Բաժիններ՝

Խաչատրյանի մրցույթը՝ Հայաստանը դասական երաժշտության քարտեզի վրա տեսանելի դարձնելու առիթ. 19-րդ մրցույթը կհյուրընկալի 22 դաշնակահարի

Տասնինը տարի շարունակ Խաչատրյանի անվան մրցույթը Հայաստան է բերում տաղանդավոր երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից, նրանց համախմբում մեծանուն կոմպոզիտորի անվան ու երաժշտության շուրջ՝ հանրահռչակելով թե՛ Արամ Խաչատրյանին, թե՛ հայ մշակույթը:

19-րդ մրցույթը կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը պատմում է՝ մեծ թվով դիմորդներ են եղել. նախընտրական լսումներն ավարտվել են, ինչի արդյունքում յոթ երկրից 22 դաշնակահար է ընտրվել մրցույթին մասնակցելու համար:

Այն կանցկացվի երեք փուլով: Երկրորդ, երրորդ փուլերում մասնակիցները, որոնք Ֆրանսիայից են, Գերմանիայից, Բելգիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Կորեայից, Հայաստանից և Ռուսաստանից, կատարելու են Խաչատրյանի ստեղծագործությունները:

«Մրցույթն ունի լայն աշխարհագրություն, բայց վերջին տարիներին հատկապես ասիական երկրներում մեծ հետաքրքրություն կա Արամ Խաչատրյանի երաժշտության նկատմամբ: Այդ են վկայում Ճապոնիայի, Չինաստանի, Կորեայի հայտնի բեմերում նրա ստեղծագործությունների կատարումները: Հաշվի առնելով մեր և այդ երկրների միջև հեռավորությունը՝ այդ փաստը ոգևորիչ է»,-նշում է Թովմասյանը:

Նա հավաստիացնում է՝ Խաչատրյանի մրցույթը ծառայում է իր նպատակին ու նպաստում է կոմպոզիտորի ստեղծագործությունների տարածմանը: Կազմակերպիչները հետևում են մրցույթի մասնակիցների, հաղթողների հաջողություններին, որոնք իրենց կենսագրության մեջ պարտադիր շեշտում են իրենց մասնակցությունն ու հաղթանակը Խաչատրյանի միջազգային մրցույթում:

«Հաղթողներից թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և այլք տարբեր հարթակներում կատարում են կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նրա գործերի կատարումը մրցույթի շատ հաղթողների երաժշտական կարիերայի անբաժան մասն է դառնում»,-շեշտում է Թովմասյանը:

Մրցույթը 19 տարվա հարուստ պատմություն ունի և այդ տարիների ընթացքում երաժշտասրվեստին է տվել շատ նոր անուններ և այդ անունները կապել է Հայաստանի հետ: Մրցույթը երիտասարդ կատարողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ հայ կոմպոզիտորական, կատարողական արվեստին և տեսանելի դարձնել Հայաստանը դասական երաժշտության քարտեզի վրա:

Խաչատրյանի մրցույթը հետաքրքրել է ֆրանսիական հեղինակավոր Mezzo Tv հեռուստաալիքին: «Մրցույթի հաղթողների կատարումները ցուցադրվելու են այդ ալիքի եթերում: Ցուցադրվելու են նաև չինական Music Today հարթակում, առցանց հեռարձակվելու են Խաչատրյանի մրցույթի պաշտոնական կայքէջով: Կարևոր ու պարտադիր պայման է, որ մրցույթը թափանցիկ լինի, և լայն զանգվածները կարողանան հետևել մրցույթին»,-ընդգծում է Թովմասյանը:

Մրցույթի ժյուրիի նախագահը դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Սարաջյանն է, ժյուրիի կազմում են պրոֆեսոր Պավել Գիրիլովը, որը ներկայացնում է Ավստրիան և Գերմանիան, դաշնակահար Վահագ Պապյանը, որը ներկայացնում է Հայաստանն ու Իսրայելը, Կանադայից Ստեֆան Լեմելինը, Սիաոհան Վանը, որը ներկայացնում է Չինաստանը, Օքսանա Յաբլոնսկայան՝ ԱՄՆ-ից և Սիաոհան Կոնը՝ Չինաստանից:

Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կլինեն նաև հատուկ մրցանակներ:

Մարտին Թովմասյանը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որ տարիներ շարունակ մրցույթի կողքին է եղել: «Հավատացնում եմ, որ նմանօրինակ միջոցառումներին պետական աջակցությունը մեծ անհրաժեշտություն է: Մենք ունենք նաև մասնավոր հատվածի օժանդակության կարիքը և հուսով ենք, որ Հայաստանում տարեցտարի կմեծանա մասնավոր հատվածի՝ մշակույթի կողքին կանգնելու պատրաստակամությունը: Իսկ հաջորդ տարի կլինի 20-րդ հոբելյանական մրցույթը, և մենք մեծ ուրախությամբ ու սիրով ենք այն կազմակերպում, որովհետև մշակութային դիվանագիտությունը, մշակութային քաղաքականությունը Հայաստանի նման փոքր երկրի համար, որը հարուստ մշակույթ ունի, շատ լավ զենք ու գործիք են Հայաստանն աշխարհին ներկայացնելու, Արամ Խաչատրյանի երաժշտությունը հանրահռչակելու ու տաղանդների անունները մեր երկրի հետ կապելու համար»,-հավաստիացնում է հիմնադրամի տնօրենը: Նա հիշեցնում է, որ 2023-ին նշվում է Խաչատրյանի 120-ամյակը, իսկ հաջորդ տարի տոնելու են մրցույթի 20-ամյակը: Մեծ պատասխանատվությամբ են պատրաստվելու նաև հոբելյանական մրցույթին:

19-րդ մրցույթը կեզրափակվի մայիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս