներ չկարողացան և մինչև օրս էլ չեն կարողանում կանգնեցնել այդ իշխանության գործունեությունը: Փաշինյանն իր վարչախմբի հետ համակարգված կերպով Արցախը հանձնում է Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:
«Այս ամենի գլուխգործոցն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն էր՝ հատուկ նշելով 86.6 հազար քառակուսի կիլոմետրը, որով նա ուղղակի ասում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Որքան ճնշումը մեծանում է Արցախում ապրող բնակիչների վրա, այնքան մեծանում է այն հակազդեցությունը, որ Արցախը երբեք չի ենթարկվելու նման որոշումներին, որքան էլ դա ուզենա Նիկոլ Փաշինյանը: Արցախում ոչ թե տեսնում ենք ընկճվածություն, այլ ավելի կամային հատկանիշների դրսևորում, որ մեր որոշումը վերջնական է և բեկանելի չէ»,- շեշտեց նա:
Հակոբ Հակոբյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Արցախը և ցանկանում է դա գեղեցիկ փաթեթավորել, արցախցուն համոզել, որ կարող է լինել Ադրբեջանի կազմում, բայց ունենալ, ասենք՝ լեզվի, կրոնի, բարեկեցիկ ապրելու իրավունք. «Արցախցին բազմիցս ցույց է տվել, որ ընդհակառակը՝ պատրաստ է իր բարեկեցությունը զոհել՝ Արցախը հայկական և հայրենիքի մի մաս պահելու համար: 30 տարի շարունակ հայկական երկու պետությունները իրար հետ համագործակցելով՝ փորձել են ներկայանալ միջազգային հարթակներում: 2020թ. պատերազմից հետո, երբ Արցախը գրեթե կորցրեց իր անվտանգության համակարգը, իր տարածքների 75 տոկոսը, հանկարծ Փաշինյանն ու Ալիևը սկսեցին խոսել Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություններից. Դա նույնպես Փաշինյանի պարտվողական, Արցախի հանձնելուն միտված գործողությունների մի փաստ է, որն Արցախում բոլորը շատ լավ հասկանում են և արձանագրել են»:
Նա շեշտեց՝ Ադրբեջանի իշխանությունների հետ Արցախը կարող է երկխոսել միայն Արցախի Հանրապետության ճանաչման, կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի շուրջ:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում