Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հայաստանից, բայց դա՝ որպես իրավիճակի զարգացման հնարավոր սցենար, դիտարկվում է․ Սիլաև
«ՌԴ-ն Հարավային Կովկասում շատ տեղերից է հեռացել, ու դա ՌԴ-ի համար հետևանք չի ունեցել»,- այս մասին «Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքի մարտահրավերներն ու հեռանկարները» վերտառությամբ քննարկման ժամանակ ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Նիկոլայ Սիլաևը։
Ի պատասխան քննարկման մասնակից Արման Աբովյանի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում եվրասիական վեկտորի թուլացումը Հյուսիսային Կովկասում չի հանգեցնի գետնի վրա սպառնալիքների Ռուսաստանի համար, Նիկոլայ Սիլաևն ասաց, թե ենթադրում է, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում չափազանց շատ է ուսումնասիրել Հյուսիսային Կովկասը, այդ ռեգիոնում ՌԴ դիմացկունությունը դրսից թերագնահատվում է։
«Մենք ժամանակին Հարավային Կովկասում շատ տեղերից ենք հեռացել, մենք հեռացել ենք Գաբալայից, Ախալքալաքից, Բաթումից, արդյո՞ք դա ՌԴ անվտանգությունը որակապես վատթարացրել է, ո՛չ։ Տարածաշրջանը մեզ համար կարևոր է և, իհարկե, անվտանգության տեսանկյունից մեզ համար հուսալի է, որ մեր ներկայությունն այստեղ պահպանվի։ Բայց նույնիսկ Հայաստանից հեռացումը Ռուսաստանի համար հետևանքներ չի ունենա Հյուսիսային Կովկասում և ՌԴ անվտանգության համար, կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանը մտադիր է մնալ Հայաստանում, Ռուսաստանը մտադրված է ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը, մենք որևէ տեղ չենք պատրաստվում հեռանալ, սակայն ես խոսում եմ, որ կան սցենարներ, որոնցից մեկը հենց հեռանալն է, և դա Ռուսաստանում՝ որպես իրավիճակի զարգացման սցենար, դիտարկվում է»,- ասաց Սիլաևը։